Քաղաքացիներին հաճախ է հետաքրքրում այն հարցը՝ արդյոք հնարավոր է քննել երեխայի բնակության վայրը որոշելու և /կամ/ տեսակցության կարգը սահմանելու մասին վեճը, եթե այլ դատարանի կողմից այն նախկինում քննվել է և արդեն իսկ առկա է վեճը լուծող վերջնական դատական ակտ:
Իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է, որ գործի քննության արդյունքում անձն ունենա իր իրավական վեճը լուծող վերջնական դատական ակտ: Հատկանշական է, որ վերջնական դատական ակտով վիճող կողմերի վրա են դրվում այս կամ այն պարտականությունները, վերապահվում այս կամ այն իրավունքները, ուստի դատավարության կողմերի համար դրանք պետք է լինեն հստակ ու չփոփոխվող:Հենց այս սկզբունքի ապահովման նպատակով էլ օրենսդիրը սահմանել է առանց գործն ըստ էության քննելու գործի վարույթն ավարտելու պահանջ բոլոր այն դեպքերում, երբ պարզ դառնա, որ առկա է միևնույն անձանց միջև միևնույն հիմքով և միևնույն վեճի լուծմանն ուղղված վերջնական դատական ակտ: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ երեխայի շահերին առնչվող գործերով քիչ չեն դեպքերը, երբ դատարանները քննարկման առարկա դարձնելով գործի վարույթը կարճելու հարցը, այնուամենայնիվ շարունակում են գործի քննությունն ու տալիս վեճի նոր լուծում: Պատճառը թերևս այն է, որ երեխայի շահերին առնչվող վեճեր քննելիս «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի պահպանմամբ, դատարանները առաջնահերթ են համարում երեխայի լավագույն շահերին: Երեխայի լավագույն շահը գնահատվում է այնպիսի հանգամանքների համադրման ադյունքում, ինչպիսիք են, օրինակ, երեխայի տարիքը, ծնողների վարքը, երեխայի փոխհարաբերությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ և այլն: Ժամանակով պայմանավորված ուշադրության արժանի հիշյալ հանգամանքներից որոշներն անխուսափելիորեն ենթարկվելու են փոփոխության՝ այդ կերպ մի շարք դեպքերում ստեղծելով գործքի նոր քննության, ինչպես նաև դրա ընթացքում արդեն փոփոխված փաստական հանգամանքները հաշվի առնելու, դրանց լույսի ներքո երեխայի լավագույն շահը գնահատելու անհրաժեշտությունը: Այսպիսով, փոփոխության ենթարկված հանգամանքները դառնում են նոր ներկայացված հայցի փաստական հիմքերը, ինչի արդյունքում էլ արձանագրվում է, որ թեև նույն անձանց միջև առկա է միևնույն վեճն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ, այնուամենայնիվ, գործի փաստական հիմքերը տարբեր են, ուստի բացակայում է գործի վարույթը կարճելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված հիմքը: