Փաստաթղթերում առկա անճշտություններն ու հետևանքները
Փաստաթղթերում անճշտությունների առկայությունն այն տարածված խնդիրն է, ինչին բախվում են քաղաքացիները օրենքով ամրագրված իրենց իրավունքն իրականացնելիս: Փաստաթղթերում տեղ գտած անճշտությունների արդյունքում չեն հաստատվում այն փաստերը, որոնց հաստատմանն է ծառայում նույն ինքը՝ փաստաթուղթը: Նման խոչընդոտների են, օրինակ, բախվում այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքից, սակայն աշխատանքային գրքույկում տեղ գտած անճշտությունը հնարավորություն չի ընձեռում նույնականացնել այն տիրապետողին:
Այն դեպքում, երբ փաստաթղթերում առկա անճշտությունները հնարավոր չէ ուղղել համապատասխան մարմնի կողմից, առաջանում է դրա չհաստատվող փաստերը դատական կարգով հաստատելու անհրաժեշտությունը: Հատուկ վարույթի կարգով քննվող այս գործերն ունեն մի շարք առանձնահատկություններ և խնդրահարույց կողմեր, ինչպիսի փաստով էլ պայմանավորված խորհուրդ է տրվում այն անպայմանորեն կազմակերպել մասնագետների օգնությամբ: Առանձնահատկությունները վերաբերում են ինչպես դիմումի կազմմանը, այնպես էլ պահանջի ճիշտ ձևակերպմանն ու թույլատրելի և վերաբերելի ապացույցների կազմին, որոնց ներկայացման պարագայում միայն դատարանը կարող հաստատված համարել դրանք դիմումատուին պատկանելու իրավաբանական փաստը:
Իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության մասին փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ ընդունելիս, Դիմումատուները դատարանին պետք է ներկայացնեն ապացույցներ այն մասին, որ այդպիսի փաստաթղթերը պատկանում են իրեն և որ դրանք տվող կազմակերպությունը ի վիճակի չէ ուղղելու դրանցում եղած սխալները։
Գործնականում, սակայն, անճշտություններ են հանդիպում ոչ միայն դիմումատուին պատկանող փաստաթղթերում, այլև այն փաստաթղթերում, որոնք թեև չեն պատկանում դիմումատուին, բայց դրանցով հաստատվող փաստերը որոշակի իրավունքներ են առաջացնում դիմումատուի համար: Որպես օրինակ կարող ենք նշել ժառանգության գործերով տարածված այն դեպքերը, երբ որևէ անձի հետ ազգակցական կապի հաստատմանը խոչընդոտում է նրան կամ երրորդ անձին պատկանող ծննդյան վկայականում տեղ գտած անճշտությունը: Նման դեպքերում դիմումատուները դատական կարգով հաստատում են իրենց ազգակցական կապը կոնկրետ անձի հետ, ինչը, օրենսդրական ոչ այնքան պատշաճ կարգավորումների արդյունքում, դատարանների հայեցողությամբ հաճախ մերժվում է:
Բանն այն է, որ թեև գործող օրենսդրությամբ դատարանի կողմից հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շարքում է քաղաքացիների միջև ազգակցական կապի հաստատումը, այնուամենայնիվ, այն նման դեպքերում չի ծառայում արդյունավետ մեխանիզմ: ԴՆԽ կողմից տրված, թեև խորհրդակցական, սակայն գործնականում դատարանների կողմից անշեղորեն կիրառվող պարզաբանումներով, դատարանները, քաղաքացիների միջև ազգակցական կապը կարող են հաստատել միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ ՔԿԱԳ մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերը չեն պահպանվել և անհնար է դրանց վերականգնումը արտադատարանական կարգով։ Նման դեպքերում դիմումատուն կրում է կորած գրանցման վերականգնման անհնարինությունը փաստող ՔԿԱԳ-ի եզրակացությունը դատարան ներկայացնելու դատավարական պարտականությունից: Հիշյալ պարզաբանումներով պայմանավորված, որոշակիորեն խնդրահարույց են դառնում ազգակցական կապի հաստատման այն պահանջների բավարարումը, որոնց հիմքում է ոչ թե անհրաժեշտ գրառման՝ ՔԿԱԳ մարմնում պահպանված չլինելը, այլ դրանում առկա անճշտությունը:
Որպես այլընտրանք, շահերի պաշտպանություն հայցող անձինք ներկայացնում են փաստաթղթերում տեղ գտած գրառումները որևէ անձին վերաբերելու պահանջ: Նման պահանջը ևս հուսալի չէ, քանի որ դատական պաշտպանության համապատասխան մեխանիզմի բացակայության մատնանշմամբ և անալոգիայի ինստիտուտի անտեսմամբ, դատարանների կողմից պահանջ մերժվում է:
Այսպիսով, ներկայիս օրենսդրական բացի և դատարանների կողմից հաճախ նկատվող անշրջահայացության արդյունքում, փաստաթղթում առկա անճշտություններով պայմանավորված իրավաբանական փաստերի հաստատման գործընթացը խորհուրդ է տրվում ձեռնարկել հնարավորինս շուտ, քանի դեռ կենդանի է տվյալ փաստաթղթի տիրապետողը: