Ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելը Հայաստանում

Երրորդ անձի կողմից ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելը՝ գրանցումը մերժելու բացարձակ հիմքերով։

Ապրանքային նշանի գրանցման հայտի հրապարակման օրվանից երկու ամսվա ընթացքում ցանկացած երրորդ անձ կարող է գրավոր ծանուցում ներկայացնել Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն (AIPA)՝ հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ՝ հիմնավորելով, որ դրա գրանցումը ենթակա է մերժման «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով։

Նման ծանուցումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Գործակալությունը հայտատուին ուղարկում է ծանուցում՝ առաջարկելով ներկայացնել իր դիտարկումները ստացված առարկության վերաբերյալ։

Եթե հայտատուն սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացնում, Գործակալությունն առարկությունը քննարկում է առկա նյութերի հիման վրա։

(«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերի ամբողջական ցանկը։)

Մտավոր սեփականության իրավատիրոջ կամ երրորդ անձի կողմից ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելը՝ գրանցումը մերժելու հարաբերական հիմքերով

Ապրանքային նշանի գրանցման հայտի հրապարակման օրվանից երկու ամսվա ընթացքում ապրանքային նշանի իրավատերերը, ինչպես նաև ավելի վաղ ծագած իրավունքներ ունեցող անձինք՝ պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ իրավունքների իրավատերերը, հեղինակային իրավունքի կրողները կամ այլ շահագրգիռ անձինք, կարող են գրավոր առարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն՝ հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ՝ պահանջելով մերժել դրա գրանցումը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով։

(«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերը։)

Առարկություն ներկայացնելու համար վճարվում է պետական տուրք։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առարկություն ներկայացնելու համար պետական տուրքի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ։

Առարկությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Գործակալությունն իրականացնում է դրա ուսումնասիրությունը և ծանուցում է այն ապրանքային նշանի հայտատուին, որի գրանցման դեմ ներկայացվել է առարկությունը՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում ներկայացնել իր նկատառումները։

Եթե հայտատուն սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացնում, Գործակալությունն առարկության քննարկումն իրականացնում է առկա նյութերի հիման վրա։

Գործակալության որոշումը ներկայացված առարկության վերաբերյալ

Ներկայացված դիտողությունների և առարկությունների քննարկման արդյունքում Գործակալությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1. Դիտողության կամ առարկության լրիվ կամ մասնակի բավարարում և ապրանքային նշանի գրանցման մերժում՝ հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ։
2. Դիտողության կամ առարկության մերժում։

Ունե՞ք իրավաբանական օգնության կարիք Հայաստանում ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու գործընթացում

Եթե հարցեր ունեք այլ անձի ներկայացրած ապրանքային նշանի գրանցման հայտի դեմ առարկություն ներկայացնելու վերաբերյալ կամ իրավաբանական օգնության կարիք ունեք Ձեր ապրանքային նշանի գրանցման հայտի դեմ ներկայացված առարկությունից պաշտպանվելու համար, կարող եք դիմել մեզ՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով։

Ապրանքային նշանների գրանցման դեմ առարկությունների վերաբերյալ մեր իրավաբանական ծառայությունները ներառում են՝

- Ապրանքային նշանների պաշտոնական տեղեկագրերի մշտադիտարկում։
- Նախատեսվող առարկության հաջողության հավանականության գնահատում և իրավաբանական խորհրդատվություն։
- Ապրանքային նշանների գրանցման հայտերի դեմ առարկությունների ներկայացում։
- Ներկայացված առարկություններից պաշտպանություն։
- Դիմումների և այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունում։
- Հակադիր շահեր ունեցող կողմերի միջև վեճի խաղաղ կարգավորման բանակցությունների վարում։
- Դատական ներկայացուցչություն։

Մեր՝ ապրանքային նշանների ոլորտում մասնագիտացած իրավաբանները կարող են տրամադրել խորհրդատվություն ապրանքային նշանների գրանցման դեմ առարկություններ ներկայացնելու և ապրանքային նշանների գրանցումները չեղյալ ճանաչելու հետ կապված իրավական հարցերով։

Որպես ապրանքային նշանների ոլորտում Ձեր իրավաբանական ներկայացուցիչ՝ Այլեքս իրավաբանական ընկերությունը կարող է ներկայացնել Ձեր շահերը Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունում՝ ապրանքային նշանի գրանցման դեմ առարկության հետ կապված ցանկացած վարույթի շրջանակներում։