"Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին" ՀՀ օրենքի`


- 7-րդ հոդվածի 1-ին մասի "բ" եւ "գ" ենթակետերին համապատասխան` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան, մասնավորապես, ներառում է ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
- 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի համաձայն` տեղեկատվական բազան ձեւավորելու եւ վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է ՀՀ կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից: Նույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերին համապատասխան` անհատ ձեռնարկատերերը նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են նույն օրենքով սահմանված կարգով` անձնավորված հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ: Անձնավորված հաշվարկը ձեւավորելու եւ լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների ներքին եւ արտաքին ձեւը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
"Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ կառավարության 20.12.2012թ. N 1676-Ն որոշման հավելված N 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետին եւ 6-րդ կետի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթակետերին համապատասխան` ՀՀ ոստիկանությունը հարկային մարմնին է տրամադրում ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված` օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց անձը հաստատող փաստաթղթի տեսակը (օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար կատարող է համարվում, եթե ունի կացության կարգավիճակ: Հետեւաբար` 1974թ. եւ դրանից հետո ծնված եւ ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերը ՀՀ ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի N 3 հավելվածով հաստատված սոցիալական վճարի տարեկան հաշվարկ չի ներկայացնում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital