Նոր փոփոխությունները կարելի է բնութագրել ինչպես դրական լույսի ներքո այնպես էլ պետք է փաստել, որ այն որոշակիորեն խնդրահարույց է.
Դրական է հատկապես այն, որ բարելավվել է պատասխանատվության հիմքը /վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր չափի նվազագույն շեմը, հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն սահմանվել է նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4.000.000 մլն ՀՀ դրամ)/ և առավել հստակեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի գործող դիսպոզիցիան, որը բնորոշում էր հանցանքի կատարման եղանակները:
Սակայն միաժամանակ նոր փոփոխությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու մեկ այլ հիմքը, որը նախկինում պարտադիր պայման էր հանդիսանում, վերացվել է. խոսքը վերաբերում է հարկը չմուծելիս չարամտության դրսևորմանը, որն այսուհետ բացակայում է, հետևաբար քրեական պատասխանատվության հարցը քննարկելիս դատարանները գնահատման առարկա չեն դարձնելու թե այդ արարքը արդյո՞ք կատարվել է չարամտորեն թե ոչ:
Այսինքն նախկին կարգավորմամբ հարկերը խուսափելու համար քրեական պատասխանատվություն էր սահմանված չարամտության առկայության պարագայում, որը նոր փոփոխությամբ վերացվել է: Օրինակ` նոր փոփոխություններով Քրեական պատասխանատվություն է առաջանալու այն պարագայում, երբ հարկման հիմք հանդիսացող պարտադիր որևէ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացվել, անկախ այն հանգամանքից թե դա կատարվել է չարամտորեն թե ոչ:
Փոփոխության հեղինակները, որպես հիմնավորվում նշել են այն փաստարկը, որ Իրավակիրառողների համար բավականին դժվարություն է առաջանում ապացուցել օրինակ՝ թե որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ չվճարելու, որ դեպքն իր մեջ չարամտություն չի պարունակում:
Նշվածի հետ հնարավոր կլիներ համաձայնվել, եթե խոսքը վերաբերեր քրեական պատասխանատվությունը սահմանող այլ ոչ թե բացառող որևէ դրույթի վերացմանը, սակայն այս դեպքում տեղի է ունեցել հակառակը, վերացվել է պատասխատավության ենթարկելու գրծող հիմքերից մեկը: Անկախ այն հանգամանքից թե արարքը չարամտորեն է կատարվել թե ոչ, անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության և իրակաիրառողների մոտ դժվարությունները ապացուցելու չարամտությունը երևի թե արդարացված էր, քանի որ խոսքը վերաբերում է քրեական պատասխանատվությանը, ավելին՝ անձի հնարավոր ազատազրկմանը:
Միաժամանակ արձանագրվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նոր խմբագրությունը լուծելու է կարևորագույն խնդիր՝ վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորության սահմանափակումը, քանի որ քննարկվող նորմի դիսպոզիցիայում հստակեցվել են հանցագործության կատարման եղանակները և իրավական պարտադիր այլ չափանիշները:
Այս մասով դեռ ժամանակը ցույց կտա թե արդյոք վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխվելու են թե ոչ և արդյո՞ք միայն դիսպոզիացիայի հստակեցումը բավարար է այդ խնդիրը լուծելու համար:
Ինչպես ՀՀ վարչապետը նշեց այս փոփոխությունն ուղղված է գործարար ոլորտի ապաքրեականացմանը, իսկ արդարադատության նախախարը հաստատեց, որ փոփոխությունը նպաստելու է գործարար ոլորտի բարելավմանը
Հոդված 205. Մինչև փոփոխությունը
Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը
1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:
Հոդված 205 Փոփոխությունից հետո
1. Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով`
1) օրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող` հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը կամ
2) օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող` հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:
Հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը: