Դատական ակտն ուշացումով ուղարկվելու դեպքում բողոքարկման ժամկետը պետք է վերականգնվի իրավունքի ուժով (ex jure) Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտերի հրապարակումը տեղի է ունենում ոչ թե դատական նիստում, ինչպես դա արվում էր նախկինում, այլ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու միջոցով (datalex.am):
Օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, սակայն, վճռի օրինակը առձեռն չհանձնվելու դեպքում, ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանների պարտականությունը ևս: Գործնականում, սակայն, սահմանված ժամկետներում դատական ակտի թղթային տարբերակը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը ոչ միշտ է պատշաճ կատարվում: Վճիռն ուշացումով ուղարկելու հանգամանքը հաճախ հիմնավորվում է դատարանի կազմի գերծանրաբեռնվածությամբ, իսկ որոշ դեպքերում՝ այս կամ այն տեխնիկական խնդրով: Ելնելով երևույթի մասսայական բնույթից, կարող ենք եզրահանգել, սակայն, որ նման գործելակերպը շատ դեպքերում ոչ այլ ինչ է, քան դատարանների կազմի անփույթ աշխատանքի և պատասխանատվության զգացումի բացակայության արդյունք: Բանն այն է, որ դատական իշխանության պաշտոնական` datalex.am կայքում վճռի հրապարակումը շատ դեպքերում դիտվում է որպես վճռի բովանդակությանը ծանոթանալու՝ կողմերի հնարավորություն, ըստ այդմ՝ վճիռը թղթային տարբերակով գործին մասնակցող անձանց ժամանակին ուղարկելը ոչ միշտ է կարևորվում: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ դատավարության կողմը, ով ցանկանում է բողոքարկել վճիռը և սահմանափակված է դրա դեմ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետներով, դատարանի վճիռը թղթային տարբերակով ստանում է լավագույն դեպքում բողոքարկման ժամկետի ավարտին: Վերջինս, անկախ իր կամքից, հաճախ բաց է թողնվում վճռի դեմ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը: Նման դեպքերում, բողոք բերող անձը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգավորումը, բողոքի հետ միասին վերադաս դատարանին է ներկայացվում դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ կցելով վճիռն ուշացումով ստացած լինելու փաստը հավաստող դատական ծրարը: Դատական պրակտիկան վկայում է, որ միջնորդությունները վերադաս դատարանի կողմից, մեծամասամբ, բավարարվում են, ինչպիսի հանգամանքն, ըստ էության, չի խոչընդոտում անձի՝ բողոքարկման իրավունքի իրացմանը: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ դատարանը վկայակոչելով դատական իշխանության պաշտոնական կայքում վճիռը ժամանակին հրապարակված լինելու հանգամանքին և եզրահանգելով, որ բողոքաբերն ըստ էության ունեցել է դրա բովանդակությանն ավելի վաղ ծանոթանալու հնարավորություն, վճռի դեմ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժում է: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանելու՝ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը կարո՞ղ է, արդյոք, համարվել դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու պարտավորության պատշաճ կատարում, և նման պայմաններում օրենքով սահմանված բողոքարկման ժամկետի ավարտից հետո ներկայացված բողոքները համապատասխան միջնորդությամբ կարո՞ղ են, արդյոք, քննության առարկա դարձվել:ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման այս նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել։
Իրավական հարցադրումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի լույսի ներքո դիտարկելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, այնուամենայնիվ միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի՝ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016
թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, ընդգծել է, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.02.2019թ. որոշումը):
«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ «Վատիմավա» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/23974/02/18 քաղաքացիական գործով 23.04.2020թ. որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ այն դեպքում, երբ առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերադաս դատարանի կողմից պետք է վերականգնվի իրավունքի ուժով (ex jure):