Քննության առնելով Զեզեվն ընդդեմ Ռուսաստանի գործը (CASE OF ZEZEV v. RUSSIA, Application no. 47781/10), 2018 թվականի հունիսի 12-ին կայացրած որոշմամբ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Դատարան) ընդգծել է անձի դեմ կայացվող որոշումների հիմնավորվածությունը պարզելու հնարավորություն ընձեռող ազգային արդյունավետ ընթացակարգեր ունենալու կարևորությունը:

Քննարկվող գործի փաստերի համաձայն՝ Դիմումատուն, ում կինն ու երեխան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին, դիմել էր Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին՝ պարզեցված կարգով քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով: Վերջինիս դիմումը, սակայն, մերժվել էր Ռուսաստանի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու հիմնավորմամբ:
Արդյունքում, դիմումատուի նկատմամբ կայացվել է երկրից վտարելու մասին որոշում: Նպատակ ունենալով պարզել մերժման հիմքում դրված հանգամանքները, դիմումատուն նախաձեռնել էր իր դեմ կայացված որոշումը վիճարկելու գործընթացներ:
Հատկանշական է, որ երկրի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու եզրահանգման հիմքում դրված հանգամանքների գոյությունը, ոչ միայն քննության առարկա չէին դարձվել դատարանների կողմից, այլև, համարվելով պետական գաղտնիք, դիմումատուի համար այդպես էլ չէին բացահայտվել:
Նման պայմաններում երկրից վտարելու մասին որոշումը, դիմումատուն դիտարկել էր որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածով երաշխավորվող՝ իր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտում, քանի որ կայացված որոշումը բաժանում էր իրեն իր ընտանիքի անդամներից:
Այսպես, համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր ոք ունի իր ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն բացառիկ դեպքերը, երբ կոնվենցիայի անդամ-երկրների պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի անարգել իրացմանը, կարող է համարվել թույլատրելի:
Դրանք այն դեպքերն են, որբ նման միջամտությունն ամրագրված է օրենքով և  անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
Քննարկվող գործի փաստական հանգամանքները գնահատելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում՝ դատարանը եզրահանգել էր, որ թեև Կոնվենցիան չի երաշխավորում օտարերկրացու՝ որևէ երկիր մուտք գործելու կամ բնակություն հաստատելու իրավունքը, այնուամենայնիվ դրանց դեմ իրավասու մարմինների որոշումները պետք է լինեն օրենքին համապատասխան, անհրաժեշտ ժողովրդական հասարակությունում և հետապնդեն լեգիտիմ նպատակ:
Երբ հարցը վերաբերում է միգրացիային, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես ամուսնացած զույգերի կողմից որևէ երկրում բնակության վայր ընտրելու ազատություն կամ որևէ երկրի տարածքում ընտանիքի միավորումն ապահովելու՝ անդամ-երկրի համար ընդհանուր պարտավորություն: Այնուամենայնիվ, որևէ երկրից անձին հեռացնելը, ուր բնակվում են վերջինիս ընտանիքի մոտ անդամները, կարող է տեղավորվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորվող ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի սահմաններում:
Դատարանը նաև նշել է, որ բոլոր այն դեպքերում, ուր քննարկվում է տվյալ երկրի քաղաքացիություն չունեցող ծնողի վտարման հարցը, որը կարող է ուղղակիորեն առնչվել երեխայի շահերի հետ, նման որոշում կայացնելու իրավասու մարմիններն ունեն ուղղակի պարտավորություն  գնահատելու երկրից ծնողի հեռացման նպատակահարմարությունն ու արդարացվածությունը, այդ կերպ հետապնդելով ապահովել այն երեխայի լավագույն շահերը, որոնց նկատմամբ կայացվելիք որոշումը կարող է ունենալ ազդեցություն:
Անգամ այն դեպքում, երբ վտանգի տակ է երկրի ազգային անվտանգությունը, նախատեսվող միջամտության օրինականությունն ու ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով անհրաժեշտ է ապահովել որոշակի ընթացակարգերում անկախ մարմնի կողմից որոշման հիմքում դրվող հիմքերն ու դրանք հիմնավորող ապացույցները ստուգելու հնարավորությունը:
Դատարանը նշել է նաև, որ անձը պետք է ունենա հնարավորություն վիճարկելու ազգային անվտանգությունը վտանգելու մասին որոշում կայացնողների պնդումները:
Նման երաշխիքները չսահմանելու արդյունքում ոստիկանությունը կամ որոշոմ կայացնելու իրավասություն ունեցող այլ մարմինը կարող է դրսևորել կամայականություն Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների միջամտության հարցում: (see Nolan and K. v. Russia, no. 2512/04, § 71, 12 February 2009, and Al-Nashif, cited above, §§ 123-24).
Վերադառնալով քննվող գործի փաստական հանգամանքներին, Դատարանը նախ արձանագրել է, որ ազգային դատարանների կողմից քննարկման առարկա չեն դարձվել դիմումատուին երկրից հեռացնելու մասին որոշման հիմքերը: Ավելին, դրանք որոշման հասցեատիրոջ համար մնացել են չբացահայտված:
Նման պայմաններում Դատարանը գտել է, որ որոշման հիմնավորվածությունը պարզելու ազգային ընթացակարգերը, դիմումատուի ընտանեկան կյանքի վրա ունեցած ազդեցությամբ,  բավարար չափով չեն երաշխավորել դիմումատուի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, ինչի արդյունքում արձանագրվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital