Պարտադիր է արդյո՞ք դատարանի համար խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը.
Երեխայի դաստիարակության վերաբերյալ վեճեր քննելիս խնամակալության և հոգաբարձության մարմնի դերն, ըստ գործող օրենսդրության, առանցքային է:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքներում համայնքի ղեկավարներն են, իսկ Երևան քաղաքում խնամակալության և հոգաբարձության մարմնին վերապահված լիազորությունները քաղաքապետի անունից իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
Խնամակալության և հոգաբարձության մարմիններն օրենսդրությամբ վերապահված իրենց գործառույթներն իրականացնում են հասարակական հիմունքներով գործող հանձնաժողովների միջոցով: Հանձնաժողովում ներառված անդամներն էլ գործնականում կատարում են մարմնի գործառույթները, այն է՝ իրականացնում երեխայի և նրա դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի հետազոտությունը, կազմում և խնամակալության և հոգաբարձության մարմնի անունից դատարան ներկայացնում հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:
Հասարակական հիմունքներով գործող հանձնաժողովի անդամները միշտ չէ, որ աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: Նրանց կողմից կատարված հետազոտությունները հաճախ լինում են մակերեսային, դրանց արդյունքում կազմվող եզրակացությունները՝ ֆորմալ:
Հիշյալ հանգամանքով պայմանավորված՝ հաճախ խնամակալության և հոգաբարձության մարմինների անունից դատարան էին ներկայացվում վեճի լուծման վերաբերյալ երեխայի լավագույն շահերից ակնհայտորեն չբխող եզրակացություններ, որոնց ազդեցությունը գործի ելքի վրա, կարծես, հստակեցում էր պահանջում:
Իրավակիրառ պրակտիկայում քննարկվող եզրակացության դերին վերագրվող տարընկալումներն էլ ՀՀ վճռաբեկ դատարանի համար անհրաժեշտություն առաջացրեցին հարցի վերաբերյալ տալ հստակեցումներ:
Համաձայն ՍԴ3/0139/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի տված պարզաբանումների՝ թեև երեխայի դաստիարակության հետ կապված գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության առկայությունը պարտադիր է և այն կրում է մասնագիտական բնույթ, այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի ներկայացված հայցապահանջների մերժման կամ բավարարման հարցը:
Այսպիսով, վկայակոչված պարզաբանումների համատեքստում, ավելի, քան կարևորվում է դատավարության կողմերի ակտիվ դերակատարությունը երեխայի շահերին առնչվող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ ձեռք բերելու և դատարան ներկայացնելու հարցում, քանի որ, խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից գործի ելքի վերաբերյալ եզրակացության հավաստիությունը որոշվելու է հենց դատավարության մասնակիցների կողմից դատարանին ներկայացրած ապացույցների հետ դրա համադրման արդյունքում: