Արդյո՞ք փաստաբանը պարտավոր է հիմնավորել հարցումը.
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3 կետի համաձայն (06 հունիսի 2016թ-ի դրությամբ խմբագրություն) փաստաբանն իրավունք ունի`
3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված:
Փաստաբանները «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3 կետին տրված հղումով հարցումներ են ուղարկում պետական մարմիններին և իրավաբանական անձանց, որպեսզի իրականացնեն իրենց հիմնական և ամենակարևոր գործառույթներից մեկը՝ ապացույցների հավաքման գործընթացը: Գաղտնիք չէ, որ ցանկացած հաջողված գործի հետևում հօգուտ վստահորդի հավաքված ապացույցների քանակն է և այդ ապացույցների բովանդակային արտահայտությունը :
Ցավոք, ոչ բոլոր պետական մարմինների աշխատողներ են գիտակցում ապացույց հավաքելու փաստաբանի գործառույթի կարևորությունն ու նշանակությունը և հաճախ , հարցմանը պատշաճ պատասխան ուղարկելու փոխարեն, բավարարվում են ոչնինչ չասող գրություններով կամ նույն այն օրենքի անհաջող մեկնաբանություններով, որն առավելապես կոչված է երաշխավորելու հենց փաստաբանի գործունեության արդյունավետությունը:
Այնուհանդերձ կարծում եմ , որ փաստաբանի կողմից ուղարկված հարցմանը պատշաճ չպատասխանելը պետք է համապատասխան անձանց մոտ առաջացնի ոչ այնքան բարենպաստ հետևանքներ, որպեսզի ապագայում, պոզիտիվ նախադեպի շնորհիվ փաստաբանի կողմից այլ անձանց կամ նույն անձի իրավունքների պաշտպանությունն իրականացվի առավելապես սեղմ ժամկետներում, առանց բյուրոկրատական քաշքշուքների և առավել արդյունավետ:
Այդ իսկ նպատակի իրականացման համար ստորև ներկայացվում է վարչական գործ, որի շրջանակներում փաստաբանական հարցմանը պատշաճ պատասխան չտված վարչական մարմնի դեմ ներկայացվել է վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված երկու հայցերի տեսակներ.
1. Ճանաչման հայց, որով հայցվում է ոչ իրավաչափ ճանաչել ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող վարչական մարմնի գործողություն կամ անգործությունը և
2. Պարտավորեցման հայց, որի շրջանականերում հայցվում է վարչական մարմնին պարտավորեցնելու տրամադրելու պահանջվող տեղեկատվություն
վարչական դատարան ներկայացված հայցադիմումով բարձրացված հարցադրումներ
Հայցվոր՝ փաստաբան, Շ. Փեթակչյան
Պատասխանող ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Մտավոր սեփականության գործակալություն
Հայցի էության հակիրճ նկարագրությունը և փաստերը, որոնց վրա հիմնվում են պահանջները.
՛՛01 փետրվարի 2016թ. Հայցվորի կողմից Պատասխանողին (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Մտավոր սեփականության գործակալություն) ուղղվել է փաստաբանական հարցում՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով`խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն թիվ 12544 գրանցմամբ բառային <<DOLE>> և թիվ 13301 գրանցմամբ համակցված «DOLE» ապրանքային նշանների վերաբերյալ, այդ թվում, թե արդյոք հարցման օրվա դրությամբ «Պաստիչերիա քեյք» ՍՊԸ-ն հանդիսանում է վերոնշյալ ապրանքային նշանների իրավատերը:
Խնդրում եմ, հարցման պատասխանը տրամադրել երկու օրինակից:
Կից ներկայացնում եմ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն:»
22 փետրվարի 2016թ. Հայցվորի կողմից ստացվել է Պատասխանողին արված հարցման պատասխանը, որով Պատասխանողը հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը, պատճառաբանելով, որ “չի հիմնավորվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված որևէ անձին իրավաբանական օգնություն ցույց տալու պայմանը, ուստի տվյալ դեպքում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը կիրառելի չէ”: Ինչպես նաև նշվել է, որ թիվ 12544 և 13301 գրանցման համար ունեցող ապրանքային նշանների իրավական պահպանության դադարեցման մասին տեղեկությունները հրապարակվել են 25.01.2016թ. «Արդյունաբերական սեփականության պաշտոնական տեղեկագրի» N1 համարում, որին կարելի է ծանոթանալ գործակալության www.aipa.am պաշտոնական կայքում:
Պահանջները հիմնավորող փաստարկները.
Պատասխանողը սխալ մեկնաբանության արդյունքում խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետը` անհիմն սահմանափակելով փաստաբանի կողմից հայցվող տեղեկատվություն տրամադրելը:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3 կետի համաձայն փաստաբանն իրավունք ունի`
3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ.
Պատասխանողը նաև խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտավորությունը` տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը տասնօրյա ժամկետում, մասնավորապես, հարցումը հանձնվել է 01 փետրվարի 2016 թ-ին, իսկ հարցման պատասխանը Պատասխանողը փոստային ծառայություն է հանձնել 20 փետրվարի 2016 թ-ին, որը ստացվել է 22 փետրվարի 2016 թ-ին:
Մերժելով տրամադրել սպառիչ պատասխան փաստաբանական հարցմանը, Պատասխանողը նշել է , որ «չի հիմնավորվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված որևէ անձին իրավաբանական օգնություն ցույց տալու պայմանը»
Անհասկանալի է թե ինչ իմաստ է իր մեջ պարունակում մերժման հիմքում նշված “իրավաբանական օգնություն ցույց տալու պայմանի հիմնավորում” բառակապակցությունը, սակայն կարելի է ենթադրել, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, երևի թե, այն պատճառով, որ նշված չի եղել, թե որ գործով կամ որ անձանց է ցույց տրվում իրավաբանական օգնությունը, որի համար հայցվում է տեղեկատվությունը և. Պատասխանողի համոզմամբ, այդ մասին նշումների բացակայությունը հիմք է փաստաբանական հարցումը մերժելու և սահմանված ժամկետից կրկնակի ուշ պատասխան ուղարկելու համար:
Եթե մերժման հիմքում դրված է այս ենթադրությունը, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանություններով.
1. Արդյո՞ք մերժելով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրելու հայցվող տեղեկատվությունը Պատասխանողը ղեկավարվել է հարցումը մերժելու համար օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկով
Մերժման հիմքերը սահմանված են օրենքով սպառիչ և դրա տարածական մեկնաբանություն չի թույլատրվում. Համաձայն նույն հոդվածի 3 կետի վարչական մարմինը պարտավոր է տրամադրելու հայցվող տեղեկատվություն բոլոր դեպքերում, բացի ներքոնշյալ 2 դեպքերի
1. Դա նախատեսված է այդ մարմնի գործունեությունը կարգավորող օրենքում
2. Այն հանդիսանում է օրենքով նախատեսված գաղտնիք
Այսինքն` որպես մերժման հիմք Օրենքով սահմանվել է սպառիչ սահմանափակումներ նպատակ ունենալով կանխարգելել վարչարարություն իրականացնող անձանց և մյուս սուբյեկտների կողմից իրավունքների չարաշահման հնարավոր դրսևորումները, հատկապես փաստաբանական գործունեության ընթացքում անհարկի խոչընդոտների ստեղծումը. Ավելին օրենսդիրը առավելագույն ժամկետներ է սահմանել փաստաբանական հարցմանը պատասխանելու համար, հաշվի առնելով, որ այդ ժամկետների չպահպանումը կարող են առաջացնել ծանր հետևանքներ փաստաբանի վստահորդի համար
2. Արդյո՞ք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված “իրավաբանական օգնություն ցույց տալու համար” արտահայտությունը պետք է մեկնաբանել որպես փաստաբանի համար պարտավորություն հարցման մեջ հիշատակելու արդեն իսկ օրենքով նախատեսված նպատակը, թե ինչի համար է կատարվում փաստաբանական հարցումը, թե այն անհրաժեշտ է դիտարկել ընդհանուր նորմի կոնտեքստում ,որը նպատակ ունի ընդգծելու հայցվող տեղեկատվությունը տրամադրելու նպատակը , կարևորություն ,մասնավորապես. քանի որ այն անհրաժեշտ է իրավաբանական օգնության համար
Համաձայն ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ 1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.
Այսինքն` որպեսզի նշված արտահայտությունը մեկնաբանվի որպես սուբսիդիար պարտականություն ի հավելումն հարցման մեջ նշված տեղեկատվության նաև նշելու հարցման նպատակը, անհրաժեշտ է որպեսզի ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, ինչպես օրինակ փաստաբանը ''պարտավոր է հիմնավորել հարցումը'': Օրենքով արդեն իսկ սահմանված փաստաբանական հարցման նպատակը Ցանկացած այլ մեկնաբանությամբ, այդ թվում վերստին և պարտադիր վկայակոչելու պարտականությունը կամ դրանից բխող օրենքով չնախատեսված հիմքով հարցումը տրամադրելը մերժելը ուղղակիորեն չի բխում ինչպես նույն օրենքից այնպես էլ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ի հավաստում դրա, դիցուք, պետական որևէ մարմին, վարչական որևէ սուբյեկտ կոչված է ապահովվելու որոշակի ոլորտում առկա հասարակական հարաբերությունների կարգավորման գործառույթի իրականացմանը, օրինակ` Գործակալությունն իրականացնում է հեղինակայի ն իրավունքների պաշտպանությանը. Սակայն որևէ անգամ այդ մարմին իր գործառույթներն իրականացնելիս պարտավոր չէ նշել, որ այն իրականացնում է, քանի որ իր խնդիրը հեղինակային իրավունքների պաշտպանությունն է, կամ օրինակ ոստիկանության խնդիրներից մեկն է հանդիսանում օրինականության պահպանումը, սակայն քաղաքացիներից կամ իրավաբանական անձանցից տեղեկատվություն հայցելիս հարցման մեջ հղում չի արվում առ այն, որ հարցումն արվում է օրինականության ապահովվման համար, քանի որ այն արդեն իսկ օրենքով նախատեսված գործառույթ է վերջինիս համար հանդիսանում:
3. Արդյո՞ք փաստաբանը պարտավոր է երրորդ անձանց առջև բացահայտել իր վստահորդին անհատականացնող տվյալները` փաստաբանական հարցման պատասխանը ստանալու նպատակով.
Փաստաբանը չունի որևէ պարտավորություն երրորդ անձանց առջև բացահայտելու իր վստահորդի վերաբերյալ անձնական տվյալներ , նույն օրենքի 19 հոդվածի 3 կետի համաձայն պարտավոր է նաև չհրապարակել փաստաբանական գաղտնիքը:
Համաձայն Փաստաբանության մասին ՀՀ օրենքի “Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:” Թեև վստահորդ –փաստաբան հարաբերությունների փաստն ինքնին կարող են Օրենքի իմաստով չդիտարկվել որպես փաստաբանական գաղտնիք, սակայն այն փաստաբանական գաղտնիք է հանդիսանում այդ հարաբերությունների փաստը գաղտնի պահելու վերաբերյալ վստահորդի կողմից ստացված հատուկ ցուցումի դեպքում
Մասնավորապես այս պարագայում Փաստաբանն իր վստահորդի հետ կնքված պայմանագրի համաձայն պարտավորվել է գաղտնի պահել իրավաբանական ծառայություններից օգտվող վստահորդի մասին տվյալները, վերջինիս ինքնությունը և զերծ մնալ որևէ ձևով այն հրապարակելուց` առանց վերջինիս համաձայնության:Փաստաբան-վստահորդ հարաբերություններում տվյալների փոխանցման գաղտնիության իրավունքի առկայությունը ՄԻԵ դատարանի կողմից բազմաթիվ նախադեպերով հաստատված իրավունք է, իրավունք` իրավաբանական ծառայություններից օգտվող անձի համար և պարտականություն փաստաբանի համար, Կոնվենցիայի 8–րդ հոդվածով տրամադրվող իրավունքի անմիջական արտահայտություն:
Այդ իրավունքի ցանկացած սահմանափակում հնարավոր է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում կամ միայն վստահորդի համաձայնության առկայության պարագայում:
Իսկ այն մեկնաբանել ավելի լայն, առ այն որ այն ենթադրում փաստաբանի պարտականություն հարցմամբ նշելու թե , թե այդ տեղեկատվություն ում համար է օգտագործվելու չի հիմնավորվում որևէ իրավական մեկնաբանությամբ;
4. "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է , որ "Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը":
Փաստաբանի կարգավիճակ չունեցող անձի կողմից վարչական մարմնից տեղեկատվություն ստանալու համար բավարար է հայցվող տեղեկատվության մասին գրավոր հարցում ուղարկելը և այդ դեպքում կիրառելի է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, որի պարագայում անձը չունի որևէ պարտավորություն հիմնավորելու հարցումը: Եթե համադրենք “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի համանման հոդվածները տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, ապա ակնհայտ կդառնա, որ “Փաստաբանության մասին” օրենքի համապատասխան հոդվածը որևէ էական արտոնություն կամ առավելություն փաստաբանին չի տալիս ի հաշիվ մյուս համանման իրավակարգավորման և երկու դեպքում էլ և փաստաբանը և փաստաբանի կարգավիճակ չունեցող քաղաքացին կարող են հարցմամբ ստանա գրեթե համարժեք տեղեկություններ, թեև ենթադրվում է , որ փաստաբանական գործունեությունը, որպես իրավապաշտպան գործունեություն, պետք է փաստաբանին համեմատաբար առավել բարենպաստ պայմաններ նախատեսեր տեղեկություններ և ապացույցներ հավաքելու գործընթացում` դրանով ապահովվելով նաև բազմաթիվ իրավահարաբերություններում փաստաբանի կողմից անհրաժեշտ հակակշիռներ ապահովվելու հնարավորությունը: Թեև նման էական առավելություններ նախատեսված չեն, սակայն ենթադրել, որ այս պարագայում փաստաբանի իրավունքները ավելի սահմանափակ են, քան փաստաբան չհանդիսացող անձանց` առնվազն դուրս է որևէ տրամաբանությունից: Այսինքն` կասկածից վեր է, որ տեղեկություններ ստանալու (ապացույցներ հավաքելու) գործընթացում որևէ օրենքով կարող են սահմանվել ավելի բարենպաստ պայմաններ փաստաբանի կարգավիճակ չունեցող քաղաքացիների համար, քան փաստաբանական գործունեություն իրականացնող փաստաբանների համար: Քաղաքացին իրավունք ունի դիմել և ստանալ հայցվող տեղեկատվությունը առանց հիմնավորման , իսկ փաստաբանը պարտավոր է հիմնավորել փաստաբանական հարցման նպատակը: Իսկ եթե դատարանի գնահատմամբ այդօրինակ սահմանափակումն առկա է, ապա առնվազն առկա է նաև այդ նորմի հակասահմանադրականության հարցը քննարկելը խնդիրը:
Պատասխանողը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1-րդ հոդվածները, չի կիրառել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածները:
Պատասխանողը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` խոսքի ազատության իրավունքը ներառում է նաեւ տեղեկություններ փնտրելու եւ ստանալու ազատությունը: Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության եւ հանրության առջեւ պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է:
Բացի վերոնշյալ հիմնավորումները, Պատասխանողը, հանդիսանալով վարչական մարմին, պետք է ղեկավարվեր "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 5 հոդվածով և միայն ձևական պահանջների պահպանման նպատակով չծանրաբեռներ պարտականություններով կամ մերժել որևէ իրավունք տրամադրելը: Այսինքն` ղեկավարվելով "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով տրամադրել հայցվող տեղեկատվությունը:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի` "Տեղեկատվության ազատության սահմանափակումները" վերտառությամբ 8-րդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը, որը պարունակում է պետական, ծառայողական, բանկային կամ առեւտրային գաղտնիք:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է , որ Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:
Բացի դրանից, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով տեղեկություններ փնտրելու եւ ստանալու ազատության իրավաչափ սահմանափակումների չափորոշիչներին, իրավական դիրքորոշում են արտահայտել այն մասին, որ, նախ եւ առաջ, այդ ազատության սահմանափակման իրավական հիմքը պետք է բավարարի մատչելիության եւ կանխատեսելիության որակները: Սահմանափակման իրավական հիմքին վերաբերող այս պահանջների կարեւորությունն է՛լ ավելի է ընդգծվում, երբ նշված ազատությանը միջամտությունը դրսեւորվում է անձին համապատասխան տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու ձեւով:
ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությունը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` տեղեկությունը` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ):
Նշված նորմերի վերլուծությունից հետեւում է, որ օրենսդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքն օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու իր փնտրած տեղեկությունը: Ընդ որում, տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ` լրիվ եւ սպառիչ պատասխան:
Նշված նորմերի վերլուծությունից հետեւում է նաև, որ օրենսդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքը օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու իր փնտրած տեղեկությունը: Ընդ որում` տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ` լրիվ եւ սպառիչ պատասխան:
Սույն գործով ներկայացված հայցը մասնակի ընդունվել է վարույթ իսկ մասով մերժվել է. Դատարանի որոշմամբ մասնակի մերժվել է այն պահանջի վերաբերյալ, որը վերաբերել է Պատասխանող ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՄՍԳ այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ, ոչ իրավաչափ ճանաչելուն:
Ներկայացվել է վերաքննիչ բողոք վարչական վերաքննիչ դատարան՝ հայցադիմումի ընդունումը մասով մերժելու (ճանաչման հայց ներկայացնելու մասով) վարչական դատարանի որոշումը վերացնելու նպատակով:
Վարչական դատարանի կողմից սույն գործով դեռևս քննություն չի իրականացվել, գործով կայացված վճիռը կտեղադրվի հետագայում: