Ֆիզիկական անձի կողմից բաժնեմասի օտարումից ստացվող եկամուտների հարկման վերաբերյալ
Հարց
Կազմակերպությունը ցանկանում է վերակազմակերպվել առանձնացման եղանակով: Նոր ստեղծվող կազմակերպությանը (ՍՊԸ) բաժանիչ հաշվեկշռով անցնելու է շենք` որպես ակտիվ, իսկ որպես պասիվ` այդ գույքի արժեքի չափով կանոնադրական կապիտալ:
Վերակազմակերպման գրանցումից 6 ամիս անց նոր ստեղծված ՍՊԸ-ի ֆիզիկական անձ հանդիսացող միակ բաժնետերը օտարում է իր 100 տոկոս բաժնեմասը այլ ֆիզիկական անձի: Արդյո՞ք այդ գործարքը ենթակա է եկամտային հարկով հարկման:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 143-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղթերից ստացվող եկամուտները` օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն,
- 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը,
- 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձեւով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ֆիզիկական անձի կողմից բաժնեմասի օտարումից ստացվող եկամուտները` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: