•  Բացե՞լ դուռը թե՞ ոչ
  •  Ինչի՞ց է սկսում խուզարկությունը
  •  Ի՞նչ անել բնակարանի խուզարկության ընթացքում
  •  Բնակարանի խուզարկության արձանագրություն
  •  Փաստաբանի խորհուրդը

Սովորաբար բնակարանի կամ տան խուզարկության համար ոստիկանությունից գալիս են վաղ առավոտյան, քանի դեռ բոլորը քնած են: Դուռը կզանգեն և կտեղեկացնեն, որ ոստիկանությունից են: Մինչև դուռը բացելը խնդրեք սպասել մի քանի րոպե, քանի դեռ դուք կապվում եք փաստաբանի հետ:  Դռնից այն կողմ գտնվող անձանց տեղեկացրեք, որ դեռ հագնված չեք՝ մի քանի րոպե շահելու համար: Զանգահարեք կամ փաստաբանի կամ հարազատի, տեղեկացրեք, որ ձեր տուն են եկել խուզարկության համար:  Հիշեք, բնակարանը լքել ձեզ և բնակարանում գտնվողներին արգելվելու է:  

  •  Բացե՞լ դուռը, թե՞ ոչ

Շատ հաճախ հարցնում են. պե՞տք է դուռը բացել թե ոչ. Կարող եք չբացել, բայց ոստիկանությունն իրավունք ունի դուռը կոտրել. Համոզված եղեք, որ այդպես էլ կանեն: Ուրեմն չարժե դիմադրություն ցույց տալ: Մինչև դուռը բացելն օգտագործեք այդ ժամանակը, որ ունեք՝ խնդրահարույց գույքի կամ փաստաթղթերի հարցերը լուծելու համար:  
Մի՛ փորձեք կռվել կամ որևէ կերպ դիմադրություն ցույց տալ ժամանածներին, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար քրեական գործ ձեզ պետք չէ:

  •  Ինչի՞ց է սկսում խուզարկությունը

Մինչև խուզարկությունը սկսելը, այն ղեկավարող անձը, որը սովորաբար քննիչն է, ներկայացնելու է խուզարկություն կատարելու  վերաբերյալ դատարանի որոշումը: Այդ մասին վերցվում է ստորագրություն: Խուզարկության Որոշման  օրինակ տալու կամ նկարելու, պատճենահանելու պարտավորություն նա չունի, դրա համար գրանցեք քննիչի անուն ազգանունը, ստորաբաժանումը, որը ներկայացնում է վերջինս: Արձանագրեք որոշումը կայացնողի տվյալները և քրեական գործի համար:  Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը և առգրավմանը մասնակցում են թարգմանիչ և մասնագետ: Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող շինություններում խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի ներկայությամբ: Հիշե՛ք, բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշման հիման վրա, սովորաբար նման որոշում առկա է լինում, այն դեպքում, եթե դատարանի որոշում ձեզ չի  ներկայացվում անպայման դրա վերաբերյալ գրառում կատարեք խուզարկության արձանագրության մեջ, որ ձեզ ներկայացվելու է խուզարկության վերջում ստորագրման համար:
Խուզարկությունը սկսելիս քննիչը պարտավոր է ձեզ առաջարկել կամավոր հանձնել այն գույքը կամ փաստաթղթերը, որոնց համար եկել է. կողմնորոշվեք ինքներդ՝ ըստ իրավիճակի, եթե պահում եք արգելված իրեր, օրինակ` զենք, հաճախ իմաստ չունի այն թաքցնել, միևնույն է գտնելու են, եթե դրանք փաստաթղթեր են, որոնք չեք հասցրել ոչնչացնել, ապա կարող եք ասել, որ չեք հիշում թե որտեղ են դրանք: Եթե ոստիկանությունն առգրավվում է համակարգիչ, հեռախոս կամ պլանշետ ՝ խնդրեք հնարավորություն տալ դրանց վրա պահվող  կարևոր տվյալները այլ տեղ կրկնօրինակելու՝ պահելու համար, եթե մերժում են, անպայման դրա մասին գրառում կատարեք խուզարկության արձանագրության մեջ:  Համակարգչի, հեռախոսի կամ պլանշետի որևէ գաղտնաբառ ասելու պարտավորություն դուք չունեք. Գնահատեք՝ արդյո՞ք պետք է ձեզ ֆայլերի օրինակներ թե ոչ, քանի  որ դրա համար անհրաժեշտ է լինելու սարքը միացնել և հավաքել գաղտնաբառը:
Քննիչը կարող է խոստանալ , որ եթե ինչ որ գույք կամ փաստաթղթեր կամովին հանձնեք՝ ինքը խուզարկություն  չի կատարի. Սովորաբար այդ խոստումը խաբեություն է:)

  • Ի՞նչ անել բնակարանի խուզարկության ընթացքում

Օրենքով հատուկ իրավունքներ նախատեսված չեն խուզարկության ընթացքում գտնվող անձանց համար, թեև որոշակի պարտավորություններ առկա են քննիչի համար, Օրինակ` Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն առգրավման և խուզարկության փաստը, ինչպես նաև դրանց արդյունքները և խուզարկվողի մասնավոր կյանքի հանգամանքները:  Ընդհանուր առմամբ մնում է հետևել խուզարկության ընթացքին և ֆիքսել խախտումները:  Խուզարկության ընթացքում պարտադիր կարգով պետք է ներկա գտնվեն ընթերակաները: Դրանք կլինեն կամ հարևանները կամ քննիչի կողմից հրավիրված ցանկացած այլ  անձինք: Ծանոթներից որևէ մեկին կանչելու իրավունք չունեք՝ բացառությամբ փաստաբանի: Խնդրեք, որպեսզի խուզարկությունը չիրականացվի միանգամից մի քանի սենյակներում, քանի որ այդ դեպքում պարզապես չեք կարող հետևել թե ինչ է կատարվում բոլոր սենյակներում միաժամանակ: Ամեն դեպքում պետք է հստակ հասկանալ, որ թույլատրել կամ առավել ևս արգելել այս իրավիճակում չեք կարող. այն ինչ կարող եք՝ դա տեղի ունեցածն արձանագրության մեջ ֆիքսելն է:

Մի պատասխանեք քննիչի կամ այլ անձանց հարցերին. Դա վերաբերում է նաև խուզարկության ընթացքում արդեն հայտնաբերված արգելված իրերին. Օրինակ .որտեղի՞ց է այս իրը, ու՞մ է պատկանում և այլն: Ոչինչ մի պարզաբանեք և հարցերին մի պատասխանեք՝ ձերն է թե ոչ: Հղում  կատարեք ՀՀ Սահմանադրության 22 հոդվածին. ՀՀ Սահմանադրություն, Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Ոստիկանության նպատակը ձեզնից տվյալներ ստանալն է՝ օգտվելով իրավիճակից.

  • Բնակարանի խուզարկության արձանագրություն

Խուզարկությունը և առգրավումն ավարտելիս քննիչը կազմում է համապատասխան արձանագրություն, որի մեջ   նշվում է  գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, արդյոք կամովին են հանձնվել որոնվող առարկաները և անձինք, խուզարկություն կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակաների անունները, ազգանունները և հասցեները, ինչպես նաև քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները և դատավարական կարգավիճակը:
Ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրանց քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները:
Քննիչը պարտավոր է արձանագրության հետ ծանոթացնել քննչական գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են արձանագրությունը և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
Խուզարկության կամ առգրավման արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվում է քննչական գործողությունը կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում` այն բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որի տարածքում կատարվել է քննչական գործողությունը:
Եթե խուզարկությունը կամ առգրավումը կատարվել է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տարածքում, արձանագրության պատճենը հանձնվում է դրանց ներկայացուցչին:
Անիմաստ է արձանագրությունը չստորագրելը. Եթե դիտողություններ ունեք՝ դրանց մասին կատարեք գրառումներ արձանագրության մեջ. Համոզվեք, որ առգրավված բոլոր առարկաներն արձանագրության մեջ նշված են. Եթե կարևոր փաստաթղթեր են առգրավվում, համոզվեք, որ դրանց անվանումները նշվեն հստակ, այլ ոչ օրինակ որպես ՛՛Թղթապանակ 1 ՛՛ և այլն..
Եթե քննիչը չի թույլատրում նկարել արձանագրությունը կամ անհապաղ չի հանձնում պատճենը, նշեք որ դրա պատճենը  չի հանձնվել: Սովորաբար, եթե պատճենահանող սարք չկա, քննիչը խնդրելու է դրա համար ուշ այցելել իրեն, օրինակը վերցնելու համար:

  • Փաստաբանի խորհուրդը անձանց և կազմակերպության ղեկավարին

Եթե արձանագրության մեջ նշված չեն ընթերակաների մասին կամ ֆիքսել եք այլ խախտումներ, որոնք չեն վերաբերում  առգրավվող առարկաներին, դրանց մասին գրառում կատարեք ձեզ մոտ և մի նշեք դրանց մասին արձանագրության մեջ: Հնարավոր է այդ խախտումները հնարավորություն կտան հետագայում փաստաբանին ձեր պաշտպանությունն  ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Ճշտեք ընթերականներից նրանց բնակության վայրը, հնարավորության դեպքում վերցրեք նրանց հեռախոսահամարները. Քննիչը հնարավոր է դիտավորյալ սխալ նշի նրանց հասցեն արձանագրության մեջ, որպեսզի հետագայում դժվար լինի նրանց հարցաքննելը:
Քննիչը հնարավոր է ձեզ խուզարկության ավարտից հետո ՛՛ հրավիրի՛՛ հարցաքննության: Մերժեք նման հրավերները, քանի որ դուք պարտավոր չեք այդ հրավերն ընդունելու, տեղեկացրեք որ կներկայանաք միայն փաստաբանի հետ՝ մի քանի որ հետո:
Խուզարկության գալիս են առանց զգուշացման, ուստի պահեք փաստաբանի հեռախոսահամարը Ձեզ մոտ, ընթացքում պահեք ձեզ հանգիստ, խուճապի մի մատնվեք, որևէ տվյալ մի հաղորդեք. Այս ամենը հետագայում կօգնի փաստաբանին իրականացնելու ձեր պաշտպանությունն ավելի արդյունավետ:

Փաստաբանի խորհուրդը՝ փաստաբանին.
Եթե խուզարկությունը իրականացնելու համար քննիչը եկել է Ձեզ բնակարան, գրասենյակ  , ապա տեղեկացրեք նրան , որ դա փաստաբանական գործունեությանն է առնչվում և արգելեք խուզարկությունը՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ: Եթե այնուհանդերձ քննիչը պնդում է, զանգահարեք փաստաբանների արագ արձագանքման խմբին, ՄԻՊ-ին և օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանեք փաստաբանական գաղտնիքը:

 

*«Չապպելն ընդդեմ Միացյալ Թագավորության» դատական գործով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 8 հոդվածը հավասարապես պաշտպանություն  է նախատեսում խուզարկության այն վայրի համար, որտեղ առկա է մարդու անձնական կյանք՝ այդ թվում այն վայրում որտեղ իրականացվում է առևտրային գործունեություն:   home և domicile բառերի նեղ մեկնաբանությունը կարող է հանգեցնել անհավասարության և անձնական կյանքի միջամտության խախտումների: Ուստի Եվրոպական դատարանը, բնակարան  հասկացությունը մեկնաբանել ոչ միայն դրա նպատակային նշանակությունից ելնելով կամ համապատասխան հարմարությունների առկայությամբ, այլ այդ տարածքում անձնական կյանք վարելու իմաստով: Հետևաբար, բնակարան եզրույթը մեկնաբանվում է ավելի լայն իմաստով և վերաբերում է նաև օրինակ գրասենյակային տարածքին և այլն…

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital