Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 1-ին, թեև որոշ դրույթների համար նախատեսված են կիրառման ավելի ուշ ժամկետներ։ Մասնավորապես, օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում։ Օրենքի 6-րդ գլուխը, որը սահմանում և կարգավորում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեությունը, ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից օպերատորի ընտրության գործընթացին կոնսորցիումի մասնակցության կարգը սահմանելուց և օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1149-Ն որոշմամբ արդեն սահմանել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման կարգը, օպերատորի ընտրության գործընթացին կոնսորցիումի մասնակցության կարգը և օպերատորի հետ պայմանագիր կնքելու կարգը։
Օպերատորը կարևոր գործառույթներ է իրականացնում խաղային ոլորտի կարգավորման և վերահսկողության շրջանակներում։ Այն ապահովում է գործունեության հավաստագրերի տրամադրումը, երկարաձգումը և դադարեցումը, խաղային արտադրանքների համապատասխանության հավաստագրումը և միացումը մոնիթորինգային կենտրոնին։
Օպերատորը ներկայացնում է առաջարկություններ տեխնիկական չափորոշիչների, «պատասխանատու խաղի» կանոնների և չափորոշիչների վերաբերյալ, իրականացնում է այցելություններ և մշտադիտարկումներ, բացահայտում խախտումները և տեղեկացնում համապատասխան մարմիններին։
Այն համագործակցում է պետական մարմինների հետ, ապահովում շուկայի վերլուծությունը, տվյալների գաղտնիությունը, սահմանափակումներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, ծառայությունների գնագոյացումը և խաղացողների բողոքների վերաբերյալ կարծիքների տրամադրումը։
Օպերատորն իրական ժամանակում հասանելիություն ունի կազմակերպիչների համակարգերին և իրականացնում է գործարքների մշտադիտարկում, վերլուծություն և ռիսկերի գնահատում։
Օպերատորի առկայությունը չափազանց դրական է խաղային ոլորտի համար, քանի որ այն ապահովում է թափանցիկություն, անվտանգություն և արդարություն։ Այս մոտեցումը խթանում է պատասխանատու խաղը, պաշտպանում շահերը և նպաստում շուկայի կայուն զարգացմանը՝ ամբողջ համակարգը դարձնելով առավել հուսալի և արդյունավետ։
Կարծում ենք, որ Հայաստանում խաղային գործունեություն իրականացնող ձեռնարկությունների համար շրջանառության նկատմամբ սահմանված 10% հարկը, ընդհանուր առմամբ, ողջամիտ միջոց է, հատկապես այլ ոլորտների հարկման հետ համեմատությամբ։
Օրինակ՝ իրավաբանական ընկերությունները և իրավաբանական այլ գործունեություն իրականացնողները վճարում են 18% շահութահարկ, ինչպես նաև 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ինչը կարող է հանգեցնել նրանց գործունեության նկատմամբ զգալի արդյունավետ հարկային բեռի։
Այս տեսանկյունից խաղային գործունեության համար շրջանառության նկատմամբ սահմանված միասնական 10% հարկը թվում է արդարացի և ոչ չափազանց ծանրաբեռնող, քանի որ այն համապատասխանում է կառավարության՝ բարձր շահութաբերություն ունեցող ոլորտից եկամուտներ ապահովելու ջանքերին՝ միաժամանակ չխոչընդոտելով դրա գործունեությանը։
Չեմ կարծում, որ այն անհամաչափ ֆինանսական բեռ է առաջացնում, քանի որ ձեռնարկությունների տարեկան շահույթը կարող է վերահսկվել և հաշվետվությունների միջոցով ներկայացվել՝ իրական ազդեցությունը գնահատելու նպատակով։ Այս թափանցիկությունը պետք է օգնի փարատելու ցանկացած մտահոգություն և ցույց տալու, թե արդյոք հետագայում անհրաժեշտ կլինեն փոփոխություններ։
Ինչ վերաբերում է Հայաստանում խաղային գործունեության անօրինական հատվածի նկատմամբ վերահսկողությանը, կարծում եմ, որ ներկայումս այն բավականին չափավոր է և բարելավման կարիք ունի՝ չնայած վերջին շրջանում ձեռնարկված քայլերին, ինչպիսին է, օրինակ, կայքերի արգելափակումը։
Զեկույցներում ընդգծվում են շարունակվող մտահոգությունները՝ կապված խաղային կախվածության և կարգավորումների փոփոխությունների պայմաններում սև շուկայի աճի հետ։
Այնուամենայնիվ, հատուկ օպերատորի ներդրումը (ինչպես նախատեսված է խաղային գործունեության մասին օրենքով) պետք է էապես նպաստի իրավիճակի բարելավմանը, քանի որ դրա մշտադիտարկման, հավաստագրման և իրական ժամանակում վերահսկողության գործառույթները հնարավորություն կտան շուկայի վերաբերյալ ունենալու շատ ավելի ամբողջական պատկերացում՝ հեշտացնելով չլիցենզավորված գործունեության դեմ պայքարը և օրենսդրության պահանջների պահպանումն ապահովելը։
Ընդհանուր առմամբ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել առավել վերահսկելի և կայուն խաղային ոլորտի ձևավորմանը։
