2019 թվականի ապրիլի 19-ին ընդունված օրենքով լրացումներ է կատարվել Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքում:
Մասնավորապես հստակեցվել է շահույթի բաշխման հարցը:
Համաձայն օրենքի 24 հոդվածի Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
24-րդ հոդվածը լրացվել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
"4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:":
Դրույթը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո /06.05.2019թ/շահութաբաժինների վճարման մասին ընդունված որոշումների վրա:
Նախատեսվել է առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատիրոջ կողմից արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրելու իրավունք:
Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել հետևյալ խմբագրությամբ.
"2. Եթե ընկերությունում ձևավորվել է խորհուրդ, ապա արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, ընկերության գործադիր մարմնի կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով: Ընկերությունում խորհուրդ չձևավորվելու դեպքում արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության գործադիր մարմնի կողմից` սեփական նախաձեռնությամբ կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով:
Պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով արտահերթ ընդհանուր ժողով գումարվելու դեպքում ժողովի գումարման ձևը և օրակարգը սահմանում է (են) այն գումարելու պահանջը ներկայացրած մասնակիցը (մասնակիցները):
Եթե պահանջում նշված ժամկետում իրավասու մարմինն արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, ապա արտահերթ ընդհանուր ժողովը կարող են գումարել ժողովի գումարման մասին պահանջ ներկայացրած անձինք: