Հայաստանն ու ԱՄՆ կհամագործակցեն Հաագայի կոնվենցիայի շրջանակներում

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ուժի մեջ է մտել «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի Հաագայի կոնվենցիան։

Թեև Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ էր մտել դեռևս 2007 թվականի հունիսի 1-ից, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այն սկսել է կիրառվել 2018 թվականի մարտի 1-ից։

Օրինակ, եթե երեխան ԱՄՆ-ից ապօրինի տեղափոխվել է Հայաստան կամ ապօրինի պահվում է Հայաստանում, կամ հակառակը, քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան պահանջել երեխայի վերադարձը մշտական բնակության երկիր։

Հիշեցնենք, որ Կոնվենցիայի կիրառման համար կարևոր են հետևյալ պայմանները.

 Կոնվենցիան կիրառվում է մինչև 16 տարեկան երեխաների նկատմամբ։

Երեխայի նկատմամբ Դուք պետք է ունենաք խնամակալության իրավունք, որը կարող է բխել օրենքից, դատական կամ վարչական որոշումից կամ իրավական ուժ ունեցող համաձայնությունից։

Երեխայի տեղափոխման կամ պահման պահին Դուք պետք է փաստացի իրականացրած լինեք խնամակալության իրավունքը, կամ այն կիրականացնեիք, եթե չլիներ երեխայի տեղափոխումը կամ պահումը։

Երեխայի տեղափոխումը կամ պահումը պետք է իրականացված լինի Ձեր խնամակալության իրավունքի խախտմամբ /առանց Ձեր համաձայնության/։

Կարևոր է նկատի ունենալ, որ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթը նպատակ չունի վերջնականապես որոշելու, թե ծնողներից ում հետ պետք է բնակվի երեխան։ Դրա հիմնական նպատակը երեխայի ապօրինի տեղափոխման կամ պահման հետևանքով խախտված իրավական վիճակի վերականգնումն է՝ երեխայի վերադարձի հարցը լուծելով Կոնվենցիայով նախատեսված պայմանների և բացառությունների շրջանակներում։ Միաժամանակ Կոնվենցիան նախատեսում է երեխայի վերադարձը մերժելու որոշակի հիմքեր, այդ թվում՝ այն դեպքերում, երբ վերադարձը երեխային կարող է ենթարկել ֆիզիկական կամ հոգեբանական վնասի լուրջ վտանգի կամ այլ կերպ նրան դնել անտանելի իրավիճակում։

Եթե Ձեր երեխան ԱՄՆ-ից ապօրինի տեղափոխվել է Հայաստան կամ պահվում է Հայաստանում, մեր փաստաբանական թիմը պատրաստ է տրամադրելու իրավաբանական աջակցություն՝ երեխայի վերադարձի վարույթ նախաձեռնելու հարցերում։

05.03.2018