Կայուն դրամական միջոցով ալիմենտի չափ սահմանելու առանձնահատկությունները.

Հայաստանի Հանրապետությունում անչափահասի համար յուրաքանչյուր ամիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը Դատարանը որոշվում է հետևյալ երկու եղանակներից մեկի կիրառմամբ. 1. ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի վաստակից և (կամ) այլ եկամտից ըստ որոշակի բաժնային հարաբերակցության՝ պայմանավորված երեխաների թվով, 2. ալիմենտի որոշակի կայուն չափ սահմանելով:

Ընդ որում՝ օրենսդիրը ալիմենտի չափը որոշելու եղանակներից նախապատվությունը տվել է առաջի եղանակի կիրառմանը և միայն դրա անհնարինության դեպքում Դատարանների համար հնարավոր համարել ալիմենտի չափը որոշել կայուն դրամական միջոցի տեսքով: Ի տարբերություն բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը սահմանելուն` կայուն դրամական գումարի չափը որոշելիս դատարանը ելնում է երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից։ Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը կիրառելի է բացառիկ դեպքերում, այն է՝ եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝

-ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,

-վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,

-վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (տե′ս, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Քանի որ, օրենսդիրը բացառիկ դեպքերում հնարավոր է համարել կայուն դրամական միջոցով ալիմենտ սահմանել նաև ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի՝ կայուն վաստակ կամ եկամուտ ունենալու պարագայում ևս, ուստի կայուն դրամական միջոցի տեսքով ալիմենտի չափը սահմանելիս վերջինիս վաստակի և եկամուտի չափը պարզելն առանցքային է: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով 07.04.2017թ. կայացրած որոշմամբ նշել է, որ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման չափը սահմանելիս դատարանների կողմից պետք է հաշվի առնվեն ալիմենտ վճարող ծնողի իրական գույքային հնարավորությունները: Իրական գույքային հնարավորությունը վաստակ կամ եկամուտ ունենալու պարագայում դրա իրական չափի պարզումն է: ՀՀ վճռաբեկ դատարանը հավելալ է նաև, որ ալիմենտի չափը կայուն դրամական միջոցով սահմանելիս կարևորվում են նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ կամ շահեր (օրինակ՝ ընտանիքի անդամի անաշխատունակությունը, որին ալիմենտ վճարող կողմը պարտավոր է տրամադրել ապրուստի միջոց, հաշմանդամության ձեռքբերումը կամ երեխայի կողմից աշխատանքի անցնելը կամ ձեռնարկատիրությամբ զբաղվելը), որոնք նաև անհրաժեշտ են ալիմենտ վճարող ծնողի և նրա ընտանիքի մյուս անդամների գոյության նվազագույն պայմաններն ապահովելու համար: Ընդ որում, նման գործերով կողմերի գույքային դրությունը պարզելու համար դատարանները պետք է միաժամանակ հաշվի առնեն բոլոր աղբյուրները, որոնցից գոյանում է անձի ընդհանուր եկամուտը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital