Եթե ճամփորդում կամ ժամանակավոր բնակության եք տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն, ուր նախատեսում եք վարել տրանսպորտային միջոց, ապա ստորև ներկայացվող տեղեկությունները Ձեզ կհետաքրքրեն:
Եթե արդեն ունեք այլ պետության կողմից տրված ազգային վարորդական իրավունքի վկայական, ապա այն Հայաստանի Հանրապետությունում կիրառելի է, եթե վկայականը տված պետությունն անդամակցում է Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված Միավորված ազգերի կազմակերպության «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիային : Նման վկայականի տերը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելիս պետք է իր հետ ունենա նաև վկայականի պատշաճ վավերացմամբ (նոտարական կամ հյուպատոսական կարգով) հայերեն լեզվով թարգմանությունը:
Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելը թույլատրելի է նաև Կոնվենցիայի անդամ երկրների իրավասու մարմնի կողմից տրված միջազգային վարորդական իրավունքի վկայականով, պայմանով, որ այն համապատասխանի Կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով միջազգային վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին: Միջազգային վարորդական իրավունքի վկայականին ներկայացվող պահանջներն ամրագրված են Կոնվենցիայի թիվ 7-րդ հավելվածով:
Այն իրենից ներկայացնում է մոխրագույն շապիկով և սպիտակ ներքին էջերից բաղկացած 148X105 մմ չափերի, 7 էջից բաղկացած գրքույկ, որն ազգային լեզվից բացի առնվազն անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով ի թիվս այլի, տեղեկություններ է պարունակում վկայականի տիրոջ, տրանսպորտային միջոցների թույլատրելի կարգերի, վկայականի տրման ամսաթվի, վկայականի վավերականության ժամկետների վերաբերյալ: Պետք է նկատի ունենալ, որ Միջազգային վարորդական իրավունքի վկայագրերը ՀՀ-ում կիրառելի են բացառապես ազգային վկայականների ուղեկցությամբ:
Օտարերկրացիներին հաճախ է հուզում այն հարցը, արդյոք վարորդական իրավունքի վավերականության ժամկետը լրանալու դեպքում կարող են փոխարինել այն նորով կամ վկայականի կորստյան դեպքում ստանալ դրա կրկնօրինակը:
Կարևոր է իմանալ, որ այլ պետությունում տրված վարորդական իրավունքի վկայականը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է փոխարինել, իսկ վկայականի կորստի դեպքում՝ ստանալ դրա կրկնօրինակը, եթե կորած կամ փոխարինման ենթակա վկայականը համապատասխանում է Վիեննայի Կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին: Ավելին, եթե նախկինում փոխարինման կամ կրկնօրինակի տրամադրման համար պահանջվում էր Հայաստանի Հանրապետությունում հանձնել որոկավորման քննություններ, ապա սկսած 2012 թվականի հոկտեմբերից, փաստաթղթի տրամադրումն իրականացվում է առանց որակավորման քննություններ հանձնելու պահանջի: Նման դեպքերում անձը պետք է քննական մարմնին ներկայացնի իր անձնագիրը (կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ), դրա պատշաճ հայերեն թարգմանությունը, 12.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, վարորդական իրավունքի վկայականի փոխարինման դեպքում՝ վարորդական վկայականը, իսկ կորցրած փաստաթղթի կրկնօրինակը ստանալու դեպքում՝ վկայականը տրամադրած երկրում իրավասու մարմնի կողմից տրված վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթը: Անձը հաստատող փաստաթղթում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում անձը պետք է ներկայացնի նաև իր հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք:
Կոնվենցիային չհամապատասխանող վկայականները չեն փոխանակվում, իսկ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի և այն էլ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Այնուամենայնիվ, եթե մինչ օրս չունեք վարորդական իրավունքի վկայագիր, ապա Դուք այն կարող եք ձեռք բերել այն Հայաստանի Հանրապետությունում: Օտարերկրյա քաղաքացիները վարորդական վկայական ստանալու քննություններ հանձնում և վարորդական վկայական են ստանում նույն կերպ, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քննությունները բաղկացած են տեսական և գործնական փուլերից: հայերեն լեզվին չտիրապետող օտարերկրյա քաղաքացին կարող է քննությանը ներկայանալ թարգմանչի ուղեկցությամբ՝ համապատասխանաբար կրելով թարգմանչական ծառայությունների ծախսերը:
Վերջում հավելենք, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է 20.000 ՀՀ դրամի չափով տուգանքի նշանակում: