2018 թվականի հունվարի 6-ից ուժի մեջ են մտել  «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով ՀՀ քաղաքացու հետ ամուսնության մեջ գտնվելու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար սահմանվել են լրացուցիչ պայմաններ:

Այսպես, համաձայն ընդհանուր կանոնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմում կարող էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին նա մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Մի շարք դեպքերում օրենքը սահմանում էր նշված ընդհանուր կանոնից բացառություններ:
Օրինակ, առաջին և երկրորդ կետերի պահանջների պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող էր ստանալ այն անձը, ով ամուսնացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա:
Այսինքն՝ օրենսդիրը սահմանել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող անձանց համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ, որից առանց սահմանափակման օգտվել կարող էին ՀՀ քաղաքացու հետ անգամ մեկ օր գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք:
Նման պայմաններում գործնականում լայն տարածում էր գտել կեղծ (առանց ընտանիք ստեղծելու մտադրության) ամուսնությունների կնքումը:
Բացի այդ, ազգությամբ ոչ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում, ըստ էության, օգտվում էին գրեթե նույնպիսի պարզեցված ընթացակարգից, որը, համաձայն գործող Սահմանադրության. նախատեսված էր ազգությամբ հայերի համար:
Այսպիսով, գործնականում լայն տարածում գտած կեղծ ամուսնությունները կանխելու և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պարզեցված ընթացակարգը իրապես ազգությամբ հայերին վերապահելու նպատակով «Քաղաքացիության մասն» ՀՀ օրենքում կատարեց փոփոխություն, որով ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար սահմանվեցին լրացուցիչ նախապայմաններ:
Ըստ այդմ՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող գործունակ այն անձը, ով մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ եթե ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա:
Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո, ուստի, ավելի, քան կարևոր է դիմումը ներկայացնել բացառապես այն դեպքում, երբ համոզված եք, որ լիովին պահպանված են քաղաքացիության ձեռքբերման համար օրենքով սահմանված պահանջները:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital