Երբ ժառանգատուն ունի վարկային պարտավորություններ…

Տեղեկանալով պարտապան քաղաքացու մահվան փաստի մասին՝ վարկեր տրամադրած որոշ ընկերություններ /բանկերվարկային կազմակերպություններ/, շտապում են նրա ընտանիքի անդամներին կամ մոտ հարազատներին ներկայացնել «օրենքով սահմանված կարգով» վարկը վերաձևակերպելու «առաջարկ»:

Արդյոք դա մահացած պարտապանի պարտքերը գանձելու օրենքով սահմանված մեխանիզմ է, թե՞ այլընտրանքային ռազմավարություն:

Գործող օրենսդրությունը սահմանում է ժառանգատուի պարտքերը ստանալու հստակ ընթացակարգ: Նպատակ չունենալով նյութը ծանրաբեռնել ընթացակարգին առնչվող առանձին մանրամասնություններով՝ ցանկանում ենք քաղաքացիների ուշադրությունը հրավիրել դրա հետևյալ էական առանձնահատկություններին.

-ժառանգատուի /մահացածի/ պարտքերի մարումը կարող է տեղի ունենալ բացառապես վերջինիս պատկանող գույքի /ժառանգական զանգվածում ներառվող գույքի/ հաշվին և դրա արժեքի սահմաններում:

-Ժառանգատուի ընտանիքի անդամը կամ հարազատը մահացածի պարտքերը մարելու հարցին առնչվում է միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով ընդունում է ժառանգությունը /ստանում ժառանգության վկայագիր/:

Այսպիսով՝ չկա ժառանգության իրավունքի վկայագիր, չկա նաև ժառանգատուի պարտքերը մարելու պարտավորություն:

-Ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգը կրում է մահացածի պարտքերը մարելու պարտավորություն, եթե պարտքերը մարելու պահանջը բանկը կամ վարկային կազմակերպությունը ներկայացրել է մահացածի մահվան օրվանից վեց ամիսների ընթացքում: Ընդ որում, օրենքը հստակ ամրագրում է այն անձանց շրջանակը, ում պարտատերը պետք է ներկայացնի իր պահանջը: Մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, պահանջը կարող է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին: Հիշյալ պահանջների խախտմամբ ներկայացված պահանջները ժառանգը կարող է չկատարել:

Քանի որ վարկային պարտավորությունների կատարումը ենթադրում է ամսեկան վճարումներ, իսկ վարկառու քաղաքացու մահվան դեպքում ամսական վճարումները դադարում են, ուստի վարկ տրամադրած ընկերությունը գրեթե միշտ ժամանակին է տեղեկանում վարկառու քաղաքացու մահվան փաստի մասին: Ինչու՞ օրենքով սահմանված ընթացակարգերով ղեկավարվելու փոխարեն, շատ դեպքերում վարկ տրամադրած կազմակերպությունները ներկայացնում են մահացածի վարկը ընտանիքի անդամների կամ այլ հարազատների անվամբ վերաձևակերպելու պահանջ, դա օրենքի չիմացություն է, թե՞ պարտքերի գանձման այլընտրանքային ռազմավարություն: Պարտքերի գանձման օրենքով սահմանված ընթացակարգը վարկ տրամադրած կազմակերպությունները կիրառում են ոչ միշտ, քանի որ.

-ժառանգության վկայագիրը ստացած ժառանգի կողմից ինքնակամ պարտքը չմարելվու դեպքում, առաջանալու է պարտքի գումարը դատական կարգով բռնագանձելու անհրաժեշտություն, որն իրե հետ բերելու է անցանկալի դատական քաշքշուկներ:

-գործող օրենսդրությամբ առաջնահերթության կարգով նախ կատարվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու, իսկ կտակի դեպքում նաև՝ կտակը կատարելու հետ կապված ծախսերը: Հիշյալ հանգամանքը էականորեն նվազեցնում է պարտքն ամբողջությամբ, իսկ շատ դեպքերում անգամ մասնակիորեն, գանձելու հնարավորությունը: Ինչպես արդեն նշվեց, ժառանգը կրում է միայն ժառանգական գույքի արժեքի սահմաններում պարտքը մարելու պարտավորություն:

Պետք է նկատի ունենալ ևս մեկ կարևոր հանգամանք. թեև մահացած անձի ընտանիքի անդամը կամ այլ հարազատը մինչև ժանագության իրավունքի վկայագիր ստանալը չի կրում նրա պարտքերը մարելու պարտավորություն, այնուամենայնիվ, քաղաքացիական իրավահարաբերություններում կամքի ազատ արտահայտման սկզբունքից ելնելով, պարտքի վերաձևակերպման գործարքի կնքման դեպքում գործարքը համարվելու է վավեր և այն կնքողի համար առաջացնելու է այս անգամ նաև իրեն պատկանող ողջ գույքի հաշվին, պարտքը մարելու պարտավորություն:

Եղեք Ձեր իրավունքներից իրազեկված և ապահովագրեք Ձեզ հետագա քաշքշուկներից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital