«Forum non conveniens» կանոնը Հայաստանում

2015 թվականի արխիվային հոդվածի թարգմանություն։ Պահպանված են այդ ժամանակաշրջանի իրավական հղումները և հեղինակի գնահատականները։ Տեքստն ու ծանոթագրությունները համադրված են հոդվածի սկզբնական PDF տարբերակի հետ։

Անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանի Հանրապետության միջազգային դատական իրավասության կանոնները լրացնել «forum non conveniens» ավանդական կանոնով

Մայրցամաքային իրավունքի երկրների, հատկապես հետխորհրդային տարածքի իրավաբանների համար (այսուհետ՝ «զարգացող մայրցամաքային իրավական համակարգեր» կամ «DCL համակարգեր») «forum non conveniens» դոկտրինը (այսուհետ՝ «FNC») բավական անսովոր է։ Իրապես, առնվազն DCL համակարգերում անսովոր է, որ դատարանը կարող է հայեցողական լիազորություն ունենալ՝ հրաժարվելու իր իրավասությունն իրականացնելուց, եթե կողմերի համար ավելի հարմար կլիներ, որ գործը քննվեր այլ դատարանում։1

Սակայն զարգացած իրավական համակարգերից տարբեր իրավական ինստիտուտների փոխառումն արդեն լայնորեն ընդունված պրակտիկա է DCL համակարգերում՝ անկախ նրանից, թե այդ ինստիտուտները որքան անսովոր են տեղական իրավական մշակույթի համար։

Կարծում եմ՝ FNC-ն կարող է լինել հաջորդ ինստիտուտը, որի ներդրումը կքննարկվի այնպիսի զարգացող մայրցամաքային իրավական համակարգում, ինչպիսին Հայաստանի Հանրապետության իրավական համակարգն է (այսուհետ՝ «ՀՀ»)։ Ուստի այս հոդվածում կքննարկվի նման ներդրման անհրաժեշտությունը։

Այդ նպատակով նախ պետք է պարզենք FNC դոկտրինի հիմնական նպատակները։ Այնուհետև կանդրադառնանք միջազգային մասնավոր իրավունքի շրջանակում կիրառվող՝ ՀՀ դատական իրավասության կանոններին՝ հնարավոր իրավական բացը բացահայտելու համար։ Վերջապես կքննարկենք ՀՀ օրենսդրության մեջ FNC կանոնն այն ձևով ներդնելու անհրաժեշտությունը, որով այն ընդունված է ընդհանուր իրավունքի համակարգերում (այսուհետ նաև՝ «ավանդական FNC»)։

Հոդվածում չեն քննարկվի FNC-ի պատմական զարգացումը և ընդհանուր իրավունքի համակարգերում (այսուհետ նաև՝ «CL համակարգեր») դոկտրինի գործնական կիրառման տարբեր ասպեկտները։

Նշված հարցերն ուսումնասիրելիս FNC դոկտրինը կհամեմատենք դրա հետ մրցակցող «lis pendens» դոկտրինի (այսուհետ՝ «LP») հետ՝ այս երկու ինստիտուտների նպատակների տեսանկյունից։ Բացի այդ, FNC դոկտրինի առանձնահատկությունների վերլուծության հիման վրա կգնահատենք ՀՀ օրենսդրության մեջ ավանդական FNC կանոնի անհրաժեշտությունը։

1. Որո՞նք են «forum non conveniens»-ի նպատակները

1.1. FNC-ի սահմանումը

Տասնիններորդ դարում Շոտլանդիայում ձևավորված FNC դոկտրինը լայն ընդունելություն է ստացել ընդհանուր իրավունքի համակարգերում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր։

Ամենաընդհանուր իմաստով FNC-ն կարելի է բնորոշել որպես դատական իրավասության կանոն, որը նախատեսված է այսպես կոչված «իրավասության բախումները» լուծելու համար։

Կոռնելի համալսարանի իրավաբանական դպրոցի Իրավական տեղեկատվության ինստիտուտի կայքում ներկայացված է FNC դոկտրինի հակիրճ և միաժամանակ ընդգրկուն նկարագրություն։ Այն բնորոշվում է որպես հայեցողական լիազորություն, որը համապատասխան կանոններով իրավասություն ունեցող դատարանին թույլ է տալիս հրաժարվել գործը քննելուց, եթե մեկ այլ դատարան կամ դատական ատյան զգալիորեն ավելի հարմար է այդ գործի քննության համար։ Գնահատվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են կողմերի բնակության վայրը, ապացույցների և վկաների գտնվելու վայրը, հանրային քաղաքականության նկատառումները, դատական համակարգերի համեմատական ծանրաբեռնվածությունը, հայցվորի կողմից դատարանի ընտրությունը և այլն։2

1.2. FNC դոկտրինի նպատակները

Էդվարդ Լ. Բարեթ կրտսերը «The Doctrine of Forum Non Conveniens» աշխատությունում, քննարկելով FNC-ի նպատակների բացահայտման կարևորությունը՝ որպես դոկտրինը կիրառող դատարանների ուղենիշ, առաջարկում է «ո՞ւմ շահերը պետք է պաշտպանվեն» հարցը դիտարկել որպես այս գործիքի նպատակները բացահայտելու հիմնական չափանիշ։3

Այս տեսանկյունից իրավաբանական գրականության մեջ առանձնացվում են FNC-ի երկու հիմնական նպատակներ։4

Առաջինը հանրային-իրավական նպատակն է։ Դրա համաձայն՝ FNC-ն հիմնականում պաշտպանում է հանրային շահերը՝ լուծելով դատական իրավասության բախումը։ Այն որոշում է, թե որ դատարանը պետք է քննի գործը՝ մյուս դատարանին ուղղորդելով կասեցնել վարույթը, և այդպիսով դատարաններին պաշտպանում է գործերով անցանկալի գերծանրաբեռնվածությունից։

Երկրորդը կողմերի նկատմամբ արդարության ապահովման նպատակն է․ գործը քննելու իրավունքը վերապահվում է այն դատարանին, որն ավելի սերտ է կապված գործի հետ և, հետևաբար, արդարության սկզբունքներին համապատասխան գործը քննելու ավելի մեծ հնարավորություն կամ պատրաստակամություն ունի (այսուհետ՝ «մասնավոր-իրավական նպատակ»)։

Հոդվածի հետագա վերլուծության համար հարկ է նշել, որ ընդհանուր իրավունքի համակարգերի իրավաբանները, մասնավոր շահերին ավելի մեծ կշիռ տալով, քան հանրային շահերին, սովորաբար հիմնական են համարում երկրորդ նպատակը։5 Մինչդեռ, ինչպես հայտնի է, մայրցամաքային իրավունքի իրավաբանները, ի տարբերություն ընդհանուր իրավունքի մասնագետների, նախապատվությունը տալիս են հանրային-իրավական շահերի գերակայությանը, ինչպես նաև իրավական կարգավորումների որոշակիությանն ու կանխատեսելիությանը։ Այդ պատճառով մայրցամաքային իրավական համակարգերում ձևավորված և ավանդաբար ընդունված LP դոկտրինը հիմնականում ուղղված է հանրային բնույթի շահերի պաշտպանությանը․ իրավասության բախման հարցը լուծվում է գործը քննելու իրավունքը պարզապես այն դատարանին վերապահելով, որին առաջինն են դիմել։ Այս դոկտրինը կարելի է բնութագրել նաև որպես ավելի որոշակի և կանխատեսելի կանոն։

Այս հոդվածում կդիտարկվեն FNC-ի երկու նպատակներն էլ, և հետագա վերլուծությունը կկատարվի հանրային-իրավական ու մասնավոր-իրավական նպատակների համատեքստում։

2. Կա՞ արդյոք իրավական բաց ՀՀ դատական իրավասության կանոններում

2.1. ՀՀ դատական իրավասության կանոնների ընդհանուր նկարագիրը

Միջազգային մասնավոր իրավունքի շրջանակում դատական իրավասության հարցերը կարգավորող՝ ՀՀ կանոնները հիմնականում ամրագրված են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի Քիշնևի կոնվենցիայում6, որը կիրառվում է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջև, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության ու այլ պետությունների միջև կնքված՝ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրերում, ինչպես նաև ներպետական օրենսդրությունում՝ առավելապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։

Այս ակտերը պարունակում են հայտնի կանոններ, որոնցով իրավասություն է վերապահվում պատասխանողի բնակության վայրի դատարանին, պայմանագրի կատարման վայրի դատարանին, կողմերի միջև կնքված՝ դատարանի ընտրության համաձայնությամբ որոշված դատարանին և այլն։

Սակայն այս հոդվածում կկենտրոնանանք այսպես կոչված «դատական իրավասության բախումը» լուծող կարգավորման վրա։ Այդ կարգավորումը, որոշ տարբերություններով, առկա է ինչպես Քիշնևի կոնվենցիայում, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։7 Կարգավորումների նմանության և կոնվենցիայի՝ որպես միջազգային պայմանագրի դրույթի գերակայության պատճառով հոդվածում կհիմնվենք Քիշնևի կոնվենցիայի ձևակերպման վրա։ Դրա համաձայն՝ երբ երկու պայմանավորվող պետությունների դատարաններում նույն կողմերի միջև նույն պահանջով վարույթներ են հարուցվել, այն դատարանը, որին ավելի ուշ են դիմել, իր նախաձեռնությամբ դադարեցնում է վարույթը։8

2.2. Իրավական բացի բացահայտումը

Ինչպես տեսնում ենք, Քիշնևի կոնվենցիայի կարգավորումը LP դոկտրինի խիստ և պարզ կանոն է, որի դերը զուգահեռ վարույթների դեպքում իրավասու դատարանին որոշելն է։ Ինչպես արդեն նշվեց, LP կանոնը, հատկապես կոնվենցիայում տրված ձևակերպմամբ, ընդգրկում է FNC-ի նպատակներից միայն մեկը՝ հանրային շահերի պաշտպանությունը՝ 1.2 բաժնում քննարկված առաջին նպատակը։

Ակնհայտ է, որ իրավասության բախումը կարգավորող՝ ՀՀ դատական իրավասության կանոնը մասնավոր կողմերի շահերը՝ 1.2 բաժնում քննարկված երկրորդ նպատակը, ամբողջությամբ թողնում է կարգավորման շրջանակից դուրս։ Իրապես, քննարկվող կարգավորման մեջ չկա որևէ տարր, որն արտահայտի մասնավոր կողմերի շահերի նկատմամբ ուշադրություն։ Այս կանոնի նկատմամբ կոնվենցիան մշակողների խիստ մոտեցման պատճառները կարելի է փնտրել նաև ԱՊՀ անդամ պետությունների կոմունիստական կամ սոցիալիստական անցյալում, երբ հանրային շահերի լիակատար գերակայությունը մասնավոր շահերի նկատմամբ կասկածի տակ չէր դրվում։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակակից իրավական համակարգերում մասնավոր շահերը չեն կարող անտեսվել։ Ուստի օրենսդրական զարգացումները պետք է ուղղված լինեն ոչ միայն հանրային, այլև մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությանը։

Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ դատական իրավասության օրենսդրությունում առկա է բաց, քանի որ չկա կանոն կամ նույնիսկ կանոնի տարր, որը դատական իրավասության բախումները լուծելիս կպաշտպաներ մասնավոր կողմերի շահերը։

3. Անհրաժե՞շտ է ավանդական FNC-ն՝ բացը լրացնելու համար

Նախորդ բաժնում նկարագրված՝ ՀՀ օրենսդրության բացը լրացնելու համար FNC կանոնի անհրաժեշտությունը քննարկելիս պետք է նկատի ունենալ, որ այս դոկտրինը, բազմաթիվ առավելություններ ունենալով հանդերձ9, զերծ չէ քննադատությունից։

Օրինակ՝ Հարթլին, քննարկելով դոկտրինի թերությունները, նշում է դրա սուբյեկտիվության զգալի աստիճանը։ Ըստ հեղինակի՝ դա նշանակում է, որ երկու դատարան կարող են տարբեր եզրահանգումների գալ նույնիսկ նույն չափանիշները կիրառելիս։ Սուբյեկտիվության հետ մեկտեղ Հարթլին որպես այլ բացասական կողմեր նշում է նաև անկանխատեսելիությունն ու անորոշությունը։10

Իրապես, սուբյեկտիվությունը, անկանխատեսելիությունն ու անորոշությունը խնդրահարույց են այնպիսի զարգացող իրավական համակարգի համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ դատավորների կողմնակալության ռիսկը դեռևս չափազանց բարձր է։

Բացի այդ, ինչպես նշվեց հոդվածի սկզբում, FNC դոկտրինն իր բնույթով բավական անսովոր է զարգացող մայրցամաքային իրավական համակարգերի համար։ Հետևաբար այս դոկտրինի կամ կանոնի՝ անփոփոխ ձևով ներդրումը Հայաստանի իրավական համակարգում կարող է առաջացնել յուրատեսակ «համակարգային հեղափոխություն», որն իրավական նորարարությունների վիճահարույց և ոչ միշտ ցանկալի կողմնակի հետևանք է։

Հոդվածի նպատակների համար հարկ է նշել, որ հնարավոր է նաև այլընտրանքային լուծում։ Օրինակ՝ դատական իրավասության կանոնները կարելի է լրացնել այնպիսի կարգավորումներով, որոնք դատարաններին, նույնիսկ եթե դրանց առաջինն են դիմել, թույլ կտան հստակ գործոնների հիման վրա և, հավանաբար, սահմանափակ շրջանակներում հրաժարվել գործը քննելուց հօգուտ այն դատարանի, որին ավելի ուշ են դիմել, եթե առաջին դատարանը գտնի, որ մյուսն ակնհայտորեն ավելի սերտ կապ ունի գործի հետ։

Այլ կերպ ասած՝ նախորդ բաժիններում քննարկված բացը լրացնելու համար հնարավոր է LP կանոնը լրացնել դատավարության կողմերի նկատմամբ արդարությունը որոշ չափով ապահովող տարրով՝ այն ընդհանուր իրավունքի համակարգերում ընդունված FNC կանոնով փոխարինելու փոխարեն։ Անկասկած, նախքան գործնական ներդրումը, այս այլընտրանքային լուծումը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։

Կարելի է պնդել, որ առաջարկվող լուծումը FNC-ի որոշակի ձևափոխություն է, քանի որ նման է ընդհանուր իրավունքի դոկտրինին այնքանով, որքանով որոշ չափով հաշվի է առնում դատավարության կողմերի շահերը։ Սակայն այն հաստատ նույն ավանդական ինստիտուտը չէ, որն ընդունված է ընդհանուր իրավունքի համակարգում։ Առաջարկվող լուծման դեպքում դատարանն իր հայեցողությունը կարող է իրականացնել միայն այն ժամանակ, երբ արդեն հարուցված են երկու զուգահեռ վարույթներ։ Մինչդեռ ավանդական FNC-ի դեպքում էական չէ՝ այլ դատարանում վարույթ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ։

Այսպիսով, հաշվի առնելով նշված բոլոր հանգամանքները, առաջարկվում է անհարկի համարել ՀՀ օրենսդրության մեջ ավանդական FNC կանոնի ներդրումն այն ձևով, որով այն ընդունված է ընդհանուր իրավունքի համակարգերում։

Եզրակացություն

ՀՀ դատական իրավասության կարգավորումներում իրավական բացի առկայությունը կասկած չի հարուցում, քանի որ կանոններն ընդգրկում են FNC դոկտրինի երկու նպատակներից միայն մեկը՝ հանրային շահերի պաշտպանությունը, մինչդեռ երկրորդ նպատակը՝ կողմերի նկատմամբ արդարության ապահովումը, ամբողջությամբ մնում է չկարգավորված։

Սակայն հիմնականում վերը քննարկված այլընտրանքային լուծման առկայության, ինչպես նաև FNC դոկտրինի վիճահարույց և անսովոր բնույթի պատճառով, որը հաճախ բնորոշվում է որպես սուբյեկտիվ ու անկանխատեսելի ինստիտուտ, հանգում ենք այն եզրակացությանը, որ նշված բացը լրացնելու համար ՀՀ դատական իրավասության օրենսդրության մեջ ավանդական FNC կանոնի ներդրման անհրաժեշտություն չկա։

«Այլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան
Ա. Վ. Խաչատրյան

Ծանոթագրություններ

  1. Gonson, S. D., «Forum Non Conveniens» (1999), Revue Québécoise de Droit International, № 2, էջ 1։
  2. Legal Information Institute, Forum non conveniens, վերջին այցելությունը՝ 7 նոյեմբերի 2015 թ.։
  3. Edward L. Barrett Jr., «The Doctrine of Forum Non Conveniens» (1947), 35 California Law Review, էջ 420։ Հրապարակումը, վերջին այցելությունը՝ 7 նոյեմբերի 2015 թ.։
  4. Trevor Hartley, International Commercial Litigation, Cambridge University Press, Kindle հրատարակություն, 2015, էջեր 224–225։
  5. Նույն տեղում, էջ 224։
  6. Այս պայմանագիրը երբեմն հիշատակվում է նաև որպես 1993 և 2002 թվականների՝ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին Մինսկի և Քիշնևի կոնվենցիաներ, քանի որ Քիշնևի կոնվենցիան Մինսկի կոնվենցիայի վերամշակված տարբերակն է, իսկ վերջինիս որոշ հոդվածներ, բնագրում նշված ժամանակաշրջանի դրությամբ, շարունակում էին գործել։
  7. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 246, մաս 1՝ բնագրում վկայակոչված խմբագրությամբ։
  8. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի Քիշնևի կոնվենցիա, հոդված 24, մաս 1։
  9. Գործնականում FNC-ն կարող է օգտակար լինել առավել շահավետ դատարանի ընտրության՝ «forum shopping»-ի, «իտալական տորպեդոյի» գործերի և նման երևույթների սահմանափակման համար։
  10. Trevor Hartley, International Commercial Litigation, Cambridge University Press, Kindle հրատարակություն, 2015, էջեր 224–225։

Ներբեռնել անգլերեն բնագիրը՝ ծանոթագրություններով (PDF, 2015)