29.02.2020թ.-ից ուժի մեջ է մտել Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, որն այսուհետ գործատուին պարտավորեցնում է նախքան աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելը աշխատողից բացատրություն պահանջել բացառապես նրան գրավոր պահանջ ներկայացնելու միջոցով:

Գործատուի համար նման պարտավորություն նախատեսելը բխում էր դատարաններում աշխատանքային վեճերի քննության ընթացքում ծագող խնդիրներից:
Կարգապահական տույժ նշանակելու մասին գործատուի որոշման իրավաչափության հարցը դատարանում քննարկման առարկա դարձնելիս, անհրաժեշտություն էր ծագում պարզելու՝ գործատուն պահպանե՞լ է արդյոք նախքան կարգապահական տույժ կիրառելը աշխատողից գրավոր բացատրություն ստանալու օրենսդրական պահանջը: Հատկանշական է, որ աշխատողից գրավոր բացատրություն պահանջած լինելու փաստն ապացուցելու պարտականությունը գործող օրենսդրությամբ կրում է հենց գործատուն: Քանի որ օրենսդրությամբ բացակայում էր բացատրություն ներկայացնելու պահանջն աշխատողին գրավոր ներկայացնելու ուղղակի կարգավորում՝ մեկնաբանվում էր, որ գործատուն բացատրություն կարող էր պահանջել նաև բանավոր կերպով: Արդյունքում նշված փաստական հանգամանքը պարզելու համար, որպես թույլատրելի ապացույց, դատարաններում ընդունվում էին ոչ միայն գրավոր, այլև բանավոր ապացույցներ (վկայի ցուցմունք):
Օրենսդրական նման կարգավորումը հաճախ չարաշահումների տեղիք էր տալիս և անորոշության պատճառ հանդիսանում: Դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուն, պարտավոր չլինելով ունենալ աշխատողից բացատրություն պահանջած լինելու մասին գրավոր ապացույց, պնդում էր, որ բացատրությունը պահանջել է բանավոր կերպով և, որպես նշված փաստը հիմնավորող ապացույց, վկայակոչում է վկա (ներ)ի ցուցմունքը: Վկայի կարգավիճակում, որպես կանոն, հանդես էին գալիս գործատուի աշխատակիցները, ովքեր, աշխատանքային կախվածություն ունենալով գործատուից, երբեմն տալիս էին իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քննարկվող կարգավորման անորոշությունը հաճախ իրավունքների չարաշահման տեղիք էր տալիս՝ վտանգելով աշխատանքային նման վեճերով իրական փաստական հանգամանքների բացահայտումն, իսկ որպես հետևանք՝ աշխատողների խախտված իրավունքների վերականգնումը: Նշված խնդիրներից խուսափելու համար էլ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ, որով սահմանվեց աշխատողին ուղղված բացատրություն ներկայացնելու պահանջը գրավոր ներկայացնելու գործատուի պարտավորությունը:
Այն դեպքում, երբ գործատուն չի պահպանի վերը նշված պահանջը, կամ չի պահպանի հիշյալ պահանջը կատարելու մասին ապացույցը, դատավարությունում կկրի դրա բացասական իրավական հետևաները:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital