Վիշնիակովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Case of Vyshnyakov v. Ukraine, Application no. 25612/12) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) 24.07.2018թ. արձանագրել է Մարդու իրավունքների ովրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի (ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի) խախտում այն բանի համար, որ պետությունը ձախողել էր երեխայի հետ ծնողի տեսակցության կարգ սահմանող դատական ակտի հարկադիր կատարմանն ուղղված էֆեկտիվ և ամբողջական միջոցների ձեռնարկումը:

Գործի փաստերի համաձայն դիմումատուի օգտին կայացվել էր տեսակցության կարգ սահմանող դատական ակտ, որով ամրագրվել էր շաբաթական նվազագույնը երեք անգամ, ներառյալ՝ գիշերելով, դստերը տեսակցելու դիմումատուի իրավունքը:
Դիմումատուի համար տեսակցության կարգ սահմանող դատական ակտի կայացումից ամիսներ անց երեխան և իր մայրը բնակության համար տեղափոխվել էին մեկ այլ վայր, որը դիմումատուի բնակության վայրից գտնվում էր 600 կմ հեռավորության վրա: Արդյունքում՝ հիշյալ հանգամանքը դատական ակտով սահմանված հաճախականությամբ, ինչպես նաև գիշերակացով երեխայի հետ տեսակցելու իրավունքն իրացնելու հարցում դիմումատուի համար ստեղծել էր էական խոչընդոտներ:
Ըստ այդմ՝ երեխայի հետ տեսակցելու իր իրավունքն իրացվելի դարձնելու նպատակով դիմումատուն, տարբեր ժամանակներում, նախաձեռնել էր մի շարք ընթացակարգեր, որպիսիք պետության կողմից պատշաճ քննության չէին առնվել: Այսպես, բնակության նախկին վայր վերադարձնելու պահանջը ազգային դատարանները գտել էին անհիմն, իսկ տեսակցության կարգ սահմանող դատական ակտը հարկադիր կատարելու առնչությամբ նախաձեռնված ընթացակարգը դադարեցվել էր՝ նման փաստական հանգամանքներում դատական ակտը հարկադիր կատարելու օրենսդրական կարգավորումներ առկա չլինելու պատճառաբանությամբ:
Պետությունը մերժել էր նաև տեսակցությանը խոչընդոտող երեխայի մոր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու՝ դիմումատուի պահանջն այն հիմնավորմամբ, որ արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ:
Ի ապահովումն դատական ակտի կատարման պետությունը երեխայի մորը պարզապես հիշեցրել է դատական ակտի կատարման անհրաժեշտության մասին, ինչը սակայն, դատական ակտի կատարումն ապահովելու հարցում ունեցած պարտավորության կատարման առումով ՄԻԵԴ-ը գնահատել է խիստ անբավարար:
Գնահատման առարկա դարձնելով պետության կողմից ձեռնարկված միջոցները, ՄԻԵԴ-ն այս գործով ևս մեկ անգամ վերահաստատել է նախկինում հնչեցրած իր այն դիրքորոշումը, ըստ որի ծնողի և երեխայի փոխադարձ շփումը հանդիսանում է ՄԻԵԿ 8-րդ հոդվածով ամրագրված «Ընտանեկան կյանք» եզրույթի առանցքային տարրը: Անդրադառնալով կիրառված միջոցների անբավարարությանը՝ ՄԻԵԴ-ը կարևորել էր դատական ակտի կամավոր կատարմանը նպաստող հնարավոր միջոցների կիրառումը, ինչպիսին, ի թիվս այլոց, մեդիացիան է: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դատական ակտի կատարմանը կարող էր նպաստել նաև երեխայի հետ տեսակցությանը խոչընդոտող ծնողի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչը օրենսդրական ոչ արդյունավետ կարգավորումների պայմաններում տվյալ գործով, փաստորեն, չէր կիրառվել:
Այսպիսով, արձանագրելով նման փաստական հանգամանքներով իրավահարաբերությունները ոչ լիարժեք կերպով կարգավորված լինելու հանգամանքը և պետության կողմից կիրառած միջոցների անարդյունավետությունը՝ ՄԻԵԴ-ը փաստել էր ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի խախտում:
Հիշյալ որոշմամբ արտահայտված ՄԻԵԴ-ի եզրահանգումները, թերևս Հայաստանի Հանրապետության համար  պետք է լինեն սթափեցնող, քանի որ այս առումով ինչպես ներպետական իրավական կարգավորումները, այնպես էլ դատական ակտի հարկադիր կատարման վարույթներում ձեռնարկվող միջոցները, որպես կանոն, չեն երաշխավորում դատական այն ակտերի կատարումը, որոնցում տեսակցություն ակնկալող ծնողին և բնակության վայրը փոխած երեխային բաժանում է հեռավոր տարածությունը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital