Ժառանգի մոտ ե՞րբ է ծագում ժառանգական գույքի հաշվին պարտատերերի պահանջները բավարարելու պարտավորությունը.
վճռաբեկ դատարանի նոր պարզաբանումները

Ինչպես հայտնի է ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարվում են ժառանգական գույքի հաշվին՝ ժառանգությունն ընդունած ժառանգի (ժառանգների) կողմից: Օրենսդիրը սահմանել է ժառանգությունն ընդունած ժառանգի կողմից ժառանգատուի պարտավորությունները կատարելու (ծախսերը մարելու) հերթականություն:
Ըստ այդմ ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները ներառված են երրորդ հերթում՝ առաջնահերթություն տալով 1-ին հերթում ներառված ժառանգատուի հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության անհրաժեշտ համարվող ծախսերի ու 2-րդ հերթում ներառված՝ ժառանգական գույքը պահպանելու, կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերի հատուցմանը:
Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքն անբավարար լինելու դեպքում այն համապատասխան հերթի պարտատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:
Իսկ երբ է ժառանգի (ժառանգների) մոտ ծագում ծախսերը, այդ թվում՝ ժառանգատուի պարտքերը մարելու պարտավորությունը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված միավանորմի՝ ժառանգները, իրենց անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում ծախսերը հատուցում են ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո: Հիշյալ իրավանորմի մեկնաբանությունն, այնուամենայնիվ, ներկայումս պետք է իրականացվի ՀՀ վճռաբեկ դատարանի՝  ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով տրված պարզաբանումների լույսի ներքո:
Դատարանը վկայակոչված գործով նշել է, որ «ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո» արտահայտությամբ օրենսդիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ քննարկվող ծախսերը հատուցվում են ժառանգության ընդունման համար օրենով սահմանված վեցամսյա ժամկետն ավարտվելուց և ժառանգների կազմը հայտնի դառնալուց հետո:
Բանն այն է, որ թե՛ ժառանգությունն ընդունելու, թե՛ դրանից հրաժարվելու համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, և միայն այդ ժամկետն ավարտվելուց հետո է պարզ դառնում, թե ժառանգներից ով կամ ովքեր են ընդունել ժառանգությունը, ով կամ ովքեր են հրաժարվում դրանից և ում պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր:
ժառանգության վկայագիր ստանալու պահը ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետի հետ նույնացնելու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը հիմնավորվում է ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու իրավական հնարավորությամբ և այս եղանակով ընդունած ժառանգներից ծախսերի հատուցում պահանջելու շուրջ գործնականում առաջացող բարդություններով: Բանն այն է, ժառանգատուի պարտքերը մարելուց խուսափող ժառանգները, գործնականում օգտվում էին ժառանգությունը փաստացի ընդունելու իրավական հնարավորությունից: Այս կերպ վերջիններս առանց ժառանգության իրավունքի վկայագիր ձեռք բերելու փաստացի ժառանգում էին գույքը և դրանով իսկ զրկում պարտատերերին ժառանգական գույքի արժեքի սահմաններում ծախսերի հատուցում կամ պարտավորությունների կատարում պահանջելու իրավական հնարավորությունից: Նման գործելակերպը, բնականաբար չէր բխում իրավունքների չարաշահման արգելքից և քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների իրավահավասարության սկզբունքից:  
բացի այդ, վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այն իրավակարգավորմամբ, համաձայն որի՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
Այսպիսով, գործող օրենսդրության համաձայն՝ ժառանգությունն ընդունած ժառանգներն օրենքով սահմանված կարգով և չափով պատասխանատու են ժառանգի՝ իրավահաջորդություն թույլ տվող պարտավորությունների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ժառանգության ընդունումը ժառանգության իրավունքի վկայագրով ձևակերպվել է, թե՝ ոչ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital