2018 թվականի ապրիլի 15-ից աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները պետական գրանցում չեն ստանալու: Նման սահմանափակումը նախատեսվել է ՀՀ կառավարության 1251-Ն որոշման թիվ 1 հավելվածում կատարված փոփոխությամբ:

Բանն այն է, որ դեռևս 2018 թվականի մարտի 31-ին ուժի մեջ էր մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցի ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքը /այսուհետ՝ Օրենք/: Օրենքի 1-ին հոդվածի համաձայն 2018 թվականի ապրիլի 1-ից «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով  աջակողմյան տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր:
Ներմուծման արգելքի սահմանումն, ըստ օրենսդիրների, անհրաժեշտություն էր. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն, ինչպիսի պայմաններում աջակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոցներ վարող վարորդներն ունենում են սամանափակ տեսադաշտ այնպիսի գործողություններ կատարելիս, ինչպիսիք են, օրինակ, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելը, երթևեկության գոտի վերադասավորվելը, երթևեկության ուղղությունը փոփոխելը, վազանց կատարելը:
Նպատակ ունենալով չխախտել քաղաքացիների սեփականության իրավունքը՝ սահմանափակում նախատեսող Օրենքի 2-րդ հոդվածն, այնումենայնիվ, նախատեսել էր բացառություն, որով սահմանել էր, որ ներմուծման արգելքը կիրառելի չէ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել էին մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
Ստացվում է, որ ապրիլի 15-ից ուժի մեջ մտնող պետական գրանցման սահմանափակումը պետք է մեկնաբանվի ավելի պարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտի՝ Օրենքի 2-րդ հոդվածի լուսի ներքո: Ըստ այդմ՝ աջակողմյան ղեկային համակարգով այն տրանսպորտային միջոցները, որոնք ՀՀ են ներմուծվել թեկուզև 2018 թվականի ապրիլի 1-ից հետո՝ Օրենքի 2-րդ հոդվածի բացառության կիրառմամբ, պետական գրանցում իրականացնելիս չպետք է ենթարկվեն Կառավարության 1251-Ն որոշմամբ նախատեսված սահմանափակման:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital