2019 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունված օրենքով փոփոխություն է կատարվել 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետում, այն շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

հարկային գաղտնիք` հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ`
ա. հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,
բ. հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,
գ. հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,
դ. հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,
ե. հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններ ներկայացվող տեղեկությունների` այդ մարմիններ ներկայացնելու դեպքում,
զ. հարկ վճարողի կողմից հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա հայտարարագրված աշխատողների թվի վերաբերյալ տեղեկատվության,
է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,
ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,
թ. Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված` հրապարակման ենթակա տեղեկությունների:":

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital