Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնելիս դատարանները առանձին դեպքերում կրում են վեճն օտարերկրյա իրավունքի նորմերի կիրառմամբ լուծելու պարտավորություն:
Նման անհրաժեշտությունը ծագում է, մասնավորապես, օտարերկրյա տարրով ծանրաբեռնված իրավահարաբերություններով վեճեր քննելիս: Հատկանշական է, որ օտարերկրյա նորմերի կիրառումը դատարանների համար եղել և շարունակում է մնալ խնդրահարույց:

Նման նորմերի կիրառման հետ կապված հիմնական բարդութունը կայանում է նրանում, որ դրանց բովանդակությունը դատարանների համար լինում է նոր, դեռևս չպարզված, հետևաբար՝ լրացուցիչ գործընթացներ ենթադրող: Բացի այդ՝ օրենսդիրը սահմանել է նորմի բովանդակությունը պարզելու խիստ ու շատ դեպքերում անիրականալի չափանիշներ: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը օտարերկրյա նորմի բովանդակության պարզումը հնարավոր է համարում բացառապես համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

Օտարերկրյա նորմը պաշտոնական մեկնաբանություններով պարզելու պահանջը, մինչդեռ, գործնականում առաջացնում է մի շարք խնդիրներ: Նախ՝ առանձին երկրներում բացակայում է իրավասու մարմին, որը պաշտոնապես իրականացնում է իրավական նորմերի պաշտոնական մեկնաբանություն, և հետո՝ բացառապես պաշտոնական մեկնաբանությունների ներքո նորմը մեկնաբանելու պահանջն անտեսում է դրա մեկնաբանման այնպիսի աղբյուրներ, ինչպիսին, օրինակ, մի շարք երկրներում իրավունքի կարևորագույն աղբյուր հանդիսացող դոկտրինան է (մեկնաբանություններ, որոնց հիմքում իրավաբան-գիտնականների վերլուծություններն են):
Հատկանշական է, որ օտարերկրյա նորմը պարզելու առավել ընդունելի կարգավորում է նախատեսում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որը նորմի բովանդակության պարզումը հնարավոր է համարում առանց դրան տրված պաշտոնական մեկնաբանության:
Ինչպես տեսնում ենք, գործող օրենսդրությունը պարունակում է օտարերկրյա նորմերի բովանդակությունը պարզելու հարցում ոչ նույնաբովանդակ կարգավորումներ: Կարգավորիչ նորմերի ընտրության հարցում, սակայն, անհրաժեշտ է ղեկավարվել 07.04.2018թ. ընդունված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով: Քանիի որ տարբեր կարգավորումներ պարունակող երկու նորմերն էլ տեղ են գտել հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում և քննարկվող երկու նորմերն էլ ընդհանուր նորմերն են, ուստի նման պայմաններում կիրառելի է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմը:

Այսպես, օտարերկրյա իրավունքի նորմի մեկնաբանությունը պաշտոնական լինելու պահանջ չամրագրող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2018թ.-ի ապրիլի 9-ին, մինչդեռ նման պահանջ ամրագրող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.1999թ.-ին: Հետևաբար՝ «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի ուժով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված նորմը, ինչը հաճախ գործընթացը դարձնում է անիրականանալի:
Թեև օտարերկրյա նորմի բովանդակությունը պարզելու հարցում դատարանը միայնակ չէ և վերջինիս սահմանված կարգով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության և արտասահմանի իրավասու մարմինների աջակցությանը, այնուամենայնիվ, սա ևս չի երաշխավորում օտարերկրյա նորմի բովանդակությունը պարզելու լիարժեք հնարավորություն: Բանն այն է, որ զգալի թվով երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը չունի իրավական փոխօգնության շուրջ համաձայնություն, ինչպիսի պայմաններում օտարերկրյա նորմի բովանդակության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը օտարերկրյա իրավասու մարմինների համար ոչ այլ ինչ է, քան բարի կամքի դրսևորում:
Օրենսդիրը, օտարերկրյա նորմի բովանդակության պարզումը հնարավոր է համարում նաև դատավարությունում համապատասխան մասնագետներ ներգրավելու միջոցով: Հատկանշական է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այս մասով ևս դրական փոփոխություն չի նախատեսում: Օրենսգիրքը մասնագետին բնութագրում է որպես տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար: Նման ձևակերպումից կարող ենք ենթադրել, որ օտարերկրյա իրավունքի նորմի պարզման նպատակով որպես մասնագետներ կարող են հանդես գալ ինչպես պրակտիկ իրավաբանները և գիտնական-իրավաբանները, այնպես էլ առանձին ոլորտի մասնագետները, ովքեր տեղեկացված են տվյալ ոլորտը (օրինակ՝ հարկային, մաքսային) կարգավորող օտարերկրյա իրավունքի նորմերին բովանդակությունից: Հատկանշական է, որ ի տարբերություն նախկին դատավարական կարգավորումների, նոր օրենսգիրքը փորձագետի կողմից դատավարությանը մասնակցելը հնարավոր է համարում դատական նիստին բացատրություններ տալու միջոցով՝ առանց գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի շուրջ նախնական հետազոտությունների իրականացման: Սա նշանակում է, որ ի տարբերություն նախկին կարգավորումների, օտարերկրյա նորմի բովանդակությունից քաջատեղյակ մասնագետը դատավարությունում ներգրավվելիս ոչ թե կարող է անհրաժեշտ տեղեկությունները փոխանցել գրավոր փաստաթղթի միջոցով (ինչը օտարերկրյա փորձագետի պարագայում կլիներ առավել դյուրին կազմակերպելի), այլ դրանք հայտնել դատական նիստին:
Նման դեպքերում շահագրգիռ կողմն, իհարկե, կարող է դատարանին միջնորդել մասնագետի հարցաքննությունն իրականացնել տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչը ևս քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորամուծություններից է:
Այսպիսով, այն դեպքում, երբ բացակայում է իրավական փոխօգնության միջոցով օտարերկրյա իրավունքի նորմը բացահայտելու հնարավորությունը, համապատասխան փորձագետի ներգրավմամբ գործընթացի կազմակերպումը, թերևս, թվում է ամենահավանականը:
Վերջում հավելենք, որ ձեռնարկված ժամանակատար միջոցների արդյունքում օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը ողջամիտ ժամկետներում չպարզվելու դեպքում, Դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital