Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական Պալատը 2017 թվականի դեկտեմբերի 27-ին թիվ ՍԴ/1171/02/15 որոշմամբ անդրադարձել է փոխառության /պարտքի գումարի/ գումարի վերադարձման հարցին:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է փոխառության պայմանագրում դրա կատարման ժամկետը նշված չլինելու դեպքում պայմանագրի կատարման ժամկետի որոշման առանձնահատկություններին` վերահաստատելով պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ փոխառության պայմանագրում փոխառության գումարի վերադարձման ժամկետի վերաբերյալ պայմանի շուրջ կողմերի կամահայտնությունը պետք է լինի հնարավորինս հստակ ձևակերպված, այսինքն` լինի որոշակի և չպարունակի անորոշ ձևակերպումներ, որն իր հերթին հնարավորություն կտա հնարավորինս ճշգրիտ հաշվարկելու փոխառուի` գումարը վերադարձնելու պարտականության կատարման ծագման պահը: Ըստ այդմ, այն դեպքում, երբ փոխառության պայմանագրում փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանը ձևակերպվել է անորոշ, որը հնարավորություն չի տալիս այն մեկնաբանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոններին համապատասխան, ապա կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված կանոնակարգումը:Միաժամանակ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ փոխառությամբ տրված գումարը բոլոր դեպքերում ենթակա է վերադարձման փոխատուին, և փոխառության պայմանագրում փոխառության գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանի վրա հասնելը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել փոխառուի կողմից որևէ գործողության կատարումից կամ պայմանավորվել վերջինիս անգործությամբ: Հակառակ պարագայում փոխառուի` փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու պարտականությունը հնարավոր է, որ երբևէ չծագի, ինչն անթույլատրելի է փոխառության իրավահարաբերությունների պայմաններում: