18 ապրիլի 2017թ. ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցին:
Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 233-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները: Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին»:
Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` ... բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:
Դիմողները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է և սահմանվել է որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետ վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Դիմողների կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ դիմողները վերացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված ձևական սխալները` միևնույն ժամանակ թույլ են տվել նոր սխալ, այսինքն` կրկին նույն հիմքով ներկայացրել են վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:
Գործով սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձ է կատարելել հետևյալ հարցադրումներին`
- արդյո՞ք Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ վճռաբեկ բողոքի հետ կապված բոլոր թերությունները չնշելը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը,
- արդյո՞ք վճռաբեկ բողոքի հետ կապված Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները վերացնելուց հետո սահմանված ժամկետում կրկին ներկայացված բողոքում նոր թերություններ հայտնաբերելը և այդ հիմքով բողոքն առանց քննության թողնելը չի խոչընդոտում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի` դատական պաշտպանության իրավունքն այնքանով, որ անձը զրկված լինի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից,
- արդյո՞ք վճռաբեկ բողոքը վերադարձնելու և բողոքն առանց քննության թողնելու` Վճռաբեկ դատարանի որոշումների համակարգային հարաբերակցությունը` իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությանը համապատասխան, ապահովում է վճռաբեկության կարգով բողոքարկումների անհրաժեշտ հավասարակշռությունը` ապահովելով անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից մինչև մեկ ամիս ժամկետ նախատեսելը բավարար պայման է վճռաբեկ բողոքի հետ կապված բոլոր թերությունները հայտնաբերելու և դրանք մատնանշելու համար, իսկ օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի` «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները» դրույթը ենթադրում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է մատնանշվեն բողոքի ներկայացման հետ կապված բոլոր այն թերությունները, որոնք բողոքի վերադարձման հիմք են հանդիսանում:
Անդրադառնալով դիմողների կողմից բարձրացված հարցին` արդյո՞ք վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է դիտվել բողոքում նշված հիմքով նույն գործով արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներից բխող` անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության շրջանակներում Սահմանադրական դատարանը գտել է, որ. «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ»:
ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներում նշել է, որ վճռաբեկ դատարան տրվող գանգատին ներկայացվող պահանջները կոչված են ապահովելու արդարադատության լավագույն կառավարում, սակայն ազգային դատարանների կողմից գանգատների ձևակերպման նկատմամբ չափազանց ձևական մոտեցումը վճռաբեկ գանգատների ընդունման հարցում կարող է հանգեցնել դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Վճռաբեկ գանգատի` հստակ ձևակերպված չլինելու հիմքով վարույթ չընդունելը, ըստ ՄԻԵԴ-ի, կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման (Case of Reichman v. France, application no. 50147/11, 12/07/2016):
ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից հետևում է, որ պետք է խուսափել ավելորդ ձևականությունից, «բայց միաժամանակ չլինել չափազանց ճկուն, որպեսզի վճռաբեկ գանգատին ներկայացվող պահանջները չդառնան անիմաստ» (Case of Dumitru Gheorghe v. Romania, application 33883/06, 12/04/2016):
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործող իրավակարգավորումների շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձված և կրկին բերված բողոքը համարվում է սահմանված կարգով ներկայացված` պայմանով, որ բողոքաբերը սահմանված ժամկետում վերացրել է Վճռաբեկ դատարանի մատնանշած բոլոր թերություններն ու ձևական սխալները: Հակառակ պարագայում բողոքը պետք է դիտվի որպես ամբողջությամբ նոր բերված բողոք, որի առնչությամբ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի օրենսգրքով նախատեսված որևէ որոշում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը ստիպված չի լինի կայունության սկզբունքից ելնելով վերադարձնելուց հետո ձևական սխալներով կրկին ներկայացված բողոքի վերաբերյալ ընդունել բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում` այն պատճառաբանությամբ, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:
Որոշել է , որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հետ կապված առկա բոլոր այն թերությունները, որոնք օրենքի համաձայն հիմք են վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար և որոնց շտկելուց հետո բողոքը կհամարվի սահմանված կարգով ներկայացված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված Վճռաբեկ դատարանի որոշում: