Ընտանեկան օրենսգրքում կատարված և 18.01.2018թ. ուժի մեջ մտած փոփոխություններով առանձնակի կարևորություն է տրվել երեխային առնչվող առանցքային հարցերում վերջինիս կարծիքը լսելու հարցին: Եթե մինչ այդ նախատեսվում էր լսել միայն տասը տարին լրացած երեխայի կարծիքը, ապա կատարված փոփոխություններով երեխայի կարծիքն արտահայտելու տարիքային հիշյալ սահմանափակումը վերացել է:

Բանն այն է, որ կարծիքն արտահայտելու իրավունքի իրացումը որոշակի տարիքով պայմանավորելու նախկին կարգավորումները հակասում էին «Երեխայի իրավունքների մասին» 1989թ. ՄԱԿ-ի Կոնվենցիային: Հիշյալ փաստաթղթում քննարկվող իրավունքի իրացումը պայմանավորվում է ոչ թե որոշակի տարիքի հասած լինելու հանգամանքով, այլ հայացքներ ձևավորելու նրա ընդունակությամբ: Եվ քանի որ իր շահերին առնչվող այս կամ այն հարցի, երևույթի կամ անձի վերաբերյալ երեխան կարող է ունենալ վերաբերմունք և այն անգամ ոչ բանավոր խոսքի միջոցով (պատկերներ, ժեստեր և այլն) արտահայտելու կարողություն, ուստի ի տարբերություն ազգային օրենսդրությամբ ամրագրված «կարծիք» եզրույթի՝ քննարկվող միջազգային փաստաթղթում օգտագործվում է «հայացքներ» եզրույթը:
Վերադառնալով ազգային օրենսդրության կարգավորումներին, նշենք, որ սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքն ամրագրված է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածով և կատարված փոփոխությունների արդյունքում դրանում տեղ գտած իրավանորմն ունի հետևյալ ձևակերպումը. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։ Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
Երեխայի տարիքով պայմանավորված նրա կարծիքը հաշվի առնելու պահանջ նախատեսող իրավանորմերը նախատեսված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 121-րդ հոդվածով, 123-րդ հոդվածի 6-րդ մասով, 132-րդ հոդվածով:

Ըստ այդմ՝ տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է երեխայի խղճի ազատությանը, որոշակի միջոցառումներին մասնակցելուն, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելուն, ծնողներից որևէ մեկի հետ ապրելուն, հարազատների հետ շփվելուն, անունը փոխելուն, նրան որդեգրելուն, իսկ որդեգրված լինելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը կամ հայրանունը փոփոխելուն առնչվող հարցերում:
Ինչպես վկայում են իրավակարգավորումներում կատարված փոփոխությունները՝ օրենսդիրը վերացնելով կարծիքն արտահայտելու հարցում տարիքային սահմանափակումը, այնուամենայնիվ, ամրագրել է իրավական տարբերակված հետևանքներ տասը տարին լրացած երեխաների դեպքում: Տասը տարին լրացած երեխայի կարծիքը բոլոր դեպքերում դրվում է երեխայի շահերին առնչվող որոշման հիմքում, պայմանով, իհարկե, որ այն չհակասի վերջինիս լավագույն շահերին: Ինչ վերաբերում է տասը տարին չլրացած երեխայի հայտնած կարծիքին, ապա այն կրում է ֆակուլտատիվ բնույթ և այն որոշում կայացնողի կողմից գնահատվում է ուշադրության արժանի այլ հանգամանքների հետ ամբողջության մեջ:
Իսկ թե մինչև տասը տարեկան որ երեխաների կարծիքը պետք է լինի լսելի՝ շարունակում է մնալ խնդրահարույց:
Հատկանշական է, որ ազգային օրենսդրությամբ ամրագրված «ունկնդիր լինել», «կարծիք արտահայտել» ձևակերպումներից կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը կարծիքն արտահայտելու իրավունքն, այնուամենայնիվ, վերապահել է ֆիզոլոգիական որոշակի զարգացվածության հասած երեխաներին:
Արտահայտվելու իրավունքն իրացնելու հարցում բավարար հասունության գնահատման հարցում, մինչդեռ, իստ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները:
Այսպես, օրեր առաջ ՄԻԵԴ-ը քննել է Պետրովն ու X-ն ընդդեմ Ռուսաստանի գործը (CASE OF PETROV AND X v. RUSSIA), որով երեխային չլսելու ազգային դատարանների գործելակերպը դիտարկել է ոչ իրավաչափ: Բանն այն է, որ մանկահասակ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջով վեճը քննելիս Ռուսաստանի Դաշնության ազգային դատարանները միջոցներ չէին ձեռնարկելու ապահովելու երեխայի արտահայտման իրավունքի իրացումը՝ ելնելով այն հանգամանքից, որ գործի քննության ժամանակ երեխան եղել է ընդամենը երկու տարեկան: Հատկանշական է, որ երեխային դատարանում չլսելու ազգային դատարանների գործելակերպը Պատասխանող Կառավարությունը հիմնավորել էր երեխայի տարիքով և նրան հարցեր ուղղելու տրամաբանական անհնարինությամբ: Բացի այդ՝ իր փաստարկներում վերջինս նշել էր Սահինն ընդդեմ Գերմանիայի գործը (CASE OF SAHIN v. GERMANY) և վկայակոչել այն հանգամանքը, ըստ որի՝ տվյալ գործով ևս ազգային դատարաններում երեխան չէր լսվել, ինչպիսի հանգամանքը, սակայն, Եվրոպական դատարանը համարել էր իրավաչափ:
Անդրադառնալով Կառավարության փաստարկներին, Եվրոպական դատարանը, մինչդեռ, նշել էր, որ Սահինն ընդդեմ Գերմանիայի գործով Դատարանը հանգել է նման եզրահանգման հիմք ընդունելով երեխայի տարիքն ու ոչ բավարար հասունությունը, իսկ նման եզրահանգում կատարելու համար հիմք էր ծառայել գործում առկա փորձագետի եզրակացությունը: Հատկանշական է, որ փորձագետը հիշյալ գործով միջոցներ էր ձեռնարկել տեսակցության համար հավակնող հոր մասին երեխայի վերաբերմունքը ճշտելու ուղղությամբ, ինչն իրականացրել էր լուսանկարների և դրան տրված արձագանքների միջոցով:
Պետրովն ու X-ն ընդդեմ Ռուսաստանի գործով, մինչդեռ, Դատարանն արձանագրել է, որ ազգային դատարանները թերացել էին պարզել գործի լուծման համար նշանակություն ունեցող այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին երեխայի վերաբերմունքն է ծնողներից յուրաքանչյուրի հանդեպ: Բացի այդ՝ գործով բացակայել է ապացույց, որը կհաստատեր դատարանում երեխային լսելու անհնարինությունը կամ աննպատակահարմարությունը: Այս և այլ հանգամանքների հաշվի առնմամբ՝ ՄԻԵԴ-ը /ի դեմս Պալատի/, արձանագրել էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում:
Այսպիսով, ըստ ՄԻԵԴ ձևավորած պրակտիկայի՝ սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողության մասին դատողությունների հիմքում ոչ թե պետք է լինեն որոշում կայացնողի ենթադրությունները կամ տրամաբանական եզրահանգումները, այլ համապատասխան մեթոդների կիրառմամբ աշխատող մասնագետների կարծիքը: Այլ կերպ՝ յուրաքաչյուր դեպքում, անկախ երեխայի տարիքից, համապատասխան մասնագետի ներգրավմամբ պետք է ապահովվի երեխայի արտահայտման իրավունքի իրացումը, ինչն էլ հնարավորություն կտա եզրահանգել դատական կամ վարչական մարմինների առաջ նրան լսելու նպատակահարմարությունը կամ հնարավորությունը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital