Գործող օրենսդրությունը սահմանում է գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու իրավական հնարավորություն՝ նոր առարկայով և պարտավորության կատարման այլ եղանակներով  (նորացում):

Պարտավորության նորացման դեպքում սկզբնական պարտավորությունը դադարում է, իսկ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են ինչպես նորացման իրավահարաբերությունները, այնպես էլ նոր կնքված պարտավորությունը կարգավորող իրավանորմերով: Պայմանագրի կողմերին վերապահելով գոյություն ունեցող պարտավորությունները նորով փոխարինելու ազատությունը՝ օրենսդիրն, այնուամենայնիվ, արգելել է կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև  ալիմենտի վճարման պարտավորությունների նկատմամբ նորացման ինստիտուտի կիրառումը: Լայն տարածում ունի առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը փոխառության պարտավորությամբ փոխարինելը, ինչպիսի իրավական հնարավորությունն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածով: Նման դեպքում Պայմանագրի կողմերը նորացումը պետք է իրականացնեն նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով:
Առուվաճառքից կամ գույքի վարձակալությունից ծագող պարտավորությունը փոխառությամբ նորացնելը, մինչդեռ, գործնականում խնդրահարույց է:
Պայմանականորեն համարենք, որ անշարժ գույքի վարձակալությունից բխող՝ վարձատուին գումար վճարելու վարձակալի պարտավորությունը փոխադարձ համաձայնությամբ կողմերը ցանկանում են նորացնել փոխառության պայմանագիր կնքելու միջոցով: Պայմանագիր կնքելիս վերջիններս կրում են փոխառության պայմանագրի կնքման ձևը պահպանելու պարտավորություն: Փոխառության պայմանագիրը ռեալ պայմանագիր է, այսինքն՝ այն կնքված է համարվում գումարը կամ այլ գույքը փոխատուի կողմից փոխառուին հանձնելու պահից: Պարտավորության նորացմամբ, մինչդեռ, վարձատուի կարգավիճակում գտնվող «փոխատուն» գործնականում որևէ գումար չի հանձնում փոխառության պայմանագրով «փոխառու» հանդիսացող վարձակալին:
Նման պայմաններում, պարտավորության նորացման արդյունքում, պարտատերը հայտնվում է անշահեկան վիճակում, քանի որ փոխառության պայմանագիրը կնքելիս փող չի փոխանցվել, իսկ փոխառության իրավահարաբերությունները կարգավորող նորմը փոխառության պայմանագիրը կնքած է համարում գումարը փոխառուին տրամադրելու պահից: Այլ կերպ՝ նման պայմաններում առաջանում է փոխառության պայմանագիրը կնքված լինելու հանգամանքը փոխառուի կողմից անփողության հիմքով  վիճարկելու վտանգը, ինչպիսի իրավական հնարավորությունն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածով:
Նմանատիպ իրավական փակուղիներից ելքը ԵԿԴ/0527/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի տված մեկնաբանությունն է: Դատարանը, մասնավորապես, նշել է, որ պարտավորության նորացման դեպքում չի պահանջվում (կամ չի ենթադրվում) որևէ գույքի, այդ թվում` դրամական միջոցի փոխանցում, հետևաբար նմանատիպ իրավահարաբերություններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածը կիրառելի չէ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital