ԱԱՀ-ով հարկման խնդիրը քաղաքացու կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում Նույն տեսակի գույքի օտարում  իրականացնելու դեպքում.

Վճռաբեկ դատարանի նոր մեկնաբանությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել…

Ավելացված արժեքի հարկի մասին  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ….ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`  (բ) մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Որպես կանոն` ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտը ձեռնարկատիրական գործունեություն վարող իրավաբանական և անհատ ձեռնարկատերերի իրականացրած գործարքներն են: Սակայն   ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մի շարք գործարքներ որոշակի պայմանների առկայության դեպքում ևս դիտարկվում են որպես ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ: Նշված գործարքներից են, մասնավորապես, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության, "բ" ենթակետով սահմանված գործարքները, որոնք վերաբերում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված որոշակի կատեգորիայի գույքի երկրորդ և ավելի թվով օտարմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով այս հարցին յուրովի է մեկնաբանել հոդվածի կիրառումը, որը կարող  է բազմաթիվ խնդիրներ առաջանցել հոդվածի կամ դրա մեկնաբանման վերաբերյալ անիրազեկ քաղաքացիների համար:
  Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մեկից ավելի անգամ օտարել է որոշակի կատեգորիայի գույք` բնակարան, առանձնատուն, անձնական օգտագործման ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողեր, ավտոտնակ,
2) թե՛ առաջին, թե՛ հաջորդող գործարքներով տեղի է ունեցել անձի սեփականությունը հանդիսացող գույքի օտարում,
3) թե՛ առաջին, թե՛ հաջորդող օտարումները կատարվել են որևէ ձևով հատուցման դիմաց, այսինքն` օտարողը ստացել է կամ պետք է ստանա վճար կամ այլ հանդիպական կատարում գույքի օտարման դիմաց,
4) գործարքով օտարվել է այնպիսի տեսակի գույք, որպիսի տեսակի գույք նախկինում մեկ օրացուցային տարվա ընթացքում արդեն օտարվել է նույն անձի կողմից (այսուհետև` նույն տեսակի գույք),
5) նույն տեսակի գույքի օտարման թե՛ առաջին, թե՛ երկրորդ և հաջորդող գործարքներն իրականացվել են միևնույն թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում,
6) երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարման գործարքով օտարվել է գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե գործարքը բավարարում է վերը նշված բոլոր պայմաններին, ապա այն "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, իսկ եթե նշված պայմաններից որևէ մեկը բացակայում է, ապա գործարքը չի կարող համարվել ապրանքի մատակարարում:

Այստեղ խնդրահարույց հարցը հետևյալն է հանդիսացել. Քանի որ նշված իրավանորմում առկա է այսպիսի ձևակերպում «օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում», քաղաքացիների մոտ համոզմունք ձևավորվել, որ տվյալ գույքը տվյալ տեսակի գույքն է՝ միաժամանակ երկուսը, այսինքն եթե միևնույն օրացուցային տարում օտարվել է երկու ավտոմեքենա, կամ երկու բնակարան, սակայն առաջին գույքը ձեռք է բերվել ավելի վաղ /օտարումից մեկ տարի առաջ/, ապա երկրորդի օտարման պարագայում ԱԱՀ չի առաջանալու/ տվյալ գույքը՝ 2 հատ ավտոմեքենան կամ 2հատ  բնակարանը ձեռք են բերվել մեկ տարի առաջ/:
Սակայն վճռաբեկ դատարանը կարծում է որ, դա այդպես չէ,  և առաջին գործարքով գույքի ձեռքբերման /առաջին ավտոմեքենայի, առաջին բնակարանի ձեռքբերման / պահը որևէ նշանակություն չի կարող ունենալ: Այսինքն` եթե 2017 թ-ի դեկտեմբերին՝ դիցուք օտարվել է երկու ավտոմեքենա, որից մեկը ձեռք է բերվել 2015 թ-ին կամ 2010 թ-ին /կարևոր չէ/ իսկ մյուսը ձեռք է բերվել 2016թ-ի դեկտեմբերին կամ դրանից հետո, ապա երկրորդ գույքի օտարումը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, քանի որ առկա է օտարում՝  նույն տեսակի գույք /ավտոմեքենա/, նույն  տեսակի գույքի օտարումը մեկ տարվա  ընթացքում է /2017թ-ին/, երկրորդ գույքը ձեռք բերելուց հետո չի անցել մեկ տարի ժամանակահատվածը /2016թ-ի դեկտեմբերին/:Այսինքն առաջին գույքի ձեռքբերման ժամանակահատվածը անտեսվում է:

Այս օրինակի պարագայում, եթե երկրորդ մեքենան ձեռք բերված լիներ 2016թ-ի դեկտեմբերից առաջ, ապա ԱԱՀ-ով չէր հարկվի:

Այս օրինակի պարագայում, եթե երկրորդ մեքենան վաճառվեր 2017թ-ի դեկտեմբերից հետո, ապա ԱԱՀ-ով չէր հարկվի:

Եթե մեքենան ոչ թե վաճառվեր, այլ տեղի ունանար նվիրատվություն , ապա ԱԱՀ-ով չէր հարկվի:

Այսպիսով, մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ և հաջորդող նույն տեսակի գույքի օտարման գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար այդ գույքի /երկրորդ գույքի/ ձեռքբերման և օտարման գործարքների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ տարին` անկախ այն հանգամանքից, թե երբ է ձեռք բերվել տվյալ օրացուցային տարում առաջինն օտարված գույքը (տե՛ս, Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital