Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2019 թվականի մայիսի 14-ին (այսուհետ` Վճռաբեկ դատարան) թիվ ՎԴ/3317/05/17 Վարչական գործով անդրադարձել է գրանցված ապրանքային նշանն անվավեր ճանաչելու համար սահմանված նյութական և դատավարական ժամկետների հարցին:

Գործի փաստերը հակիրճ.

  1. Մտավոր սեփականության գործակալության կողմից 26.07.2016 թվականին "Վիոլենտ" ՍՊԸ-ի անվամբ կատարվել է թիվ 24788 համարով  GUSTO DEL CAFFE ROBUSTA ապրանքային նշանի գրանցումը:
  2. "Փարիզյան սուրճ ֆակտորի" ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) 18-04-2017-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Մտավոր սեփականության գործակալության  26.07.2016 թվականին "Վիոլենտ" ՍՊԸ-ի անվամբ  GUSTO DEL CAFFE ROBUSTA թիվ 24788 համարով   ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին։
  3. Վարչական դատարանը և Վարչական վերաքննիչ դատարանը մերժել են ներկայացված հայցադիմումի ընդունումը: 

Իրավական հիմքերը.

  • ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
  • ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:
  •  "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները "Արդյունաբերական սեփականություն" պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից … հետո` 5 տարվա ընթացքում:

Այսինքն` մի կողմից առկա է դատավարական ժամկետ՝ 2 ամիս, մյուս կողմից նյութական իրավունքի նորմը սահմանում  է վիճարկման հնարավորություն 5 տարվա ընթացքում:

Եվ այսպիսով, ո՞ր ժամկետով պետք է առաջնորդվեն իրենց իրավունքների հնարավոր խախտումների պաշտպանություն ակնկալող անձինք:

Վճռաբեկ դատարանի իրավական հարցադրումները և եզրահանգումները.

1) ապրանքային նշանի գրանցումը "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նյութաիրավական հիմքերով անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցն ի՞նչ ժամկետներում կարող է ներկայացվել վարչական դատարան,

2) "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը պահպանված լինելու փաստը կարող է արդյո՞ք ինքնին (per se) հիմք հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու համար "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետն այն առավելագույն ժամկետային սահմանն է, որի ընթացքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքով սահմանված` առաջին հայացքից հակասական թվացող կարգավորումների միջև իրականում որևէ հակասություն առկա չէ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը և ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու համար "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետն ունեն զուգահեռ կիրառություն ու միմյանց հետ հակասության մեջ չեն մտնում:
Այսինքն՝ վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը բաց թողած անձը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն:
Դեռ ավելին՝ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը պահպանված լինելու փաստը չի կարող ինքնին (per se) հիմք հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար: Նշված փաստն ընդամենը հանդիսանում է այն նվազագույն պայմանը, որի առկայության դեպքում դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ձևով քննարկման առարկա դարձնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդության հիմքում դրված հանգամանքները և որոշել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառի` հարգելի լինելու կամ չլինելու հարցը:
Պետք է նշել, որ սույն գործով Ընկերության կողմից միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը մերժվել է և Վարչական դատարանի կողմից և Վարչական վերաքննիչ դատարանի կողմից:

Այսինքն` ընկերությունը դատարան դիմելիս պարտավոր էր պահպանել թե՛ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը, թե՛ վիճարկման հայցով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը, իսկ այդ երկամսյա դատավարական ժամկետը բաց թողնված լինելու դեպքում` այն վերականգնելու համար ներկայացնել միջնորդություն և գործի քննությունը կիրականացվի միայն դատարանի կողմից այն բավավարվելուց հետո :
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարան դիմելիս Ընկերությունը պահպանել է ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը: Սակայն Ընկերությունը չի պահպանել վիճարկման հայցով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը: Նման պայմաններում Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն. այս դատավարական պարտականությունն Ընկերության կողմից կատարվել է:
Թեև Ընկերության կողմից ներկայացվել է միջնորդություն , այնուհանդերձ միջնորդության մեջ Ընկերությունը որևէ կերպ չի փաստարկել և չի ապացուցել, որ` (ա) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել այդ դատավարական ժամկետը, կամ (բ) դատարան է դիմել վիճարկվող վարչական ակտի` "Վիոլենտ" ՍՊԸ-ի անվամբ թիվ 24788 համարով 26.07.2016 թվականին կատարված ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկանալուց հետո երկու ամսվա ընթացքում:
Ամփոփելով Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման, ինչն էլ հանգեցնում է Ընկերության հայցադիմումի ընդունումը մերժելուն, իսկ "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված 5 տարվա ժամկետը չի երաշխավորում դատական քննության հնարավորություն:
Ուստի Ընկերության Վճռաբեկ բողոքը մերժվել է և վեճն ըստ էության չի քննվի ՀՀ դատական համակարգում:

Մեր գնահատականը.

Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ նշել է, որ "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը պահպանված լինելու փաստը ինքնին (per se) հիմք չի կարող հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար:
Այսինքն` թեև "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի քննարկման արդյունքում այդ նշանի՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում, այնուհանդերձ դատավարական այլ ժամկետի առկայությունը պահանջում է դիմողից նախ հիմնավորել, թե ինչու է հայցը ներկայացվել գրանցումից 2 ամիս հետո, և դեռ դա էլ բավարար չէ, դատարանը կարող է մերժել քննել գործն ընդհանրապես, եթե 2 ամսյա ժամկետի բացթողումը համարի ոչ հիմնավոր: Այս գործը հենց ապացույցն է այն փաստի, որ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջը Ապրանքային նշանների մասին օրենքով սահմանված 5-ամյա պաշտպանության իր իրավունքից օգտվելու հնարավորություն չի տրվում:
Կարծում եմ օրենքի այսպիսի կիրառելիությունը, նախ և առաջ չի բխում մտավոր սեփականության իրավունքների ընդհանուր հայեցակարգից և հետո անհիմն սահմանափակում է գրանցված իրավունքներ ունեցող անձանց՝ իրենց իրավունքների Կոնվենցիաներով և օրենքներով երաշխավորվող դատական պաշտպանության իրավունքը հետևյալ հիմքերով.
Հայաստանը վավերացրել է Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան / Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 25-ից:/
Կոնվենցիայի 6 bis հոդվածով ուղղակիորեն սահմանված է “”նշանը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներկայացման համար տրամադրվում է ժամկետ հինգ տարուց ոչ պակաս, որը հաշվարկվում է նշանի գրանցման ամսաթվից:””
Այսինքն հնգամյա ժամկետը Կոնվենցիայով գործող ուղղակի իրավունք է, և չի կարող դրա կիրառելիությունը սահմանափակել ներպետական ձևական դատավարական ժամկետներով, հատկապես եթե հաշվի առնենք, որ Կոնվենցիայով սահմանված նորմերն ունեն գերակայություն ներպետական օրենսդրության նկատմամբ…

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital