Արտերկրում գտնվող այն քաղաքացիները, ովքեր ունեն քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելու անհրաժեշտություն, բախվում են նման պահանջով ՔԿԱԳ գործակալության մարմիններին դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու խնդրին:

Բանն այն է, որ ՔԿԱԳ գործակալությունը (այդ թվում՝ տարածքային բաժինները), նեղ մեկնաբանելով «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» կառավարության 23.06.2005թ. N 995-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 6-րդ կետով ամրագրված իրավանորմը, քաղաքացիներին գործնականում ներկայացնում են դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ:
Գործակալության և նրա տարածքային բաժինների պնդմամբ՝ դիմումատուի կողմից դիմումն անձամբ հանձնելու անհնարինության դեպքում դիմումատուի ստորագրությունը դիմումի վրա պետք է հաստատվի սահմանված կարգով: Այն հարցին, թե որն է սահմանված կարգը և ինչով է այն սահմանված, աշխատակիցները, այնուամենայնիվ, դժվարանում են պատասխանել:
Իրավակիրառ պրակտիկայում ներկայացվող՝ դիմումի վրա ստորագրությունը սահմանված կարգով հաստատված լինելու պահանջը, ենթադրվում է քաղաքացու դիմումը օտար երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կազմելու անհրաժեշտությունը:
Դրա անհնարինությունը ստիպում է քաղաքացուն գնալ ավելի երկար և ավելի ծախսատար ճանապարհով: Այս դեպքում արդեն, ենթադրվում է, որ քաղաքացին պետք է կազմի օտարալեզու դիմում, որի վրա նրա տորագրության իսկությունը պետք է հաստատի արտերկրում իրավասու անձը (օրինակ՝ նոտարը), ապա հիմնական դեպքերում, օտար երկրում տրված հիշյալ փաստաթուղթը պետք է անցնի օրինականացման քաշքշուկի միջով, որից հետո նոր օրինականացված փաստաթղթի հայերեն պատշաճ թարգմանությունը դիմումատուն կարող է ներկայացուցչի միջոցով հանձնվել ՔԿԱԳ գործակալության համապատասխան տարածքային բաժին:
Համարելով, որ իրավակիրառ պրակտիկայում ըստ էության թույլ է տրվում Կարգով սահմանված իրավանորմի նեղ մեկնաբանություն՝ քաղաքացիներին դնելով անբարենպաստ իրավիճակում և նրանց ծանրաբեռնելով լրացուցիչ՝ օրենդրությամբ չամրագրված պարտականություններով, «Այլեքս» փաստաբանական գրասենյակը խնդիրը բարձրաձայնել է իրավասու մարմիններին:
Վկայակոչելով Կարգով ամրագրված իրավանորմի՝ «ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները տրվում են այն անձանց կողմից, որոնց վերաբերում են այդ գրանցումները» ձևակերպմանը, և պրակտիկայում դրան տրված նեղ մեկնաբանությանը, համապատասխան գրությամբ, մասնավորապես, բարձրացվել է առավել բարձի իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածով սահմանված իրավանորմի հետ հակասության հարցը:
Օրենքի վերը նշված հոդվածով ամրագրված է վարչական վարույթում ներկայացուցչի միջոցով գործելու, ըստ այդմ՝ դիմումը նրա կողմից կազմելու վարչական վարույթի մասնակցի իրավունքը:
Անդրադառնալով Կարգում առկա այն ձևակերպմանը, ըստ որի ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները պետք է տրվեն այն անձանց կողմից, որոնց վերաբերում են այդ գրանցումները, գտնում ենք, որ չեն կարող մեկնաբանվել որպես ներկայացուցչի միջոցով գործընթաց նախաձեռնելու արգելք, քանի որ նորմի նման մեկնաբանությունը, ինչպես արդեն նշվեց, անխուսափելիորեն առաջացնում է իրավական կոլիզիա առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի՝ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավանորմի հետ: Հատկանշական է, որ իրավական կոլիզիա առաջանալու դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով կիրառելի են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմերը, տվյալ դեպքում՝ ներկայացուցչի միջոցով գործելու իրավունքը սահմանող Օրենքի դրույթները:
Մեր մեկնաբանմամբ, քննարկվող իրավանորմն ամրագրելով օրենսդիրն ըստ էության սահմանել է ոչ թե ներկայացուցչի միջոցով գործելու արգելք, այլ ակտի վերականգնմամբ որևէ կերպ շահագրգիռ այլ անձանց կողմից գործընթաց նախաձեռնելու արգելք: Նորմի նշված մենբանությունն այնուամենայնիվ չի համընկնում ՔԿԱԳ գործակալության կողմից տրված մեկնաբանության հետ՝ հատկապես արտերկրում բնակվող քաղաքացիների համար քաղաքացիական կացության ակտերի գրառումը վերականգնելու գործընթացում առաջացնելով անհարմարավետություն:
«Այլեքս» փաստաբանական գրասենյակը լիահույս է, որ բարձրաձայնված խնդիրն իրավակիրառ պրակտիկայում կգտնի իր շուտափույթ լուծումը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital