Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքով կարգավորվում է հատուկ տարածք հասկացությունը, որը բնորոշվում է որպես արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կողմից պահպանվող տարածք: Հատուկ տարածքները հայտնի են նաև որպես տուգանային հրապարակ (площадка гаи)
Երբեմն քաղաքացիներն ահազանգում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից մեքենաները հատուկ տարածք տեղափոխելու դեպքերի մասին, որոնց դեպքերում վերջիններս չեն իրազեկվում, թե որ իրավական հիմքով է ղեկավարվում ՃՈ աշխատակիցը նման գործողություն կատարելիս, իսկ երբեմն էլ նշվող պատճառաբանությունները չեն տեղավորվում օրենքի սահմաններում:
Պետք է իմանալ, որ տրանսպորտային միջոցը քաղաքացու սեփականությունն է հանդիսանում, իսկ սեփականության իրավունքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրության մակարդակով, հետևաբար դրանից ցանկացած շեղում հնարավոր է բացառապես միայն այն դեպքերում, երբ դա նախատեսված է օրենքով; այսինքն` միայն ու միայն օրենքում ուղղակիորեն նշված հիմքով է հնարավոր քաղաքացու տրանսպորտային միջոցը տեղափոխել պահպանվող հատուկ տարածք և մնացած բոլոր այլ գործողություններն ուղղակի ապօրինի են:
Օրենքով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Այստեղ օրենքը սահմանել է երկու առանձին իրական եզրույթ 1 . տրանսպորտային միջոցը բերման ենթարկելը և 2 արգելանքի տակ դնելը, որը հաջորդում է բերման ենթարկելուն:
Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:
Այսինքն` այն դեպքում, երբ հնարավոր է պատճառը վերացնել տեղում, օրինակ, տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է և հնարավոր է վերասարքավորումը վերացնել տեղում, ապա այն բերման ենթարկելու հիմքը վերանում է և տրանսպորտային միջոցը չի կարող տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք:
Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու կամ բերման ենթարկելու տարածված պատճառներից է հանդիսանում երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելը կամ կայանումն արգելված տեղերում կանգնելը, որոնց դեպքերում տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը:
Հատկանշական է, որ այս դեպքում անհրաժեշտ է որպեսզի վարորդը կամ բացակայի ավտոմեքենայի գտնվելու վայրից կամ թեկուզ գտնվի այդ վայրում, սակայն հրաժարվի այն տեղափոխել այլվայր, իսկ այն դեպքերում, երբ վարորդը արգելված վայրից հեռացնում է մեքենան, ապա ինքնըստինքյան վերանում է նաև մեքենան հատուկ տարածք տեղափոխելու իրավական հիմքը և ՃՈ աշխատակիցն իրավունք չունի տեղափոխելու տրանսպորտային միջոցը պահպանվող տարածք:
Հաջորդ տարածված խախտումը ՃՈ աշխատակցի կողմից արձանագրություն չկազմելը կամ կազմելու դեպքում վարորդին այդ արձանագրության օրինակ չտրամադրելն է: Համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 18.1. հոդվածի 7 մասի «Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն», որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:
Հատուկ տարածք մեքենան տեղափոխելը և այլ անձին ի պահ հանձնելը բնորոշ է ՀՀ Քաղ. Օրենսգրքով նախատեսված պահատվության ինստիտուտին: Ըստ էության այս գործողությունը կարող է բնութագրվել որպես պահատվության հատուկ տեսակ՝ հարկադիր պահատվություն, որի շրջանակում ոստիկանությունն իրավասու է իրականացնել գույքի հարկադիր պահատվությունը մինչև Օրենքով սահմանված որոշակի հանգամանքների ի հայտ գալը կամ որոշակի հանգամանքների վերանալը: Ինչպես նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 814 հոդվածով պահատվության ձևը համարվում է պահպանված պահատուի կողմից պահատվության ստացական, անդորրագիր, վկայագիր կամ պահառուի կողմից ստորագրված այլ փաստաթուղթ տրամադրելով. Այս առումով Օրենքը համանման կարգավորում է նախատեսել հարկադիր պահատվություն իրականացնող ՃՈ աշխատակցի համար՝ պարտավորեցնելով վարորդին հանձնելու արձանագրության օրինակ:
Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:
Նույն օրենքի 8 մասով սահմանված է , որ ՛՛Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից՛՛: Այսինքն` թեև օրենքը չի սահմանել թե այդ արձանագրությունը, երբ պետք է կազմվի, սակայն հաշվի առնելով, որ դրա օրինակը պետք է հանձնվի ինչպես վարորդին այնպես էլ տարածքում պահպանությունն ապահովող անձանց և որ այդ տրանսպորտային միջոցը տարածքում տեղավորելուց հետո սկսվում է ժամերի հաշվարկը, ապա այն պետք է կազմվի անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածքում տեղավորելուն զուգընթաց , քանի որ գույքի պահպանություն իրականացնող անձը մինչև դրա պահպանությունը ստանձնել պետք է ապահովված լինի տրասնպորտային միջոցը պահպանության ընդունելու համար բավարար իրավական հիմքով, իսկ վարորդը պետք է ունենա տրանսպորտային միջոցի մեջ առկա գույքի վերաբերյալ ՃՈ իրավասու անձի կողմից ստորագրված համապատասխան փաստաթուղթ՝արձանագրություն:
Նույն օրենքի 18 հոդվածի 1 մասը սահմանում է Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը: 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» և «ժէ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:
Այստեղ պետք է ուշադրություն դարձնել Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերին. Այս դեպքերում հնարավոր է արգելել երևեկությունը, սակայն բերման չենթարկել ավտոմեքենան.
օրինակ վարորդը վկայականը մոռացել է վերցնել, իսկ ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն մեքենայում կա այլ անձ, որն ունի վարորդական վկայական, ապա մեքենան չի կարող տարվել հատուկ տարածք. այս դեպքում կազմվում է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արձանագրություն ՎԻՎՕ 128 հոդվածի 3 մասով, 3000 դրամ, մեքենան հանձնվում է վարորդական իրավունքի վկայական ունեցող անձին և երթևեկությունը շարունակվում է
(պետք է տարբերակել վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերը մեքենան բերման ենթարկելու հիմքերից, ինչպես նաև վերջինները՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերից. դիցուք վերոնշյալ դեպքում առկա է վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը և տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքը, սակայն բացակայում է մեքենան բերման ենթարկելու հիմքը )
Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը
ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.
բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.
գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.
դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.
ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.
զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.
է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.
ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.
թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.
ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.
ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը.
ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.
ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.
ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով.
ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:
2. Շահագործումն արգելվում է նաև այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլերի, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:
3. Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը:
4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարում են ոստիկանության պետը (տեղակալները) կամ ոստիկանության պետի լիազորած պաշտոնատար անձինք:
5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում:
Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից Օրենքի 24 պրիմ 1 հոդվածով սահմանված կարգով հեռացնելու և տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ:
Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:
Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով: (Ընդունվել է 10 մայիսի 2016թ-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի թիվ 5-Ն հրաման)
Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:
Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:
Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`
ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):
Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:
Օրենքի նույն հոդվածի իններորդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:
Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից:
Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ:
Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին և համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ:
Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:
Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով: (Ընդունվել է 10 մայիսի 2016թ-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի թիվ 5-Ն հրաման)
Օրենքի 18 պրիմ 2 հոդվածը սահմանում Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը` հաշվառման համարանիշները հանելով
Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով և երկրորդ մասով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և սույն հոդվածով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:
Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» և «ժբ» կետերում նշված դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ 18-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավոր համարանիշի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձևը` ոստիկանության պետը:
Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):
Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 124 հոդվածի 23 մասում նշված է Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: