Ի՞նչ ծախսեր կարող է ենթադրել իրավունքների դատական պաշտպանությունը

Իրավունքների դատական պաշտպանությունը ենթադրում է որոշակի ծախսեր: Դրանց մի մասը ներառվում է դատական ծախսերում և համապատասխանաբար Դատարանի կողմից բաշխվում դատավարության կողմերի միջև:

Ինչպես հայտնի է, դատարանում պահանջների քննությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով ներկայացված հայցադիմումների և դիմումների հիման վրա: Բացառությամբ առանձին տեսակի պահանջների քննության՝ դատարան ներկայացվող հայցադիմումներին և դիմումներին պետք է կցվեն սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ կամ դրանց վճարումը հետաձգելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն: Պետական տուրքի վճարման չափերն, ըստ ներկայացվող պահանջների, ամրագրված են «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով: Պետական տուրքը կազմում է դատական ծախսերի մաս: Ինչպես արդեն վճարված, այնպես էլ՝ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին, գործը քննող դատարանը պարտադիր կերպով անդրադառնում է գործով վճիռ կայացնելիս:
Դատական գործընթացը, բացի պահանջի քննության համար անհրաժեշտ տուրքից, ենթադրում է նաև լրացուցիչ այլ ծախսեր: Օրինակ, այն դեպքում, երբ գործի քննության ժամանակ ծագում են հարցեր, որոնց պարզաբանումը պահանջում են հատուկ գիտելիքներ,  դատարանը նշանակում է փորձաքաննություն, ինչն իր հերթին ենթադրում է փորձագետի վարձատրություն: Կարևոր է իմանալ, որ փորձաքննության կատարման ծախսերը կրում է փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած կողմը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ փորձաքննություն նշանակելու նախաձեռնությունը պատկանում է գործը քննող դատարանին: Այս դեպքում արդեն, փորձաքննության հետ կապված ծախսերը ներառվում են դատական ծախսերում և դրանց բաշխման հարցը դատարանը կրկին լուծում է կայացվելիք դատական ակտով:
Դատական ծախսերում են ներառվում նաև վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարները:
Դատական ծախսերում իր առանձնակի նշանակությունն  ունի փաստաբանի խելամիտ վարձատրությունը, որն իրենից ներկայացնում է դատավարությունում շահերի ներկայացման նպատակով դատավարության կողմի՝ փաստաբանին վճարած կամ ապագայում վճարվող հոնարարը: Սրանք այն ծախսերն են, որոնք հավաստող ապացույցները կարող են ներկայացնել թե´ հայցվորը և թե´ պատասխանողը: Այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման (հանձնարարության) պայմանագրով փաստաբանի ծառայություններից օգտվողը համապատասխան վարձատրությունը ծառայություններ մատուցողին պետք է վճարի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` որոշակի ժամանակ անց, ապա պայմանագրում նման պայմանի առկայությունը կատարվելիք վճարումը հաստատող բավարար ապացույց է:
Հատկանշական է, որ անկախ վճարված գումարը բռնագանձելու պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե'ս` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1401/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Իսկ ինչպե՞ս է որոշվում քաղաքացիական գործերով փաստաբանի վարձատրության խելամտությունը: Փաստաբանի խելամիտ վարձատրության հարցը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացրած պարզաբանումներով: Ըստ այդմ՝ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս գործը քննող դատարանի կողմից պետք է ամբողջության մեջ հաշվի առնվի գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): Չբավարարված մասով փաստաբանի հոնարարի վճարումը, ըստ էության, դատավարության կողմի չհատուցվող ծախսն է:
Ամփոփելով իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հնարավոր ծախսերը, վերջում հավելենք, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, եթե գործին մասնակցող անձինք միմյանց հետ դատական ծախսերի բաշխման մասին այլ համաձայնության չեն եկել:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital