Հակասահմանադրական է ճանաչվել վճռաբեկ բողոք բերելիս դատական ակտերը կցելու պահանջը
ՀՀ Սահմանադրական դատարանի 12 հուլիսի 2016թ ՍԴՈ-1293 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քաղաքացիականդ դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, որով սահմանված էր հետևյալը. Վճռաբեկ բողոք .. ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի… բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ:
Գործի նախապատմությունը հետևյալն է.
Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր ընկերության վճռաբեկ բողոքը որոշումն սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով տասնհինգօրյա ժամկետ: Վճռաբեկ բողոքը ընկերության կողմից կրկին ներկայացվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի հիման վրա վճռաբեկ դատարանը ընդունել է "Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին" որոշում` պատճառաբանելով, որ. "... Ընկերության անունից նախկինում բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի որոշմամբ վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, սակայն բողոքին կից չի ներկայացրել այդ դատական ակտերը, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության:
Դիմող ընկերությունը վկայակոչել է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետության սահմանափակման փաստերը:
Պատասխանողը գրեթե ինչպես միշտ որևէ խնդիր չի գտել իրավունքների սահմանափակման հարցերում, փաստելով որ ամեն ինչ օրինական է և սահմանադրական:
Սակայն Սահմանադրական դատարանը արդարացիորեն բավարարել է ընկերության դիմումը՝ ճանաչելով հակասահմանադրական բողոքին կից վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջը, ի թիվ այլոց հիմնավորելով դա ՄԻԵԴ (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000), որոշմամբ առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, "...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն:
Սահմանադրական դատարանը արձանագրել է նաև, որ վեճի առարկա իրավանորմի շրջանակներում վկայակոչվող դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին, նման պահանջը ոչ միայն ոչ համարժեք սահմանափակում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացումը, այլև Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրաիրավական գործառույթի արդյունավետ և ամբողջական իրացման առումով խոչընդոտ է հանդիսանում` հնարավորություն չտալով Վճռաբեկ դատարանին օրենքով սահմանված այլ հիմքերի բավարարման պարագայում վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և իրականացնել արդարադատություն:
Սա յուրահատուկ հաղորդագրություն է վճռաբեկ դատարանին, որ այն դեպքում, երբ դիմողի վկայակոչած հիմքերը այն մասով, որ հղում են կատարում որոշակի դատական ակտին հակասությանը կգնահատվի ոչ բավարար՝ բողոքը վարույթ ընդունելու համար, սակայն միևնույն ժամանակ ներկայացված վճռաբեկ բողոքում առկա կլինեն բողոքը վարույթ ընդունելու համար բավարար այլ հիմքեր, ապա այն պետք է ընդունել վարույթ:
Ի վերջո` այդ դատական ակտերը հասանելի են վճռաբեկ դատարանին և պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հասանելիությունը, իսկ ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանություն ապահովվել կողմի վրա դնելը վերջինիս ծանրաբեռնում է հավելյալ պարտավորություններով՝ այդ թարգմանության համար հատկացնել հիմնականում նվազագույն աշխատավարձը գերազանցող դրամական միջոցներ, դեռ երբ նույնիսկ պարզ էլ չէ բողոքը վարույթ ընդունվելու է թե ոչ և հսկայական ժամանակ թարգմանված ակտերը ներկայացնելու համար, իսկ թե ինչպիսին են թարգմանությունների որակը մեզ մոտ…:
Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը` վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, 78-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր: