Երեխայի առարկությունը Հաագայի կոնվենցիայի գործերով․ ե՞րբ կարող է այն կանխել վերադարձը

Եթե ծնողներից մեկը, առանց մյուս ծնողի համաձայնության և նրա խնամակալության իրավունքների խախտմամբ, երեխային նրա սովորական բնակության պետությունից տեղափոխում է այլ պետություն կամ այնտեղ ապօրինի պահում է նրան, ապա «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի Հաագայի կոնվենցիան, դրա կիրառելիության պայմանների առկայության դեպքում, որպես ընդհանուր կանոն պահանջում է ապահովել երեխայի անհապաղ վերադարձը նրա սովորական բնակության պետություն։
Կոնվենցիայի նպատակը խնամակալության վերաբերյալ վեճը վերադարձի վարույթում լուծելը չէ։ Վերադարձի գործը չի որոշում, թե ծնողներից ում հետ պետք է մշտապես ապրի երեխան, որ ծնողի հետ բնակվելն է ելնում երեխայի լավագույն շահերից,  կամ որ պետությունում երեխայի համար կյանքի պայմաններն ավելի բարենպաստ կլինեն։ Դրա հիմնական նպատակն է վերականգնել մինչև ապօրինի տեղափոխումը կամ պահումը գոյություն ունեցած իրավական վիճակը և թույլ չտալ, որ ծնողներից մեկը երեխային այլ պետություն տեղափոխելով փաստացի փոխի խնամակալության վեճը լուծելու իրավասու դատարանը։
Այդուհանդերձ, երեխայի վերադարձի պարտականությունը բացարձակ չէ։ Կոնվենցիան նախատեսում է սահմանափակ բացառություններ, որոնց առկայության դեպքում վերադարձի պետության դատարանը կարող է հրաժարվել երեխային վերադարձնելուց։
Այդպիսի ինքնուրույն բացառություններից մեկը վերադարձի դեմ երեխայի առարկությունն է։
Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ դատարանը կարող է հրաժարվել երեխայի վերադարձը կարգադրելուց, եթե պարզում է, որ երեխան առարկում է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի ու հասունության աստիճանի, երբ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը։
Այս հիմքը պետք է տարբերել Կոնվենցիայի 13(1)(b) հոդվածով նախատեսված «լուրջ վտանգի առկայության» բացառությունից։ Երեխայի առարկության դեպքում անհրաժեշտ չէ ինքնուրույն ապացուցել, որ վերադարձը նրան ֆիզիկական կամ հոգեբանական լուրջ վնաս կհասցնի կամ անտանելի իրավիճակի մեջ կդնի։ Երեխայի առարկությունը վերադարձը մերժելու առանձին իրավական հիմք է։


1.    Երեխայի առարկության գնահատումը․ ի՞նչ է իրականում ստուգում դատարանը․
Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը երեխայի կարծիքը չի դարձնում վերադարձի վերաբերյալ սովորական «լավագույն շահի» գնահատման բաղադրիչ։ Այն սահմանում է վերադարձի ընդհանուր պարտականությունից ինքնուրույն բացառություն։ Այս բացառության կիրառումը, ըստ ձևավորված միջազգային դատական պրակտիկայի, ունի առնվազն երկու հաջորդական փուլ։
Նախ դատարանը պետք է պարզի՝
•    արդյոք երեխան իրականում առարկում է վերադարձին,
•    և արդյոք նա հասել է այնպիսի տարիքի և հասունության աստիճանի, երբ նպատակահարմար է հաշվի առնել նրա տեսակետը։
Միայն այս նախնական շեմը հաղթահարելուց հետո է առաջանում երկրորդ հարցը՝ արդյոք դատարանը տվյալ գործի հանգամանքներում պետք է օգտվի իրեն վերապահված հայեցողությունից և հրաժարվի երեխային վերադարձնելուց։
Այս տարբերակումը կարևոր է, որովհետև երեխայի կարծիքը ոչ ավտոմատ կերպով պարտադրում է վերադարձը մերժել, ոչ էլ կարող է ձևականորեն լսվել և այնուհետև անտեսվել միայն այն պատճառաբանությամբ, որ Կոնվենցիայի հիմնական նպատակը երեխաների արագ վերադարձն է։
Երեխայի «ցանկությունը» և վերադարձին «առարկությունը» ըստ էության նույնը չեն։ Առաջին և հաճախ ամենաբարդ հարցն այն է, թե ինչի՞ն է իրականում առարկում երեխան։
Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխայի վերադարձը չի նշանակում նրա խնամակալության վերջնական հանձնում մյուս ծնողին։ Վերադարձի որոշմամբ երեխան, որպես կանոն, վերադարձվում է իր սովորական բնակության պետություն, որտեղ արդեն պետք է լուծվեն խնամակալության, բնակության վայրի և ծնողների հետ շփման հարցերը։
Երեխայի համար ներկայիս երկրում ապրելը ավելի հաճելի կամ հարմար լինելը դեռ չի նշանակում, որ Article 13-ի իմաստով նա առարկում է վերադարձին։ Հակառակ դեպքում վերադարձի բացառությունը կարող էր վերածվել երկու պետությունների կյանքի պայմանների համեմատության, ինչը հակասում է Հաագայի կոնվենցիայի տրամաբանությանը։
Սակայն «նախընտրության» և «առարկության» միջև նույնպես չի կարելի ստեղծել Կոնվենցիայի բովանդակությամբ չնախատեսված չափազանց բարձր շեմ։
Միջազգային դատական պրակտիկայում ընդունվել է, որ երեխայի դիրքորոշումը պարտադիր չէ հասնի ծայրահեղ դիմադրության, խուճապի կամ վերադարձից կատեգորիկ հրաժարվելու մակարդակի։ Հարցը շատ ավելի բովանդակային է՝ արդյոք երեխայի արտահայտած տեսակետից իրականում երևում է վերադարձին դեմ լինելը և արդյոք նա կարողանում է բացատրել դրա պատճառները։

2. Կոնվենցիան երեխայի կարծիքը հաշվի առնելու համար նվազագույն տարիք չի սահմանում։
Հաագայի կոնվենցիան չի սահմանում որևէ կոնկրետ տարիք, որից սկսած երեխայի կարծիքը կարող է կամ պետք է հաշվի առնվի։ Նման մոտեցումը պատահական չէ։
Կոնվենցիայի նախապատրաստական նյութերում քննարկվել է նվազագույն տարիք սահմանելու հնարավորությունը, սակայն դրանից հրաժարվել են, որովհետև ցանկացած միասնական տարիքային սահման կարող էր կամայական լինել և հաշվի չառնել երեխաների զարգացման զգալի անհատական տարբերությունները։
Հետևաբար դատարանը յուրաքանչյուր գործով պետք է առանձին գնահատի և՛ երեխայի տարիքը, և՛ նրա հասունության աստիճանը։
Տարիքն ինքնին որոշիչ չէ։ Երկու նույն տարիքի երեխաներ կարող են ամբողջովին տարբեր լինել իրենց՝ իրավիճակը հասկանալու, իրադարձությունները վերլուծելու, սեփական տեսակետը ձևավորելու և դրա հետևանքները գիտակցելու կարողությամբ։
Ավելին՝ «հասունությունը» Հաագայի գործերով չպետք է նույնացվի միայն երեխայի ընդհանուր մտավոր զարգացածության, լավ սովորելու կամ մեծահասակների հետ ազատ հաղորդակցվելու կարողության հետ։
Դատարանին հետաքրքրող հարցն ավելի նեղ է և միաժամանակ ավելի բարդ՝
արդյոք տվյալ երեխան ունի բավարար հասունություն հենց իր վերադարձի հարցի վերաբերյալ ինքնուրույն և իմաստավորված տեսակետ ձևավորելու համար։
Այդ գնահատման ընթացքում նշանակություն կարող են ունենալ, օրինակ՝
•    երեխան որքանով է հասկանում, թե ինչ է նշանակում վերադարձը,
•    տարբերակո՞ւմ է արդյոք ժամանակավոր վերադարձը խնամակալության վերջնական որոշումից,
•    կարո՞ղ է բացատրել իր դիրքորոշման պատճառները,
•    հասկանում է արդյոք իր ընտրության անմիջական և ավելի երկարաժամկետ հետևանքները,
•    որքանով են նրա պատճառաբանությունները հետևողական,
•    արդյոք նրա դիրքորոշումը հիմնված է իր անձնական փորձի վրա,
•    կարող է արդյոք քննարկել իր համար ոչ միայն ցանկալի, այլ նաև անցանկալի տարբերակները։
Հասունության գնահատումը, հետևաբար, չպետք է վերածվի երեխայի «քննության»։ Նպատակը երեխայից իրավաբանորեն կատարյալ պատասխաններ ստանալը չէ, այլ հասկանալը՝ որքանով կարելի է նրա արտահայտած դիրքորոշմանը վերաբերվել որպես սեփական իրավիճակի վերաբերյալ ձևավորված և իմաստավորված տեսակետի։
Այս պատճառով ավելի մեծ տարիքը սովորաբար մեծացնում է երեխայի կարծիքին տրվող հնարավոր կշիռը, բայց ավտոմատ կանոն գոյություն չունի։
Այլ կերպ՝ 14-ամյա երեխայի կարծիքը միայն նրա տարիքի պատճառով պարտադիր վճռորոշ չէ, ինչպես 8 կամ 9 տարեկան երեխայի տեսակետը չի կարող անտեսվել միայն այն պատճառով, որ նա դեռ չի հասել որևէ պայմանական տարիքային շեմի։

3. Ինչո՞ւ է երեխան առարկում վերադարձին․
Երեխայի դիրքորոշման պատճառներն ունեն էական նշանակություն։ Դատարանը պետք է փորձի հասկանալ՝ ինչ փորձի, վախերի, հիշողությունների, հարաբերությունների կամ սպասումների վրա է կառուցված վերադարձին նրա առարկությունը։
Մի բան է, երբ երեխան ասում է, որ չի ցանկանում վերադառնալ, որովհետև նոր երկրում ունի ավելի մեծ տուն կամ իրեն ավելի շատ է դուր գալիս դպրոցը։ Բոլորովին այլ բան է, երբ առարկությունը կապված է նախկինում երեխայի տեսած կամ ապրած իրադարձությունների, մյուս ծնողի հետ հարաբերությունների, ընտանիքում եղած բռնության, մշտական վեճերի, վերահսկող վարքագծի կամ այլ հանգամանքների հետ։
Սա չի նշանակում, որ երեխայի կողմից նշված պատճառները դատարանը պետք է ընդունի որպես անվիճելիորեն ապացուցված փաստեր։
Բայց դատարանը պարտավոր է հասկանալ, թե ինչու է երեխան ձևավորել այդ դիրքորոշումը։
Հատկապես կարևոր է, երբ երեխայի առարկությունը չի սահմանափակվում մեկ ընդհանուր արտահայտությամբ, այլ ունի հետևողական պատճառաբանություն և կապված է նրա անձնական փորձի հետ։
Այս հանգամանքը կարևոր է նաև այն պատճառով, որ երեխայի առարկության հիմքը և Article 13(1)(b)-ով նախատեսված լուրջ վտանգի առկայությունը իրավաբանորեն տարբեր բացառություններ լինելով հանդերձ՝ նույն գործով փաստական հանգամանքները կարող են մասամբ համընկնել։
Օրինակ՝ ընտանեկան բռնությանը ականատես դարձած երեխայի վախը կարող է միաժամանակ նշանակություն ունենալ թե՛ վերադարձից բխող հոգեբանական վնասի վտանգը գնահատելիս, թե՛ հասկանալու համար, թե ինչու է երեխան ինքն անձամբ առարկում վերադարձին։
Սակայն երեխայի առարկության բացառությունը կիրառելու համար պարտադիր չէ, որ այն հասնի լուրջ վտանգի գոյության համար պահանջվող ապացուցողական շեմին։ Այստեղ դատարանի խնդիրը երեխայի դիրքորոշումը ուղորդված չլինելն ու նշանակությունը գնահատելն է։

4. Ծնողական ազդեցության առկայությունը դեռ չի նշանակում, որ երեխայի կարծիքը պետք է անտեսվի․
Հաագայի կոնվենցիայի գործերով երեխայի դիրքորոշման ինքնուրույնության գնահատումը ամենազգայուն հարցերից մեկն է, քանի որ դատարանը պետք է պարզի՝ երեխայի արտահայտած կարծիքը նրա սեփական, ազատորեն ձևավորված կամքն է, թե այն ձևավորվել է ծնողներից մեկի ազդեցության, ճնշման կամ ներգործության ներքո։
Միջազգային առևանգման կամ ապօրինի պահման գործերում երեխան հաճախ ամիսներ, երբեմն նաև ավելի երկար ժամանակ ապրում է այն ծնողի հետ, որը նրան տեղափոխել կամ պահել է այլ պետությունում։ Բնական է, որ այդ ծնողի վարքագիծը, խոսակցությունները և իրադարձությունների վերաբերյալ նրա գնահատականը որոշակի ազդեցություն ունեն երեխայի վրա։
Սակայն այդ հանգամանքն ինքնին բավարար չէ եզրակացնելու համար, որ երեխայի կարծիքը «ներշնչված է» և պետք է անտեսվի։
Դատական պրակտիկայում հիմնական հարցն այլ կերպ է դրվում՝
ինչպիսի՞ բնույթ և աստիճան է ունեցել ծնողական ազդեցությունը և արդյոք այն խաթարել է երեխայի սեփական դիրքորոշման ձևավորումն այն աստիճանի, որ նրա արտահայտած կարծիքն այլևս հնարավոր չէ դիտարկել որպես իրականում իրենը։
Այս տարբերակումը սկզբունքային է։
Երեխան կարող է սիրել այն ծնողին, որի հետ ապրում է, կիսել նրա որոշ գնահատականներ կամ նրա հետ քննարկել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Միայն դրանից չի հետևում, որ երեխայի կարծիքը չունի ինքնուրույն արժեք։
Այլ իրավիճակ է, երբ առկա են տվյալներ, որ երեխայի վրա գործադրվել է նպատակային ճնշում, նրան ստիպել են ընտրություն կատարել ծնողների միջև, փոխանցել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մշտապես ձևավորել են մյուս ծնողի նկատմամբ բացասական վերաբերմունք կամ երեխային ներգրավել են ծնողների հակամարտության մեջ այնպես, որ նրա արտահայտած դիրքորոշումն այլևս հիմնականում արտացոլում է ոչ թե իր, այլ ծնողի ցանկությունը։
Հետևաբար ծնողական ազդեցության գնահատման ժամանակ կարող է նշանակություն ունենալ՝
•    արդյոք երեխան իր բառերով է նկարագրում իր դիրքորոշումը,
•    նրա պատճառաբանությունները համապատասխանում են արդյոք իր տարիքին,
•    դրանք բխում են արդյոք երեխայի անձնական փորձից,
•    դիրքորոշումը պահպանվո՞ւմ է տարբեր ժամանակներում,
•    նույն կերպ արտահայտվո՞ւմ է տարբեր մասնագետների հետ զրույցներում,
•    երեխայի խոսքում առկա՞ են մեծահասակներին բնորոշ իրավական կամ այլ արտահայտություններ,
•    առկա՞ են ճնշման, վախեցնելու կամ պատասխանների նախապատրաստման նշաններ։
Այսպիսով, դատարանը չպետք է փնտրի ծնողների ազդեցությունից ամբողջովին «մաքուր» երեխայի կարծիք. իրական կյանքում դա հազվադեպ է հնարավոր։
Իրավական հարցն այն է, թե արդյոք առկա ազդեցությունը խաթարել է երեխայի սեփական կամքի ձևավորումն այն աստիճանի, որ վերադարձին արտահայտած առարկությունն այլևս չի կարող համարվել իսկապես իրենը։

5. Երեխայի կարծիքը պարզելու եղանակը նույնպես կարևոր է.
Երեխայի կարծիքը գնահատել հնարավոր չէ առանց նրան այնպիսի պայմաններում լսելու, որոնք նվազագույնի են հասցնում ծնողական հակամարտության ազդեցությունը։
Հաագայի գործերով երեխային դատարանի առաջ երկու ծնողներից մեկի օգտին ընտրություն կատարելու իրավիճակում դնելը կարող է ինքնին վնասակար լինել։
Հետևաբար տարբեր պետություններում երեխայի կարծիքը կարող է պարզվել տարբեր եղանակներով՝ դատավորի անմիջական զրույցի, հոգեբանի, սոցիալական աշխատողի, երեխայի շահերը ներկայացնող հատուկ մասնագետի կամ այլ համապատասխան մեխանիզմի միջոցով։
Այստեղ կարևոր է ոչ միայն ինչ է ասել երեխան, այլ նաև՝ ինչ պայմաններում է դա ասել։
Եթե երեխայի հետ հարցազրույցը տեղի է ունեցել ծնողներից մեկի ներկայությամբ, ուղղորդող հարցերի միջոցով կամ այնպիսի իրավիճակում, որտեղ երեխան ակնհայտորեն զգացել է ծնողի սպասումները, այդ կարծիքի արժեքի գնահատումը բնականաբար այլ կլինի։
Ի հակադրություն՝ չեզոք մասնագետի հետ ինքնուրույն զրույցը կարող է դատարանին հնարավորություն տալ ավելի հստակ հասկանալու երեխայի իրական դիրքորոշումը, դրա պատճառները և հասունության աստիճանը։
Միաժամանակ երեխային լսելը չպետք է վերածվի նրա վրա գործի վերջնական արդյունքի պատասխանատվությունը դնելու միջոցի։
Երեխային չպետք է հարցնել այնպես, կարծես հենց նա պետք է ընտրի՝ որ ծնողի հետ ապրել կամ որ պետությունում մնալ։
Վերջնական որոշման պատասխանատվությունը կրում է դատարանը։
Երեխայի կարծիքը կարևոր ապացույց և որոշ դեպքերում վերադարձը մերժելու ինքնուրույն հիմք է, բայց երեխան չպետք է դառնա ծնողների միջազգային վեճը լուծող անձը։

6. Երեխայի առարկությունը հաստատելը դեռ ավտոմատ չի նշանակում վերադարձի մերժում.
Եթե դատարանը հաստատում է, որ երեխան իրականում առարկում է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի ու հասունության աստիճանի, երբ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը, դրանով ավարտվում է բացառության կիրառելիության առաջին փուլը։
Բայց վերադարձը դեռ ինքնաբերաբար չի մերժվում։
Կոնվենցիայի ձևակերպումն այն է, որ դատարանը նման դեպքում կարող է հրաժարվել վերադարձից։
Այսինքն՝ բացառության պայմանների հաստատումից հետո սկսվում է դատական հայեցողության երկրորդ փուլը։
Այդ փուլում դատարանը գնահատում է գործի հանգամանքների ամբողջությունը և որոշում, թե երեխայի առարկությանը տվյալ դեպքում ինչ կշիռ պետք է տրվի։
Միջազգային դատական պրակտիկայում այս գնահատման ընթացքում նշանակություն կարող են ունենալ՝
•    երեխայի տարիքը,
•    հասունության աստիճանը,
•    առարկության ուժգնությունն ու կայունությունը,
•    երեխայի կողմից ներկայացված պատճառների բնույթը,
•    այդ պատճառների կապը երեխայի անձնական փորձի հետ,
•    հնարավոր ծնողական ազդեցության աստիճանը,
•    վերադարձի իրական պայմանները,
•    ինչպես նաև Հաագայի կոնվենցիայի ընդհանուր նպատակները։
Միաժամանակ բացառության պայմանները հաստատելուց հետո դատարանը չի կարող ստեղծել Կոնվենցիայով չնախատեսված լրացուցիչ պահանջ և վերադարձը մերժելու համար պահանջել ապացուցել, որ գործը ևս ինչ-որ առանձին իմաստով «բացառիկ» է։
Կոնվենցիան ինքն է որոշել, թե որ հանգամանքներում վերադարձի ընդհանուր կանոնից բացառություն կարող է կիրառվել։
Նույն կերպ, դատարանի հայեցողությունը չի նշանակում, որ երեխայի կարծիքը կարելի է պարզապես ձևականորեն արձանագրել և այնուհետև վերադառնալ այն կանխավարկածին, որ երեխային բոլոր դեպքերում պետք է վերադարձնել։
Եթե երեխան հասել է Կոնվենցիայով պահանջվող հասունության աստիճանին, նրա դիրքորոշումը պետք է իրական գնահատման առարկա դառնա։
Որքան ավելի մեծ է երեխայի տարիքն ու հասունության աստիճանը և որքան ավելի հստակ, հետևողական, ինքնուրույն ու անձնական փորձի վրա հիմնված է վերադարձին նրա առարկությունը, այնքան ավելի մեծ կարող է լինել այդ դիրքորոշման կշիռը դատարանի վերջնական որոշման մեջ։ Սակայն երեխայի կարծիքը ոչ ավտոմատ վճռորոշ է, ոչ էլ երկրորդական։ Դատարանը պետք է բացատրի՝ ինչ կշիռ է տվել դրան և ինչու։

Փաստաբան Հասմիկ Օհնիկյան