Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացվող վարձակալության վճարներից հարկային պարտավորությունների առաջացման վերաբերյալ:
Հարց
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը անշարժ գույքի վարձակալությունից ստացել է եկամուտներ: Ստացվող եկամուտների որքա՞ն
գումարից հետո կհարկվի կամ, ֆիզիկական անձը պետք է հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
- 150-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` տասը տոկոս դրույքաչափով,
- 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին,
- 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի):
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գույքը վարձակալության տրամադրելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր չէ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտների մասով առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 10% դրույքաչափով: Ընդ որում`
1) գույքը հարկային գործակալի վարձակալությամբ տրամադրվելու դեպքում, ֆիզիկական անձին վճարված վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը,
2) գույքը անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի վարձակալությամբ տրամադրվելու դեպքում, ստացված վարձակալական վճարների մասով եկամտային հարկը ֆիզիկական անձը հաշվարկում է ինքնուրույնաբար` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (ձեւը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի N 3 հավելվածով) եւ հաշվարկված եկամտային հարկի գումարները վճարում պետական բյուջե` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը ինքնուրույնաբար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` 10% դրույքաչափով: