Մինչ օրս գործող իրավակարգավորումներով՝ օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում, իսկ կատարում պահանջող դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում նաև կատարվում էին, եթե այդպիսի իրավական հնարավորությունը նախատեսված էր Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:
Դատական ակտերի կատարման հարցում համագործակցությունը լայն կիրառություն ուներ ԱՊՀ անդամ երկրների միջև՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի կարգավորման շրջանակներում, ինչպես նաև առանձին երկրների հետ՝ կնքված երկկողմ համաձայնագրերի շրջանակներում (Վրաստան, Բուլղարիայի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն և այլն:
Գործնականում, սակայն, զգալի թվով երկրների հետ համաձայնագրերի բացակայությունը օտարերկրյա դատական ակտերի ճանաչումն ու կատարումը դարձնում էր անհնարին, ինչի արդյունքում էականորեն տուժում էին այն անձինք, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել էր տվյալ օտարերկրյա դատական ակտը:
Նման պայմաններում, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ինստիտուտի զարգացումը ՀՀ-ում վաղուց ծառացած անհրաժեշտություն էր:
Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է 2018 թվականի ապրիլի 9-ից, պարունակում է օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու և կատարման թույլատրելու մանրամասն կարգավորումներ՝ մինչ օրս ծառացած խնդիրների համար սահմանելով որոշ հնարավոր լուծումներ:
Այսպես, օրենսգիրքը սահմանում է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորություն փոխադարձության սկզբունով այն դեպքերի համար, որոնց ճանաչումն անհնարին է Հայաստանի Հանրապետության հետ այդ ոլորտում միջազգային համագործակցության բացակայության արդյունքում:
Ընդ որում, սահմանվել է փոխադարձության առկայության կանխավարկածը, ինչը նշանակում է, որ եթե օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը կախված է փոխադարձությունից, ապա փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, եթե չի ապացուցվել հակառակը:
Բացի այդ, առանձին դատական ակտերի համար սահմանված է ճանաչման և կատարման հնարավորություն՝ համագործակցություն նախատեսող միջազգային փաստաթղթի և անգամ փոխադարձության բացակայության պայմաններում:
Դրանք այն դատական ակտերն են, որոնք վերաբերում են.
1. Անձանց իրավական վիճակին,
2. Օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուն,
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելում:
Օրենքով սահմանված դեպքերում այդպիսի դատական ակտերի շարքին կարող են դասվել նաև օտարերկրյա այլ դատական ակտեր:
Վերջում հավելենք, որ հարկադիր կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետության ճանաչման և կատարման կարող է ներկայացվել օտարերկրյա դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում: Ընդ որում՝ օտարերկրյա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը որոշվում է այն պետության օրենսդրությամբ, որտեղ կայացվել է դատական ակտը: