Գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողները ևս կօգտվեն նպաստի իրավունքից

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում 25.06.2020թ. կատարված լրացումներով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողները, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված են եղել գյուղական բնակավայրի հասցեով:

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:
Օրենով սահմանվել է, որ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակելու դիմումը պետք է ներկայացվի մինչև երեխայի երկու տարին լրանալը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, ուստի գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակվում է երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում անհրաժեշտ է, որ ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացած լինի մինչև երեխայի ծնվելու օրը, իսկ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ծնողի կողմից ներկայացվեն երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում:
Այն դեպքում, երբ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, ապա նպաստը նշանակվում է գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ծնողի կողմից պետք է ներկայացվեն գյուղական համայնքում հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում:
Եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվեն նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա նպաստը կնշանակվի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Եթե խնամքի նպաստը նշանակվել է ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված լինելու և փաստացի բնակվելու հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
ա. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի և ծնողի` այլ (գյուղական բնակավայր չհանդիսացող) բնակության վայրի հասցեով հաշվառվելու (փաստացի բնակվելու) դեպքում,
բ. երեխայի կամ ծնողի` հաշվառումից դուրս գալու և գյուղական բնակավայրի հասցեով մեկամսյա ժամկետում կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում,
գ. երեխայի` Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 90 օր և ավելի ժամկետով բացակայելու դեպքում.
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այն նշանակելու և վճարելու կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության 29.12.2015թ.-ի N 1566-Ն որոշմամբ:

Վերջում նշենք, որ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու և վարելու վերաբերյալ դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո: