ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիրը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձինք ավտոտրանսպորտային պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Պատահարի մասին ապահովագրողին հայտնելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների գործողությունները կարգավորվում են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կանոններով:
Ըստ այդմ՝ պատահարի մասին սպահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) ապահովագրական ընկերությանը պետք է տեղեկացնի անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում)՝ զանգելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով:
Հիշյալ պահանջը խախտվելու դեպքում, ապահովագրական ընկերությունը ձեռք է բերում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վնաս պատճառած անձի) նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք:
Պատահարի մասին անհապաղ հայտնելու պահանջից բացառությունները նախատեսված են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ այդմ՝ բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ
1.ապահովադիրը և(կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում,
2.հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելը,
3.ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով:Անդրադառնալով պատահարի մասին հայտնելու անհապաղության հարցին և «անհապաղ» եզրույթի մեկնաբանմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն ունի հետևյալ բովանդակությունը. «անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր դեպքում «անհապաղության» պարտադիր պայմանի գնահատումն իրականացնելիս դատարանները ոչ միայն պետք է հաշվի առնեն ծանուցման անմիջապես, նույն պահին իրականացված լինելու փաստը, այլև՝ դրա իրականացման՝ առաջին օբյեկտիվ, արդարացված հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ մեկնաբանությունները բխում են գործնականում հնարավոր այնպիսի իրավիճակները հաշվի առնելու անհրաժեշտությունից, որում վնաս պատճառած անձը կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովագրական պատահարի հետևանքով, կարող է օբյեկտիվորեն հապաղել պատահարի վերաբերյալ ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու՝ օրենսդրությամբ իր վրա դրված պարտավորության կատարման հարցում:
Տեղեկացման հապաղումը ողջամտորեն արդարացված կարող է համարվել, օրինակ, պատահարի արդյունքում կողմերի միջև առաջացած վեճի, կամ այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, ինչպիսիք են՝ պատահարի բարդ մեխանիզմը, պատահարի գիշերային ժամը, անմարդաբնակ վայրը, կապի միջոցների անհասանելիությունը, ինչպես նաև ցանկացած այլ օբյեկտիվ հանգամանք, որը թույլ կտա առանց ողջամիտ կասկածների եզրակացնել, որ նույնպիսի իրավիճակում հայտնված յուրաքանչյուր բարեխիղճ անձ տեղեկացման պարտավորությունը կկատերեր նույն կամ գրեթե նույն հապաղմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նման հանգամանքների թվին է դասել նաև այն դեպքերը, երբ պատահարի հետևանքով ստացվել են մարմնական վնասվածքներ ու թեև անձը դրանց հետևանքով չի հայտնվել անգիտակից վիճակում, սակայն ստեղծվել է օբյեկտիվ իրավիճակ, որն անհնար է դարձրել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելը: Ընդ որում, վնասվածքները կարող են լինել նաև այնպիսին, որոնց առկայությունը կարող է չբացահայտվել արտաքին զննությամբ, այնպես, ինչպես ներքին օրգանների վնասվածքների դեպքում է:
Բացի այդ, պատահարի մասնակցի մոտ կարող է ծագել լրացուցիչ միջամտություն կիրառելու կամ այդպիսի միջամտության աղբյուրներ որոնելու անհրաժեշտություն (օրինակ`ավտոմեքենաների բախման հետևանքով ավելի մեծ ծավալի վնասների ծագումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելը՝ մասնավորապես հնարավոր հրդեհը կանխելու նպատակով), որպիսի գործոնները իրավիճակով թելադրված լրացուցիչ գործողություններ կատարելու (այդ թվում՝ ապահովագրողից առաջ այլ անձանց զանգահարելու) անհրաժեշտություն են առաջացնում: Ուստի, որոշակի ողջամիտ տևողությամբ հապաղումը ցանկացած պատահարի դեպքում պետք է համարել ոչ միայն բնական, այլև անվիճարկելի՝ պատահարի մասնակիցների իրավունքների անհարկի սահմանափակումներն ու հնարավոր վնասները բացառելու կամ առնվազն նվազագույնի հասցնելու նպատակով՝ յուրաքանչյուր դեպքում գնահատման արժանացնելով պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու՝ ողջամիտ ժամկետում արդարացված հնարավորությունը:
Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ անգամ այն դեպքում, երբ առկա են պատահարի վերաբերյալ ապահովագրական ընկերության տեղեկացնելու ողջամտորեն արդարացված հապաղման հիմքերը, անձը շարունակում է կրել ապահովագրող ընկերությանը պատահարի վերաբերյալ ողջամիտ ժամկետներում տեղեկացնելու պարտավորությունը: Այս դեպքում արդեն, դատարանների կողմից ինքնուրույն գնահատում է պահանջում հետևյալ հարցադրումը. Արդյոք տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքների վերացումից հետո պարտավոր անձը ապահովագրական ընկերությանը պատահարի մասին ծանուցել է անհապաղ, այն է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:
Վերջում հավելենք, որ ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինությունը կամ հապաղման հիմքերի առկայությունը ապացուցելու դատավարական բեռը կրում է ապահովագրական ընկերությանը պատահարի վերաբերյալ տեղեկացնելու պարտավորություն կրող անձը: