Ցանկանո՞ւմ եք Ձեր ամուսնությունը գրանցել Հայաստանում հանդիսավոր պայմաններում

2026 թվականի ապրիլի 7-ից Հայաստանում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության պետական գրանցման նոր կարգ։ 2026 թվականին ընդունված նորմատիվ ակտով հստակեցվել են ամուսնության արտագնա պետական գրանցման կազմակերպման պայմանները, թույլատրելի և արգելված վայրերը, դիմելու ընթացակարգը, ինչպես նաև արարողությունն իրականացնող պաշտոնատար անձի պարտականությունները։

Ներկայացնում ենք առավել հաճախ առաջացող հարցերի պատասխանները։

Եթե արդեն պլանավորում եք Ձեր ամուսնությունը և ցանկանում եք, որ ամուսնության վկայականը Ձեզ հանձնվի հանդիսավոր պայմաններում, ապա ի նկատի ունեցեք, որ դիմումը պետք է ներկայացվի առնվազն յոթ օր առաջ։ Ընդ որում, դիմումը ներկայացվում է ամուսնություն կնքելու մասին դիմումին զուգահեռ։ 

Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող անձինք կարող են ընտրել ամուսնության պետական գրանցման վայրը և համապատասխան դիմում ներկայացնել՝ գրանցումն այդ վայրում իրականացնելու համար։ Սա նշանակում է, որ ամուսնության պաշտոնական գրանցումը հնարավոր է կազմակերպել ոչ միայն ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում, այլև, օրինակ, ռեստորանում, հյուրանոցում, հանդիսությունների սրահում կամ այլ համապատասխան տարածքում։

Ընդ որում, խոսքը ոչ թե պարզապես խորհրդանշական հարսանեկան արարողության, այլ իրավական ուժ ունեցող ամուսնության պետական գրանցման մասին է, որն իրականացնում է ՔԿԱԳ լիազորված աշխատակիցը։ Այսպիսով, ամուսնացող անձինք հնարավորություն ունեն ամուսնության պետական գրանցումը կազմակերպել իրենց հարսանեկան հանդիսության վայրում՝ օրենքով նախատեսված պահանջները պահպանելու պայմանով։ Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է արտագնա ամուսնության հանդիսավոր պետական գրանցում նաև ոչ աշխատանքային օրերին և ոչ աշխատանքային ժամերին։

Որտե՞ղ չի թույլատրվում իրականացնել ամուսնության պետական գրանցումը։

Թեև ամուսնացող անձինք կարող են ընտրել արտագնա գրանցման վայրը, այդ իրավունքն անսահմանափակ չէ։ 2026 թվականի ապրիլի 3-ի № 166-Ն հրամանով սահմանված կարգի համաձայն՝ ամուսնության պետական գրանցում չի թույլատրվում իրականացնել՝

  • օդային կամ ջրային տարածքում, այդ թվում՝ օդապարիկում, ինքնաթիռում կամ նավում,
  • բնության հատուկ պահպանվող տարածքներում, օրինակ՝ ազգային պարկերում և արգելոցներում,
  • դժվարհասանելի վայրերում, մասնավորապես՝ լեռներում, ժայռերի վրա և նմանատիպ տարածքներում,
  • արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ,
  • Ընդհանուր օգտագործման այնպիսի տարածքներում, որտեղ արարողությունը կարող է վտանգ ստեղծել ամուսնացողների կամ այլ անձանց կյանքի և առողջության համար, օրինակ՝ տանիքներում, կամուրջների կամ ճանապարհների վրա։

Հետևաբար, հարսանեկան արարողության վայրն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն դրա գեղագիտական կամ կազմակերպչական առավելությունները, այլև պետական գրանցման համար սահմանված իրավական սահմանափակումները։ Հատկապես կարևոր է նախապես պարզել՝ արդյոք ընտրված տարածքում հնարավոր է իրականացնել հենց ամուսնության պետական գրանցումը, այլ ոչ միայն հարսանեկան հանդիսությունը։

Ո՞վ է իրականացնում ամուսնության պետական գրանցումն ընտրված վայրում։

Ամուսնության արտագնա պետական գրանցումն իրականացվում է բացառապես ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի լիազորված աշխատակցի կողմից։ 

Որքա՞ն արժե ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը։

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցման լրացուցիչ ծառայությունների վճարները սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի № 1188-Ն որոշմամբ։

Գործող կարգավորումների համաձայն՝
-Հանդիսավոր արարողություն ՔԿԱԳ-ի կամ սահմանված կարգով հատկացված տարածքում ՝ 20,000 ՀՀ դրամ,
-Հանդիսավոր գրանցում ամուսնացողների ընտրած վայրում ՝ 40,000 ՀՀ դրամ,
-Հանդիսավոր գրանցում ընտրված վայրում՝ ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին՝ 60,000 ՀՀ դրամ։

Վերոնշյալ գումարները հանդիսավոր պետական գրանցման համար սահմանված լրացուցիչ ծառայության վճարներն են։

Արդյո՞ք ամուսնացող անձինք պետք է վճարեն ՔԿԱԳ աշխատակցի տեղափոխության համար։

Ո՛չ։ Նոր կարգով հստակ նախատեսված է, որ ամուսնության պետական գրանցումն իրականացնող ՔԿԱԳ աշխատակցի փոխադրումը գրանցման վայր և վերադարձը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հետևաբար, ՔԿԱԳ աշխատակցի տեղափոխության համար ամուսնացող անձանցից առանձին գումար գանձելը նոր կարգով նախատեսված չէ։

2026 թվականի ապրիլի 3-ի № 166-Ն հրամանի համաձայն՝ եթե ամուսնության արտագնա պետական գրանցումը կատարվում է ոչ աշխատանքային օր, ամուսնության պետական գրանցման վկայականում նշվում է այդ օրվան նախորդող վերջին աշխատանքային օրը։

Օրինակ՝ եթե ամուսնության հանդիսավոր գրանցումը նախատեսված է կիրակի օրը, վկայականում կարող է նշվել նախորդ ուրբաթ օրվա ամսաթիվը՝ պայմանով, որ ուրբաթը եղել է վերջին աշխատանքային օրը։ Այս հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ, հատկապես երբ ամուսնության գրանցման ամսաթվից կախված են ամուսինների գույքային, միգրացիոն կամ այլ իրավահարաբերությունները։ Ուստի ոչ աշխատանքային օրն ընտրելու դեպքում անհրաժեշտ է նախապես պարզել ամուսնության գրանցման փաստաթղթերում արտացոլվող ամսաթիվը։

Ի՞նչ պահանջներ են սահմանված ամուսնության պետական գրանցման վայրի կահավորման համար։

Նոր կարգով նախատեսված են նաև արարողության անցկացման վայրի նվազագույն պահանջները։ Մասնավորապես, ամուսնության պետական գրանցման համար նախատեսված տարածքը պետք է կահավորված լինի՝

- սեղանով,
- Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։

Այս պահանջներն ուղղված են նրան, որ նույնիսկ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնից դուրս ամուսնության գրանցումը պահպանի պաշտոնական պետական արարողության բնույթը։ 

Ինչպե՞ս պետք է ներկայանա և իրեն դրսևորի ամուսնությունը գրանցող պաշտոնատար անձը։

Նոր կարգով մանրամասն պահանջներ են սահմանվել նաև ՔԿԱԳ աշխատակցի արտաքին տեսքի և պաշտոնեական վարքագծի վերաբերյալ։ Ամուսնության արտագնա պետական գրանցումն իրականացնող աշխատակիցը պետք է ներկայանա դասական ոճի հագուստով և խնամված արտաքին տեսքով։

Մասնավորապես, կին աշխատակիցների համար սահմանափակված են խիստ արտահայտված տոնական շպարը, սանրվածքը և չափազանց մեծ կամ ուշադրություն գրավող զարդերը, իսկ տղամարդ աշխատակիցների համար սահմանված է խնամված սանրվածքով և մորուքով ներկայանալու պահանջ։

Բացի այդ, աշխատակիցը պարտավոր է պահպանել քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները և դրսևորել բարեկիրթ ու պատշաճ հաղորդակցություն։ Կարգով նաև նախատեսված է, որ աշխատակիցն ամուսնության պետական գրանցումն ավարտելուց անմիջապես հետո պետք է հեռանա արարողության տարածքից։ Այս կարգավորումները նպատակ ունեն ապահովելու պետական արարողության պաշտոնական և պատշաճ ընթացքը։

2026 թվականի նոր կարգավորման առավել ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ տվյալ կարգով հստակ սահմանվել է արտագնա ամուսնության պետական գրանցման ժամանակ պաշտոնատար անձի կողմից կիրառվող խոսքի տեքստը։ Արարողության ընթացքում ՔԿԱԳ աշխատակիցը նախ անդրադառնում է ընտանիքի ինստիտուտի նշանակությանը և ամուսնության իրավական հիմքերին։ Այնուհետև ամուսնացող անձանց ուղղում է երկու հիմնական հարց՝ արդյո՞ք նրանք համաձայն են դառնալ օրինական ամուսիններ և արդյո՞ք ամուսնություն կնքելու նրանց փոխադարձ համաձայնությունը հիմնված է կամավորության վրա։ Այս ընթացակարգում հատուկ կարևորվում է ամուսնության փոխադարձ և կամավոր համաձայնությունը, որն ամուսնություն կնքելու հիմնարար օրենսդրական պահանջներից է։

Դրական պատասխաններ ստանալուց հետո պաշտոնատար անձը նրանց առաջարկում է ստորագրություններով հաստատել արտահայտված կամահայտնությունը։ Արարողությունն ավարտվում է ամուսնացող անձանց օրինական ամուսիններ հայտարարելով։

 

31.10.2026