Ինչպես հայտնի է, դատական ակտի հարկադիր կատարման նպատակով պահանջատիրոջ (կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի) դիմումի հիման վրա կատարողական թերթը տալիս է այն ընդունած առաջին ատյանի դատարանը: Ի թիվս այլ տեղեկությունների, կատարողական թերթում Դատարանները նշում են կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը, ինչը կատարելու անհրաժեշտությունը 2018 թվականի ապրիլի 1-ից այլևս չի լինելու:
Բանն այն է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում 21.12.2017թ. կատարված փոփոխություններով կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու պարտավորությունը դրվել է այն տրամադրելու իրավասություն ունեցող կրող դատարանի վրա:
Համաձայն 2018 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների՝ Դատարանը կատարողական թերթը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն է ուղարկելու էլեկտրոնային եղանակով, այն բանից հետո, երբ Պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից կստացվի դիմում կատարողական թերթ տրամադրելու մասին:
Պետք է նշել, որ կատարողական թերթ տրամադրելու համար դիմումը Պահանջատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) կարող է ներկայացնել մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում (օրինակ՝ ալիմենտի բռնագանձում), ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում: Պահանջատերն իրավասու է Դատարանից պահանջել հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը, որը Դատարանը Պահանջատիրոջը պետք է տրամադրի Պահանջատիրոջ (կամ նրա ներկայացուցչի) դիմումը ստանալու պահից եռօրյա ժամկետում: Կատարողական թերթը դատարանից էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը պետք է կայացնի Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում: Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, ապա հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարան: Կատարողական թերթը կատարողական թերթ տված դատարանին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար: Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը ևս հարկադիր կատարողը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով: Եթե պահանջատերը ներկայացնում է դիմում կատարողական թերթը վերադարձնելու մասին, ապա պահանջատիրոջ դիմումի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սահմանված կարգով վարույթն ավարտելուց հետո կատարողական թերթը ոչ թե վերադարձվելու է պահանջատիրոջը, այլ այն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու է կատարողական թերթ տված դատարան: Հատագայում ևս՝ կարաղական թերթը կրկին հարկադիր կատարման ներկայացնելու գործընթացը (եթե այն կրկին ներկայացնելու արգելքը բացակայում է) նույնպես իրականացվելու է կատարողական թերթը տրամադրած Դատարանի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:
Քանի որ, կատարողական թերթը բոլոր դեպքերում կատարման է ներկայացվելու անմիջապես այն տրամադրելու իրավասություն ունեցող Դատարանի կողմից, ուստի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնելու են կորած կատարողական թերթի կրկնօրինակը Դատարանի կողմից Պահանջատիրոջը տրամադրելու՝ ներկայումս գործող կարգավորումները:
Կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու ընթացակարգերում հիշյալ փոփոխությունների նախատեսումը նպատակ է հետապնդել քաղաքացիական եւ վարչական վարույթների ժամանակ գործին մասնակցող անձանց համար առավել դյուրին դարձնել որոշ փաստաթղթերի ներկայացումը, ինչպես նաև կրճատել դատարաններում թղթային փաստաթղթաշրջանառությունը: