Կանխիկ գործարքները կսահմանափակվեն

2022 թվականի հունվարի 18-ին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Օրենքը կարգավորում է ապրանքների և գույքի օտարման, ապրանքների և գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական և գործուղման ծախսերի հետ կապված անկանխիկ հաշվարկները, ինչպես նաև անկանխիկ գործառնություններն ու դրանց առնչվող այլ հարաբերությունները։

Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող դրանց ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների ու փաստաբանների վրա։

Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավոր կամ բանավոր ձևով կնքված գործարքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված և փաստացի վճարված գործարքների վրա։

2022 թվականի հուլիսի 1-ից 300 000 ՀՀ դրամը գերազանցող՝ ապրանքների և գույքի օտարման, ապրանքների և գույքի օգտագործման, աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման գործարքների, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, վարկերի տրամադրման և ստացման դեպքում, երբ կողմերից մեկը ֆիզիկական անձ է, հաշվարկներն ու վճարումները կատարվում են անկանխիկ ձևով։

Օտարերկրյա կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց միջև ցանկացած գործարքի դիմաց վճարումն ու վճարի ստացումը կատարվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ կանխիկ դրամով վճարելու կամ կանխիկ դրամ ընդունելու սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ կանխիկ վճարման թույլատրելի չափը գերազանցող գումարի՝ խախտման գումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 000 դրամը, և ոչ ավելի, քան 2 000 000 դրամը։