Զինվորական ծառայությունը Հայաստանում

Հայաստանում զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտականությունն է՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինվորական ծառայության մասին օրենքով։

Զորակոչի գործընթացն իրականացվում է զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների կողմից՝ տվյալ տարվա հունվար և մայիս ամիսներին։

Քաղաքացիները պարտավոր են ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ (իսկ հաշվառված չլինելու դեպքում՝ բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ)՝ զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար։ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարելուց հետո բոլոր նախազորակոչիկները պարտավոր են ծանուցագրով սահմանված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ։

Հաճախ տրվող հարցեր

Հարց. Ես չեմ անցել զինվորական ծառայություն։ Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ։

Պատասխան. Եթե Դուք չեք կատարել Ձեր պարտականությունները, ապա Հայաստանում հարուցվում է քրեական գործ, և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Ձեր նկատմամբ հայտարարվում է հետախուզում։

Հարց. Ե՞րբ և ինչպե՞ս է հնարավոր դադարեցնել քրեական հետապնդումը։

Պատասխան. Եթե լրացել է Ձեր 27 տարին, և Դուք չեք ծառայել հայկական բանակում, ապա կիրառվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (խնդրում ենք ծանոթանալ ստորև ներկայացված՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանմանը)։

Այն քաղաքացիները, որոնք սահմանված կարգով ենթակա են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետում ստանալու, 27 տարին լրացած լինելու դեպքում կարող են վճարել 3.600.000 ՀՀ դրամ միանվագ տուգանք (ընդհանուր կարգ)։ Նույն օրենքով նախատեսված են նաև այլ տարբերակներ։

Ուշադրություն. Օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, և դրա գործողության ժամկետն այլևս չի երկարաձգվելու։ Հետևաբար, 27 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի պետք է դիմի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հարց. Ես չեմ ցանկանում ծառայել բանակում՝ ելնելով իմ կրոնական համոզմունքներից։ Կա՞ արդյոք այլընտրանք։

Պատասխան. Այո՛։ Նման քաղաքացիների համար 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։

Հարց. Ես նաև այլ երկրի քաղաքացի եմ և արդեն ծառայել եմ այդ երկրի բանակում։ Արդյո՞ք պարտավոր եմ կրկին զինվորական ծառայություն անցնել Հայաստանում։

Պատասխան. Օտարերկրյա պետության քաղաքացին, որն ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը տվյալ օտարերկրյա պետության զինված ուժերում ծառայել է առնվազն 12 ամիս կամ անցել է առնվազն 18 ամիս այլընտրանքային զինվորական ծառայություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ընդունել է օտարերկրյա պետության քաղաքացիություն, չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այն հանգամանքից՝ ծառայել է օտարերկրյա պետությունում, թե ոչ։

Երկքաղաքացին չի ազատվում զինվորական զորակոչից և վարժական հավաքներից։

Հարց. Ես չեմ ծառայել հայկական բանակում, այնուհետև ստացել եմ այլ երկրի քաղաքացիություն, որտեղ նույնպես զինվորական ծառայություն չեմ անցել։

Պատասխան. Այն քաղաքացիները, որոնք Հայաստանում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել և հետագայում ստացել են այլ երկրի քաղաքացիություն, 27 տարին լրացած լինելու դեպքում նույնպես կարող են ազատվել զինվորական ծառայության պարտականությունից՝ վճարելով 3.600.000 ՀՀ դրամ (խնդրում ենք ծանոթանալ ստորև ներկայացված՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանմանը)։

Ուշադրություն. Օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, և դրա գործողության ժամկետն այլևս չի երկարաձգվելու։ Հետևաբար, 27 տարին լրացած և համապատասխան պայմաններին բավարարող յուրաքանչյուր քաղաքացի պետք է դիմի մինչև 2019 թվականի ավարտը։