Զուգահեռ ներմուծումը կարգելվի. Արդյո՞ք այն բխելու է քաղաքացիների և տնտեսվարողների շահերից.
Ինչպես հավանաբար շատերին է հայտնի, առ այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների սպառման միջազգային սկզբունքը, որի ուժով գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում։
«Զուգահեռ ներմուծումը» օրենսդրությամբ սահմանված տերմին չէ: Այն պրակտիկ շրջանառության մեջ է դրվել մտավոր սեփականության ոլորտում բացառիկ իրավունքի սպառման հայեցակարգի հետ միաժամանակ: Հիմնականում զուգահեռ ներմուծման դեպքերը ներառում են ապրանքային նշանների իրավունքներ, սակայն դրանք կարող են ներառել նաեւ մտավոր սեփականության այլ իրավունքներ: Այսինքն` զուգահեռ ներմուծումը թույլատրված է օրենքով կամ ավելի պարզ ասած՝ ցանկացած ապրանք, որը ձեռք է բերվել որևէ երկրում, անկախ նրանից, թե ապրանքային նշանի իրավատերն ինչ կարծիք ունի դրա հետագա իրացման վայրի կամ պայմանների հետ կապված /ցանկանում է որևէ երկրում սահմանափակել դրա վաճառքը թե ոչ/ այն ազատորեն կարող է ներմուծվել ՀՀ տարածք, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել որևէ երկրում և ենթադրվում է, որ իրավատերը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը դրա ազատ շրջանառության համար: Սեփականատերը վաճառել է համապատասխան իրավունքը կրող ապրանքը ուստի և չի կարող արգելել դրա հետագա հաջորդական վաճառքը կամ վաճառքները, քանի որ իր իրավունքները համարվում են սպառված առաջին վաճառքի պահից: Հայաստանի իրավական համակարգում ևս գործածվում է իրավունքների սպառում եզրույթը. Մասնավորապես «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի համաձայն՝ գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում։ Առկա է իրավունքների սպառման երկու հիմնական սկզբունք՝ Ազգային /Տարածաշրջանային/ և Միջազգային: Միջազգային սպառման սկզբունքի համաձայն իրավունքների սպառումն առկա է այն ժամանակ, երբ իրավատերն օտարել է ապրանքն աշխարհի որևէ երկրում, որով սպառել է վերջինիս նկատմամբ իր իրավունքները և հետևաբար չի կարող արգելել դրա հետագա իրացումը, այդ թվում՝ վերավաճառքն աշխարհի որևէ երկրում, առանց սահամանփակման: Հայաստանի Հանրապետությունում առ այսօր գործել է հենց այս սկզբունքը:
Ազգային կամ ռեգիոնալ /օրինակ ԵՄ/ սպառման սկզբունքի ներքո ենթադրվում է, որ իրավատերն օտարելով ապրանքը որևէ երկրում իր իրավունքները սպառում է միայն որոշակի երկրում կամ տարածաշրջանում և չի կարող առարկել դրա հետագա վաճառքին միայն այդ երկրում կամ ռեգիոնում, սակայն կարող է արգելել դրա ներմուծումը որևէ այլ՝ երրորդ երկրից: Փոփոխություններով անցում է կատարվում հենց այս սկզբունքին, իսկ միասնական տարածքը լինելու է ԵՏՄ տարածքը:
Ո՞ր սկզբունքն է բխում սպառողների շահերից. Իհարկե միջազգային սպառման սկզբունքը կամ նույնն է թե զուգահեռ ներմուծման հնարավորություն ունենալը, քանի որ զուգահեռ ներմուծում իրականացնողները մրցակցում են տեղական ՝ պաշտոնական դիստրիբյուտորների հետ՝ ավելի ցածր գնով վաճառելով նույն ապրանքները /հատկապես լայն սպառման այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են դեղորայքը, սննդամթերքը զարգացող երկրներում: Պետք է հստակ նշել, որ խոսքը կեղծված՝ կոնտրաֆակտ ապրանքներին չի վերաբերում: Ապրանքները, որոնց վրա կամ որոնց փաթեթավորման կամ պիտակների վրա ապրանքային նշանն օգտագործված է ապօրինի, համարվում են կոնտրաֆակտ /կեղծ, նմանակված/: Զուգահեռ ներմուծումն անուղղակիորեն պարտադրում է իրավատիրոջը կամ պաշտոնական դիստրիբյուտորին ցածր գին ապահովել շուկայում, քանի որ այլ զուգահեռ ներմուծում իրականացնողը պոտենցիալ մրցակից է և այլ շուկայից բերվող ապրանքներով ապահովվում է տնտեսական մրցակցություն: Միջազգային սպառման սկզբունքը, հատկապես կարևոր է ներմուծումից մեծ կախվածություն ունեցող երկրների համար: Իրավաբանորեն հիմնավորելով միջազգային սպառման սկզբունքի առկայության անհրաժեշտությունը՝ կարելի է, օրինակ, նշել, որ զուգահեռ ներմուծման արգելքը հանդիսանում ոչ սակագնային բարիեր և հակասում է ԱՀԿ GATT համաձայնագրին:
Իսկ միգուցե փոփոխությունը բարենպաստ է տնտեսվարող սուբյեկտների՞ համար.
Ակնհայտ է, որ Հայաստանի տնեսությունը մեծ կախվածություն ունի ներմուծումներից. զուգահեռ ներմուծումն արգելելու հետևանքով Հայաստանում պաշտպանվելու է միայն մեկ տնտեսվարողի շահերը՝ արդյունքում ի հայտ են գալու էքսկլյուզիվ դիստրիբյուտորներ, որոնք շուկայում թելադրելու են ապրանքների՝ իրենց համար նախընտրելի գինը: Մի շարք ապրանքներ մինչ այսօր ազատորեն ներմուծվում են երրորդ երկրներից, օրինակ` Արաբական Միացյալ էմիրություններից, որոնք մրցակից են ԵՄ կամ ԱՄՆ տարածքից ներմուծվող համանուն թանկարժեք այլ ապրանքների հետ: Այսուհետ ԵՄ ապրանքանիշի իրավատերը գրանցելով այն ՀՀ մաքսային վերադաս մարմնում, իսկ հետագայում նաև ԵՏՄ միասնական մաքսային գրանցամատյանում՝ արգելելու է բոլոր տեսակի ներմուծումները Հայաստանի Հանրապետություն. Այդ ապրաքններն անկախ իրավատիրոջ ցանկության ՀՀ տարածք ներմուծելու միակ բացառությունը հանդիսանալու է ԵՏՄ անդամ պետության տարածքից դրանց ձեռքբերումը: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրվում է զուգահեռ ներմուծումը արգելելու սկզբունքը՝ կամ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը: Այն ենթադրելու է, որ ապրանքային նշանի կամ մտավոր սեփականության որևէ օբյեկտի իրավատիրոջ իրավունքները սպառված են համարվելու միայն ԵՏՄ որևէ անդամ պետությունում առաջին վաճառքի պահից: Այսինքն` եթե առաջին վաճառքն իրացվել է ԵՏՄ անդամ որևէ պետության տարածքում, իրավատիրոջ իրավունքները համարվում են սպառված և այն հետագայում կարող է ազատորեն վերավաճառվել ԵՏՄ անդամ հանդիսացող մյուս պետություններում: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, ապա այժմ տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերը կարող է արգելել ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք այլ անձանց կողմից, եթե այն ձեռք է բերվել ԵՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս: Այսինքն` պարզ լեզվով ասած, Ռուսաստանից կամ ԵՏՄ անդամ այլ պետության տարածքից ներմուծումը որևէ կերպ չի կարող սահմանափակվել, սակայն այլ երկրներից ներմուծումը թույլատրելու հարցը խիստ մշուշոտ է և որոշվելու է ապրանքի իրավատիրոջ հայեցողությամբ:
Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով Եվրասիական տնտեսական միության տարածքում ամրագրված է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը:
29.05.2014 թ-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 26 Հավելվածի V բաժնի 16 կետի համաձայն. Անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը, համաձայն որի տվյալ ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների առնչությամբ, որոնք իրավաչափորեն դրվել են քաղաքացիական շրջանառության մեջ ցանկացած անդամ պետության տարածքում՝ անմիջականորեն ապրանքային նշանի և (կամ) Միության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից, ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում։
Այսինքն` ապրանքների շարժի ազատությունը ենթադրում է, որ անդամ պետությունների տարածքում պետք է գործի իրավունքի սպառման միասնական սկզբունք:
Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով սահմանված է.
65. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ հավելված) V բաժնի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարին լրանալուց հետո:
66. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և ապրանքների նշանակման երկրի մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։67. Հայաստանի Հանրապետությունը Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ կմշակի և կհաստատի Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և ապրանքների նշանակման երկրի մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների արտահանման նկատմամբ հսկողության կարգ սահմանող նորմատիվ իրավական ակտ:
68. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կմշակի և կհաստատի միջոցառումների ծրագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում գործունեություն իրականացնելու համար տնտեսավարող սուբյեկտների ադապտացմանը։
2016 թվականի ապրիլի 13-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունվել է Միության մասին պայմանագիրը նորմերով լրացնող արձանագրության նախագծի մշակման մասին կարգադրություն, որը Եվրասիական միջկառավարական խորհրդին վերապահում են լիազորություններ՝ առանձին ապրանքատեսակների նկատմամբ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառումից բացառումներ կիրառելու համար:
Նման փաստաթղթի ընդունման դեպքում առանձին ապրանքատեսակների համար կթույլատրվի «զուգահեռ ներմուծում»: Մնացած դեպերում իրավատերն ու դիստրիբյուտորները ինքնուրույն են որոշելու զուգահեռ ներմուծումը թույլատրելու հնարավորության հարցը:
Ներմուծումը կանխարգելելու նպատակով ապրանքային նշանը գրանցելու է մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային գրանցամատյաններում:
Հատկանշական է, որ նույն ԵՏՄ տարածքում տարածաշրջանային սպառման սկզբունքի կիրարկումն ապահովվելու համար դեռևս ավարտին չեն հասցվել բոլոր աշխատանքները և առկա են բազմաթիվ հարցադրումներ, որոնք չեն ստացել պատասխաններ:
Այդպիսին է, օրինակ, Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործունեության ապահովումը :
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ 2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը: Սկզբունքի համաձայն՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների առնչությամբ, որոնք իրավաչափորեն դրվել են քաղաքացիական շրջանառության մեջ ցանկացած անդամ պետության տարածքում՝ անմիջականորեն ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում: Հետևաբար, այլ անձանց կողմից առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության տվյալ ապրանքային նշանի օգտագործումը, այդ թվում՝ «զուգահեռ ներմուծումը», կարող է համարվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում և կարող է հանգեցնել համապատասխան իրավական հետևանքների: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք մաքսային սահմանով տեղափոխում են վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքներ, ձեռք բերել ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը կամ թույլտվությունը ապրանքների տեղափոխման ժամանակ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վ. Միրումյանը հերքել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները՝ ասելով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտոմեքենաների /ենթադրվում է նաև այլ ապրանքների/ ներկրման արգելքը չի տարածվելու ֆիզիկական անձանց վրա, բայց թե գործնականում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ պարզ կդառնա 2018թ-ի ընթացքում…