Oրենքով սահմանված թույլատրելի նվազեցումները  հարկվող շահույթը որոշելու համար.

Թույլատրելի նվազեցումներն օրենքով սահմանված ծախսերն են, կորուստները և այլ նվազեցումները: Նշված երկու տարրերի` համախառն եկամտի և թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ առաջացնում է հարկվող շահույթ, որից հնարավոր է հաշվարկել օրենքով սահմանված վճարման ենթակա շահութահարկի գումարը:

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2017 թվականի ապրիլի 07-ի թիվ  ՎԴ5/0519/05/13 վարչական գործով   անդրադարձել է օրենքով սահմանված թույլատրելի նվազեցումներին՝ արձանագրելով, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ծախսերի մասով համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել, եթե կատարված ծախսերը կապված են համախառն եկամտի ստացման հետ, ընդ որում` ծախսերը պետք է լինեն անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված:

Այսինքն` տնտեսվարող սուբյեկտի կատարած բոլոր ծախսերը չեն, որոնք կարող են նվազեցվել համախառն եկամտից, այլ դրանք անմիջականորեն և բացառապես պետք է կապված լինեն համախառն եկամտի ստացման հետ, իսկ այն ծախսերը, որոնք տնտեսվարողի կողմից կարող են կատարվել ոչ եկամտի ստացման նպատակով, չեն կարող նվազեցվել: Օրենսդրական նման մոտեցումը նպատակ է հետապնդում պաշտպանելու թե՛ պետության, թե՛ տնտեսվարող սուբյեկտների շահերը, քանի որ խթանում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իր միջոցներն անմիջականորեն եկամուտ ստանալուն ուղղելուն, ինչն իր հերթին նպաստում է պետության ընդհանուր տնտեսության զարգացմանը: Շարադրվածը չի նշանակում, սակայն, որ տնտեսվարող սուբյեկտը զրկված է այնպիսի ծախսեր անելու հնարավորությունից, որոնք անմիջականորեն և բացառապես ուղղված չեն տնտեսվարողի համախառն եկամուտը ձևավորելուն. այդպիսի ծախսերի կատարումն ընդամենը զրկում է տնտեսվարողին այդ ծախսերի մասով իր համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից:

Այսինքն, եթե տնտեսվարողի մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության   ստուգման արդյունքում պարզվում է, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտն իր հարկային հաշվետվություններում կատարել է համախառն եկամտից ապօրինի նվազեցումներ, այսինքն` կատարել է այնպիսի նվազեցումներ, որոնք կապված չեն եկամտի ստացման հետ կամ հիմնավորված չեն փաստաթղթերով, ապա այդ հանգամանքը պետք է իր մանրամասն նկարագրությունը ստանա ստուգման ակտում: Այսինքն` տվյալ պարագայում ստուգման ակտը պետք է կազմվի այնպես, որ հնարավոր լինի պարզել, թե որքան է կազմում տնտեսվարողի իրական հարկվող շահույթը, ինչպես նաև օրինական նվազեցումների` համախառն եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը` հղում կատարելով այն փաստաթղթերին, որոնցով հիմնավորվում է օրինական նվազեցումների այդ չափը: Այնուհետև ստուգման ակտում թվաբանական հաշվարկի տեսքով պետք է արտացոլվի վարչական մարմնի կողմից հայտնաբերված ապօրինի նվազեցումների գումարը, ինչպես նաև այդ նվազեցումների կատարման արդյունքում պակաս վճարված շահութահարկի և դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի ու տուգանքների գումարը: Այլ կերպ ասած` "Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերի ուժով ստուգման ակտում պետք է շարադրվեն տնտեսվարող սուբյեկտի կողմից իր հաշվետվություններում համախառն եկամտից "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի խախտմամբ կատարված նվազեցումները և այդ նվազեցումների ապօրինի լինելու վերաբերյալ վարչական մարմնի համապատասխան հիմնավորումները: Ավելին, ստուգման ակտում նշված փաստական հանգամանքների շարադրանքը` որպես ստուգմամբ բացահայտված խախտումների նկարագրություն, պետք է ամրապնդվի վարչական մարմնի կողմից ստուգմամբ ձեռք բերված համապատասխան ապացույցներով, որոնք կարող են հաստատել քննարկվող հարկային իրավախախտման առկայությունը:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital