Տուրիստական գործակալությունը պայմանագիր չի կնքել.
Վճռաբեկ դատարանի պարզաբանումները.

Վերջին տարիներին արտերկրում հանգստանալ ցանկացող քաղաքացիների թվի աճով պայմանավորված, աճում են նաև տուրիստական գործակալությունների և սպառողների միջև ծագող իրավական վեճերը: Վեճերի ծագման հիմքերը տարբեր են. ծառայություններ մատուցելիս տուրիստական գործակալի թույլ տված թերացումներից մինչև հանգիստը կազմակերպող հյուրանոցի կեցության և սննդի պայմանները: Սպառողների կողմից տուրիստական գործակալություններին ներկայացվող պահանջները, սակայն, նույնաբովանդակ են, այն է՝ վերադարձնել վճարված տուրիստական ծառայությունների արժեքը:

Հանգստի կազմակերպման ոլորտում ոչ պատշաճ ծառայությունների մատուցման պատասխանատվության չափը տուրիստական գործակալության համար որոշվում է ըստ նրա կողմից մատուցվող ծառայությունների ծավալի: Տուրիստական գործակալության կողմից մատուցվող ծառայությունների ծավալը սահմանվում է կողմերի միջև կնքվող գրավոր պայմանագրով: Դրանք հիմնական դեպքերում, կրում են ինֆորմատիվ (օրինակ՝ հյուրանոցային համալիրների գնային և ոչ գնային պայմանների ներկայացում և այլն), ինչպես նաև կազմակերպչական (հյուրանոցային համարի ամրագրում, ավիատոմսերի, էքսկուրսիաների գնում և այլն) բնույթ: Գործող օրենսդրությամբ սահմանված են ինչպես տուրիստական գործակալի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, այնպես էլ՝ զբոսաշրջիկների օրինական շահերի ապահովման նպատակով, տուրիստական գործակալի կողմից սպառողին պարտադիր հաղորդման ենթակա տեղեկությունների ծավալը: Ի թիվս այլոց, դրանք, մասնավորապես, վերաբերում են զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրին և (կամ) շրջագայության երթուղուն, զբոսաշրջային երթուղու տևողությանը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետներին,  ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրին, տեսակին և կարգին, զբոսաշրջային փաթեթի գնին:
Այսպիսով, այն դեպքում, երբ օրենքով սահմանված տեղեկությունները տուրիստական գործակալի կողմից չտրամադրելը կամ ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելը զբոսաշրջիկի համար առաջացրել է անհարմարավետություններ և միաժամանակ լրացուցիչ ծախսեր, ապա ծախսերը հիմնավորող ապացույցների առկայության պայմաններում զբոսաշրջիկն իրավասու է տուրիստական գործակալությունից պահանջել իր կողմից կատարված ծախսերի (վնասների) լրիվ հատուցում: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ տուրիստական գործակալը չի կարող պատասխանատվություն կրել այնպիսի հանգամանքների համար, որոնք չեն հանդիսանում վերջինիս կողմից թույլ տրված թերացումների արդյունք: Գործնականում հանդիպող նման հանգամաներից է մասնավորապես, հյուրանոցին տրված կարգի չափանիշներին հյուրանոցային պայմանների անհամապատասխանությունը, կամ, օրինակ, ավիափոխադրողի կողմից չվերթի հետաձգումն ու չեղարկումը:
Թեև տուրիստական գործակալի և սպառողի հարաբերությունները պետք է կարգավորվեն նրանց միջև կնքվող պայմանագրի միջոցով, այնուամենայնիվ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ ծառայությունները մատուցվում են բանավոր գործարքի կնքմամբ:
Գրավոր գործարք կնքելու պահանջի և այն չկնքելու բացասական հետևանքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկկ դատարանը տվել է պարզաբանումներ, որոնք գործող օրենսդրության համաձայն պարտադիր են կիրառության նույնանման փաստական հանգամանքներով վեճերի քննության համար:
Համաձայն պարզաբանումների՝ գրավոր պայմանագրի առկայությունը պահանջվում է այն դեպքերում, երբ զբոսաշրջային ծառայությունն իրենից ներկայացնում է զբոսաշրջային փաթեթի կազմում: Իսկ որպեսզի ծառայությունը համարվի զբոսաշրջային փաթեթի կազմում, մատուցվող ծառայությունը պետք է միաժամանակ համապատասխանի հետևյալ երեք պահանջներին.
1.    պետք է ներառի առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայություն (օրինակ՝ տրանսպորտային և հյուրանոցային ծառայություններ):
2.    այդ ծառայությունները պետք է մատուցվեն մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում, այսինքն՝ տուրիսատական գործակալն ի սկզբանե պետք է ունենա առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայություն մատուցելու, իսկ սպառողը` այն ստանալու մտադրություն,
3.    ծառայությունները պետք է ներառեն առնվազն մեկ գիշերակաց կամ դրանց տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը:
Ընդ որում՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից սպառողին երկու ծառայություն տրամադրելը բավարար չէ այն զբոսաշրջային փաթեթ գնահատելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն այն փաստը, որ ծառայությունները մատուցվել են տարբեր օրեր, դեռևս չի նշանակում, որ առկա չէ զբոսաշրջային փաթեթի ծառայություն: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից տրամադրված առնվազն երկու գործառույթ ընդգրկող համալիրը կլինի մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում կատարված այն դեպքում, երբ գործարքի կողմերն ի սկզբանե ունեցել են առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունների մատուցման մտադրություն:
Թեև տուրիստական փաթեթ կազմելու դեպքում գրավոր պայմանագրի կնքումն օրենսդրական պահանջ է, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն իր մեկնաբանություններում, նշել է նաև, որ զբոսաշրջային փաթեթի տրամադրման դեպքում կողմերի միջև գրավոր ձևով պայմանագիր չկնքելը, չի հանգեցնում գործարքի անվավերությանը: Նման եզրահանգումը դատարանը հիմնավորել է այն փաստարկով, որ իրավահարաբերությունները կարգավորող «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով, որպես գործարքի գրավոր ձևը չպահպանելու բացասական հետևանք, նախատեսված չէ գործարքի անվավերությունը:
Այսպիսով, ներկայիս իրավակարգավորումների համաձայն տուրիստական գործակալության և նման ծառայություններ ձեռք բերել ցանկացող անձի միջև գրավոր պայմանագիր կնքված չլինելու փաստական հանգամանքը, նրանց միջև կնքված գործարքի անվավերության չի հանգեցնում, ինչը, գործարքի կողմին զրկում է գործարքն ամբողջությամբ կատարված չլինելու դեպքում մյուս կողմից ողջ ստացածը ետ պահանջելու իրավական հնարավորությունից:
Վերջում հավելենք՝ որպես բացասական հետևանք՝ գործարքի գրավոր ձևը չպահպանելու դեպքում կողմերը զրկվում են ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` դատարանում վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից՝ այդուհանդերձ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital