2017 թվականի մարտի 1-ին ընդունված նոր օրենքով, որով փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում /փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2017թ-ի ապրիլի 8-ից/ քրեական օրենսգրքով տուգանքը, որպես պատասխանատվության միջոց նշանակած դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվելու է հանրային աշխատանքներով:
Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Այդ դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։
Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին: .
Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`
1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:
Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով: