Հայաստանում ապրանքային նշանի գրանցման դեմ դիտողությունների և առարկությունների ներկայացումը
Երրորդ անձի դիտողությունը՝ ապրանքային նշանի գրանցման մերժման բացարձակ հիմքերով
Ապրանքային նշանի հայտի հրապարակման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, ցանկացած երրորդ անձ կարող է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն) ներկայացնել գրավոր դիտողություն՝ հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ՝ հիմնավորելով, որ դրա գրանցումը ենթակա է մերժման «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով։
Նման դիտողությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, Գործակալությունը հայտատուին ուղարկում է ծանուցում՝ ներկայացված դիտողության վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու համար։ Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում, Գործակալությունը դիտողությունը քննարկում է առկա նյութերի հիման վրա։
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է գրանցման մերժման բացարձակ հիմքերի սպառիչ ցանկը։
Մտավոր սեփականության իրավատիրոջ կամ երրորդ անձի առարկությունը՝ ապրանքային նշանի գրանցման մերժման հարաբերական հիմքերով
Ապրանքային նշանի հայտի հրապարակման օրվանից սկսած՝ երկու ամսվա ընթացքում, ապրանքային նշանի իրավատերերը, ինչպես նաև պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ ավելի վաղ իրավունքներ ունեցող անձինք, հեղինակային իրավունքի իրավատերերը կամ ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են Գործակալություն ներկայացնել գրավոր առարկություն կամ առարկություններ՝ հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ՝ հիմնավորելով, որ դրա գրանցումը ենթակա է մերժման «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերով։
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են ապրանքային նշանի գրանցման մերժման հարաբերական հիմքերը։
Առարկություն ներկայացնելու համար վճարվում է պետական տուրք։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առարկություն ներկայացնելու համար պետական տուրքը կազմում է 10 000 ՀՀ դրամ։
Առարկությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Գործակալությունն ուսումնասիրում է այն և ծանուցում համապատասխան ապրանքային նշանի հայտատուին՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում ներկայացնել առարկության վերաբերյալ իր նկատառումները։ Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում, Գործակալությունը քննարկումն իրականացնում է առկա նյութերի հիման վրա։
Գործակալության որոշումը դիտողության կամ առարկության վերաբերյալ
Դիտողությունների և առարկությունների քննարկման արդյունքում Գործակալությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել դիտողությունը կամ առարկությունը և մերժել ապրանքային նշանի գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար,
2) մերժել դիտողությունը կամ առարկությունը։
Աջակցությո՞ւն է անհրաժեշտ Հայաստանում ապրանքային նշանի գրանցման դեմ առարկության ներկայացման կամ դրա դեմ պաշտպանության հարցում
Եթե հարցեր ունեք այլ անձի ապրանքային նշանի հայտի դեմ առարկություն ներկայացնելու վերաբերյալ կամ աջակցության կարիք ունեք Ձեր ապրանքային նշանի հայտի դեմ ներկայացված առարկությունից պաշտպանվելու համար, դիմեք մեզ՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով։
Այս ոլորտում մեր ծառայությունները ներառում են՝
• Ապրանքային նշանների պաշտոնական տեղեկագրի մշտադիտարկում։
• Խորհրդատվություն՝ նախատեսվող առարկության բավարարման հավանականության վերաբերյալ։
• Ապրանքային նշանների հայտերի դեմ առարկությունների ներկայացում։
• Ապրանքային նշանի հայտի դեմ ներկայացված առարկությունների կապակցությամբ հայտատուի շահերի պաշտպանություն։
• Դիմումների կազմում և ներկայացուցչություն ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում։
• Բանակցությունների վարում՝ կողմերի միջև վեճը հաշտությամբ կարգավորելու նպատակով։
• Դատական ներկայացուցչություն։
Ապրանքային նշանների ոլորտում մասնագիտացած մեր իրավաբանները կարող են խորհրդատվություն տրամադրել ապրանքային նշանների գրանցման դեմ առարկությունների և գրանցումների չեղարկման հետ կապված իրավական հարցերով։ «Այլեքս» իրավաբանական գրասենյակը կարող է նաև ներկայացնել Ձեր շահերը ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում՝ ապրանքային նշանի գրանցման դեմ առարկության հետ կապված ցանկացած հարցով։
