Պարզեցված վարույթի կարգով գործերի քննությունն արդեն իրականություն է.
Պարզեցված վարույթը ենթադրում է քաղաքացիական գործի քննության ընդհանուր կանոնների և պարզեցված վարույթի կարգին բնորոշ հատուկ կանոնների համադրմամբ գործի քննության պարզեցված՝ առանց դատական նիստերի հրավիրման ընթացակարգ: Նպատակը առանձին գործերի քննությունն ավելորդ դատավարական փուլերով չծանրաբեռնելու միջոցով դատարանի ռեսուրսների խնայողությունն է:
Ըստ այդմ, այսուհետ պարզեցված վարույթի կարգով քննվել են 2 միլիոնը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով գործերը: Բացի այդ, առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, պայմանով, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկի գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
Ի՞նչ կարգով է իրականացվում գործերի քննությունը:
Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է ընդհանուր կանոնի համաձայն, որի վերաբերյալ որոշումը հայցադիմումի հետ միասին ուղարկում է պատասխանողին՝ վերջինիս տրամադրելով հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար երկշաբաթյա ժամկետ:
Այնուհետև, պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում Դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշում է վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին։ Այդ պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել այլևս չի թույլատրվում: Կայացված որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը Դատարանն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Պետք է նկատի ունենալ, որ հայցադիմումով ներկայացված հայցվորի պահանջների և հայցադիմումի պատասխանով ներկայացված պատասխանողի առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև դատավարական միջնորդությունները կամ պատասխանողի կողմից հակընդդեմ հայցը պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Գործի առանձնահատկություններից ելնելով՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում գործով դատական ակտը կայացնում և հրապարակում է վկայակոչված ժամկետն ավարտվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Վճիռի բովանդակությանը ներկայացվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնները: Դատարանը, մասնավորապես, վճռի պատճառաբանական մասում պետք է նշի իր կողմից պարզած գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
Պետք է նկատի ունենալ, որ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում, ինչը ենթադրում է, որ կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել նշված ժամկետում:
Ո՞ր դեպքերում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
Ելնելով քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության ապահովման անհրաժեշտությունից, օրենսդիրը սահմանել է գործերը պարզեցված վարույթի կարգով քննելու արգելք համարվող հիմքերը: Հատկանշական է, որ դրանք դատարանի առջև բացահայտելու ակտիվ գործողությունները, հիմնականում, պետք է ձեռնարկեն հենց դատավարության մասնակիցները՝ օրենքով սահմանված կարգով և ժակետներում դատարանին ուղղված միջնորդությունների և (կամ) դատավարական փաստաթղթերի ներկայացմամբ:
Ըստ այդմ, գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե տվյալ քաղաքացիական գործով առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն կամ, եթե դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց: Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով չի կարող քննվել նաև այն դեպքերում, երբ տվյալ քաղաքացիական գործով անհրաժեշտ է որոշել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր: